ԷկոԼուր
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի` մոտ մեկ տարի առաջ խոշոր հրդեհից այրված տարածքների 80 տոկոսը վերականգնվել է: Այս մասին լրագրողներին ասաց արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը «Բնապահպանի օրվա» առթիվ Խոսրովի արգելոց այցի ժամանակ:
«Առանց մարդկային միջամտության բնությունը վերականգնվում է: 2200 հեկտարի վրա չեն վերականգնվել միայն գիհիները, որոնք ամբողջությամբ էին այրվել և ուշ են վերականգնվում` 30 տարվա ընթացքում: Մարդկային միջամտությունը չի թույլատրվում արգելոցային ռեժիմով: Բայց եթե մենք տեսնենք, որ այն, ինչ կորցրել ենք, բնության մեջ չի վերականգնվում, կաշխատենք գիտական ճանապարհով դա անել, ինչը մեզ թույլատրված է: Մենք հուսով ենք, որ դրա կարիքը չի լինի: Նման հրդեհ եղել էր նաև 1970-ականներին, գիհիներն այրվել էին, բայց այդ տարածքում հիմա գիհիների անտառ է», - ասաց Հրաչյա Հովակիմյանը:
Արգելոցի տնօրենի խոսքով` կենդանական աշխարհը հրդեհից գրեթե չի տուժել, ասում է. «Մի գյուրզա տեսակի օձ և մորեխներ են այրվել: Կրծողներին, մնացած կենդանիներին ոչ մի վնաս չի եղել: Եթե այս տարածքից կենդանիները փախած լինեին, կենդանի չլիներ, հովազը կգա՞ր: 2017թ-ի հունվարին ֆոտոթակարդները ֆիքսել էին հովազին, երեկ նորից հանել ենք նկարները, հովազը նորից տարածքում է»:
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը կենսաբազմազանության առումով աշխարհի բառացիկ վայրերից մեկն է: Խոսելով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման քաղաքականության մասին` նախարարն ասաց, որ պետք է հստակեցվեն այդ տարածքների սահմանները: «Մեր անտառային և հատուկ պահպանվող տարածքների համար առաջնային քայլերից մեկն է` սահմանազատել, ստանալ կադաստրային սեփականության վկայականներ, որպեսզի որևեիցե ոտնձգություններ այդ տարածքների նկատմամբ չլինեն», - նշեց Էրիկ Գրիգորյանը` հավելելով, որ գործընթացն արդեն սկսվել է:
Ներկայացնում ենք Խոսրովի արգելոցի լուսանկարները` հրդեհից մոտ մեկ տարի անց (լուսանկարներն արվել են հրդեհի ամենաթեժ վայրում, որտեղ հրդեհը հաջողվեց մարել ռուսական «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռի օգնությամբ):
Հունիս 06, 2018 at 16:04