2016-ը խորհրդանշող թռչուն ճանաչվեց Սովորական հողմավար բազեն

2016-ը խորհրդանշող թռչուն ճանաչվեց Սովորական հողմավար բազեն

ԷկոԼուր

«Տարվա թռչուն» ամենամյա հասարակական քվեարկության արդյունքում 2016-ը խորհրդանշող թռուն ճանաչվեց Սովորական հողմավար բազեն (Falco tinnunculus):

«Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների եւ նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին:

Ինչպես նշված է «Հայաստանի Թռչունների Պահպանման Միության» ԷկոԼուրին ուղարկած տեղեկատվության մեջ, «Տարվա թռչնի» թեկնածու թռչունները հինգն էին` Սպիտակ խաղտտնիկը, Սովորական հողմավար բազեն, Ժուլանը, Փոքր ձկնկուլը և Տնային բվիկը: Լավագույն եռյակում հայտնվեցին Սովորական հողմավար բազեն (1008 ձայն), Սպիտակ խաղտտնիկը (456 ձայն) և Ժուլանը (451 ձայն): Հարցմանը մասնակցել են 2307 հոգի ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից:

Սովորական հողմավար բազեն իր չափերով աղավնու մեծության թռչուն է: Մարմնի ընդհանուր երկարությունը 32-35 սմ է, թևերի բացվածքը՝ 71-80  սմ, իսկ ընդհանուր զանգվածը կազմում է 120-280 գ: Էգն ու արուն իրարից տարբերվում են գլխի գունավորմամբ և փետրածածկով: Արուի գլուխն ու պոչը բաց մոխրագույն է, փետուրների ընդհանուր գունավորումը՝ դարչնագույն, մեջքի վրա առկա են սև պտեր, իսկ կոկորդի հատվածը ունի փետուրների գունավորման ավելի բաց երանգ: Պոչի ծայրամասում ունի սև շերտ, որի վրա առկա են սպիտակ բծեր: Էգի գլուխն ու մարմնի վերին հատվածը կարմրադարչնագույն է: Ի տարբերություն արուների՝ նրանց թափահարողները մուգ դարչնագույն են: Պոչը շագանակագույն է, որի վրա առկա են մուգ բծեր: Երիտասարդ առանձնյակները իրենց գունավորմամբ նման են էգերին, սակայն ի տարբերություն էգերի նրանց թափահարողներն ավելի կարճ են և ավելի կլորավուն: Ունի սուր ձայն: Այս թռչնատեսակը լայնորեն տարածված է Եվրոպայում, Ասիայում (արևմտյան տարածքներում) և Աֆրիկայի հյուսիսում:

Հայաստանում այս թռչնատեսակին կարելի է հանդիպել ամբողջ տարվա ընթացքում: Նրանց համար առավել նախընտրելի է կիսաանապատային, լեռնատափաստանային, ենթալպյան տարածքները կարելի է հանդիպել նաև գետաձորերի, հաճախ՝ բնակավայրերի մոտ: Սովորական հողմավար բազեն հիմնականում սնվում է կրծողներով՝մկներով, սակայն երբեմն որսում է չղջիկներ, մողեսներ, գորտեր, միջատներ և անձրևաորդեր: Հազվադեպ որսում է ճնճղուկների և աղավնու ձագերի: Այս տեսակը բույն չի կառուցում. որպես բույն նա օգտագործում է ծառի կեղևը, ժայռերը, երբեմն այլ թռչունների կողմից արդեն իսկ պատրաստված բները: Բնադրման շրջանը նրանց մոտ սկսվում է ապրիլ ամսից և ավարտվում է մայիսին: Դնում են հիմնականում 3-6 ձու, թխսում են երկու ծնողները մոտավորապես 4 շաբաթ: Ձագերը սկզբնական ժամանակ ունենում են ամբողջովին սպիտակ գունավորում, ընդ որում սպիտակ է լինում նաև նրանց կտուցը: Աստիճանաբար գունավորումը մգանում է: Մեկ ամիս անց բազեի ձագերը փետրավորումն ամբողջանում է, և նրանք կարողանում են թռչել, սակայն դեռ շարունակում են մնալ ծնողների հետ և սովորում որսի գաղտնիքները: Բնադրման հաջորդ սեզոնին ձագերը լինում են արդեն սեռահասուն: Այս թռչունների կյանքի առավելագույն տևողությունը 22-24 տարի է:

Հողերի ինտենսիվ յուրացումը գյուղատնտեսական նպատակներով և թունաքիմիկատների օգտագործումը, բացասական է ազդում ինչպես վերարտադրողական ունակությունների, այնպես էլ անմիջապես հասուն թռչունների վրա:

18:27 Հունվար 22, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news