ԷկոԼուր
«Ձկան և խեցգետնի որսի դեմ պայքարի արդյունավետությունը 10 բալանոց սանդղակով գնահատելու դեպքում 2016 թվականի արդյունքը ես կգնահատեմ մինչև 7 բալ: Եթե մեզ այս տարի հաջողվի ունենալ նախորդ տարվա ցուցանիշը, ապա էանորեն դրական արդյունք կստանանք»,- լրագրողներին տված հարցազրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ՀՀ Գեղարքունքի մարզում, որտեղ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն Սևանա լճում ձկնորսության արգելքի միջոցառումների անցկացման վերաբերյալ։
««Սևան» ազգային պարկին հանձնարաված է, որպեսզի միջոցառումները իրականացվեն հավուր պատշաճի՝ դուրս բերելու համար թ՛ե լողամիջոցները, թ՛ե իրականացնելու րոպեական հսկողություն: Միաժամանակ ոստիկանության և տեսչական մարմնի հետ համատեղ միջոցառումների ծրագիր է նախատեսվել՝ ունենալու համար շարժական և անշարժ հսկողության կետեր, ինչպես նաև կատարելու պարբերաբար այցելություններ, որպեսզի կարողանանք ապահովել ձկնատեսակների բնական վերարտադրությունը: Շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու բոլոր այն անձիք, ովքեր ներգրավված են ձկան իրացման շղթայում»,- ասաց Բնապահպանության նախարարը։
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը՝ նշեց, որ իրենք այս տարի շարունակելու են ավելի ուժեղ տեմպերով հսկողությունը՝ ձկնապաշարների կայուն աճ ապահովելու համար: «Ես երեկ ստորագրել եմ հրաման՝ խստացնելու հսկողությունը ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլ ամբողջ հանրապետության տարածքում՝ Երևանում մասնավորապես: Լինելու են տեսուչներ, ովքեր իրացման կետերում կատարելու են շրջայցեր ոստիկանության հետ համատեղ: Իրականացվելու է ամենօրյա հսկողություն»,- ասաց Եղիշ Տերտերյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահապանության նախարարի հրամանով 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում արգելված է ձկան և խեցգետնի որսը:
Դեկտեմբեր 20, 2017 at 20:25