Ամուլսարը կարմիրգրքյան «Ապոլոն» թիթեռի բնադրավայր չէ. բնապահպանության նախարարը ներկայացրեց 1-օրյա ուսումնասիրության արդյունքները

Ամուլսարը կարմիրգրքյան «Ապոլոն» թիթեռի բնադրավայր չէ. բնապահպանության նախարարը ներկայացրեց 1-օրյա ուսումնասիրության արդյունքները

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը Ամուլսարի հանքավայրի տարածքում իրականացրած 1-օրյա ուսումնասիրության արդյունքում չի հայտնաբերել Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակ» բուսատեսակը և Կարմիր գրքում գրանցված «Ապոլոն» տեսակի թիթեռի ձվադրման կերաբույսը (ըստ ՀՀ Կենդանիների Կարմիր գրքի` այս թիթեռը ձվադրում է թրթուրների կերաբույս` Sedum caucasicum–ի շուրջը` սուբստրատի վրա):

«Իմ հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի մեջ ներգրավվել էին ՀՀ ԳԱԱ-ի, բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տեղամասի ղեկավարը, որը հանդիսացել է ստուգումների գործընթացի ղեկավար, նաև ընդգրկվել են WWF-Հայաստանի աշխատակիցները` Կարեն Մանվելյանի գլխավորությամբ, այն անձինք, որոնք գտել էին այդ տեսակները: Ներգրավվել է նաև Մոսկվայի պետական համալսարանից Դանչենկոն, որը Հայաստանի բույսերի Կարմիր գրքի թիթեռների բաժնի ղեկավարն է` 40 տարվա փորձով: Այս ամբողջ խումբը եղել է այդ վայրում ամսի 4-ին, ուսումնասիրությունները կատարել են, բերել են արձանագրություններ, որ այս հատվածում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է այդ թիթեռը, և չի կարող հանդիսանալ տվյալ վայրը թիթեռի բնադրավայր: Բացի այդ, տրվել են այլ եզրակացություններ, որ խոնավությունը նույնպես բավարար չէ թիթեռի ապրելու համար: Մենք լրացուցիչ նաև երկրորդ մոտեցումն ենք իրականացրել. ԱԻՆ-ից վերցրել ենք վերջին 5 տարիների ջերմային ֆոնը գագաթում հաշվարկված, որ ուսումնասիրենք, արդյոք այդ ջերմաստիճանի պայմաններում թիթեռի ձվադրման համար բավարար կոմուլյատիվ ջերմաստիճան կա: Սա նույնպես բացասական եզրակացություն է ստացել: Ֆիքսվել է, որ բույսը «Ոզնաթուփ մեխակը» չէ, սակայն այնտեղ կան այդ ընտանիքի պատկանող այլ բույսեր լայն տարածված, այդ բույսն է ֆիքսվել, և այն կարմիրգրքային չէ: Սա նախնական տեղեկատվություն է, որը մենք կփոխանցենք բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին», - ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը պաշտոնավարման 100-օրյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հարցին` կարելի է արդյոք 1-օրյա ուսումնասիրությունը համարել լուրջ դաշտային ուսումնասիրություն, Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե, համաձայն եմ, որ կարիք կլիներ լրացուցիչ ուսումնասիրությունների հետագայում»: Տեղացիները ուսումնասիրություններին ներգրավված չեն եղել:

Հիշեցնենք, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ Ամուլսարի տարածքում ստուգումներ իրականացնելիս խախտումներին զուգահեռ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակ» բուսատեսակ և «Ապոլոն» տեսակի թիթեռ: Նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա տեսչական մարմինը բնապահպանության նախարարությանն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:

19:12 Սեպտեմբեր 07, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news