Հայաստանի գետերում առանձին ձկնատեսակների պաշարները աստիճանաբար նվազում են

Հայաստանի գետերում առանձին ձկնատեսակների պաշարները աստիճանաբար նվազում են

ԷկոԼուր

Հայաստանի գետերում առանձին ձկնատեսակների պաշարներն աստիճանաբար նվազում են: Մասնավորապես խոսքը գետերի վերին հոսանքներում բնակվող կարմրախայտի, կողակի, արևելյան տառեխիկի և Կուրի բեղաձկան մասին է: «Մենք այսօր Հայաստանում խնդիր ունենք առանձին ձկնատեսակների պաշարների զրոյացման, քանի որ մարդն իր տնտեսական գործունեության ընթացքում դեպքերի մեծ մասում իրապես չի գնահատել այն ռիսկերը, որոնք կարող են անմիջականորեն ազդել բնության վրա,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, ձկնաբան Սամվել Պիպոյանը,- իսկ այնտեղ, որտեղ մարդկային ազդեցության գործոնը դեռ թույլ է, ձկների ավելի մեծ տեսակային կազմ ու քանակություն կա»:
Մասնագետն առանձնացրեց այն գործոնները, որոնք անմիջականորեն ազդում են ձկնային պաշարների վրա: Դրանցից մեկը ձկնագողությունն է էլեկտրահարության և ձկնորսության արգելված այլ միջոցներով: «Այսօր շատ տարածված է որսալ էլեկտրահարությամբ: Արդյունքում գետում ոչնչանում են ինչպես միջին ու խոշոր ձկները, որոնց սովորաբար հավաքում են վայ-ձկնորսները, իսկ մանր ձկները կամ սատկում են, կամ վնասվում՝ ֆիզիակական տարբեր վնասվածքներ ստանալով և հետագայում անընդունակ լինելով բնականոն կենսագործունեության և բազմանալու համար»:

Մյուս վտանգավոր գործոնը փոքր ՀԷԿ-երի ազդեցությունն է: «Սկսած ՓՀԷԿ-երի շինարարության վաղ փուլերից` ձկները հանդիպում են բազմաթիվ անբարենպաստ ազդեցությունների և արգելքների: Ամբողջովին փոխվում է գետի հունը, բազմաթիվ նստվածքային ապարներ են արտամղվում գետ, ջուրը պղտորվում է և ստեղծվում են անբարենպաստ պայմաններ այնտեղ ապրող ձկների համար»,- ասաց նա:

Փոքր ՀԷԿ-երի շահագործման փուլում բնապահպանական թողքն այնքան քիչ է, որ գետը նմանվում է փոքր առվակի, որտեղ ձկան լուրջ պաշար չի կարող ապրել: Խնդիր են նաև ՓՀԷԿ-ի պատվարի շահագործումից առաջացած լճակները, որոնց ջրի ջերմաստիճանն էականորեն տարբերվում է գետի հոսող ջրի ջերմաստիճանից: Արդյունքում խաթարվում է գետում բնակվող ձկների, մասնավորապես կարմրախայտի բնականոն միգրացիան և կենսակերպը: Միաժամանակ, ձկների կենսաբանական և ֆիզիկական առանձնահատկություններին անհամապատասխան կառուցված ձկնանցարանները թույլ չեն տալիս ձկներին բարձրանալ գետերի հոսքն ի վեր կամ վար` բազմանալու, ձմեռելու և սնվելու համար:

Ձկների բնականոն կենսագործունեության համար էական վտանգ է ներկայացնում նաև ջրամբարաշինությունը, երբ արհեստական ջրամբարներում բնակվող ձկները զանգվածային կերպով կարող են ոչնչանալ կամ ջրի պաշարների կտրուկ նվազման /ինչպես ամիսներ առաջ դա տեղի ունեցավ Ախուրյանի ջրամբարում/, կամ այստեղ տարածման ավելի մեծ հավանականություն ունեցող մակաբույծներով վարակվելու դեպքում: Մասնավորապես, վերջին տարիներին Հայաստանի մի շարք ջրամբարներում նկատվել է տափակ որդերի տիպին պատկանող Ligula intestinalis փոկորդի կողմից ծածանազգի առանձին ձկնատեսակների` արևելյան տառեխիկի, արծաթափայլ կարասի, կողակի, մանրաթեփուկի և մյուսների զանգվածային ախտահարում: Վերոգրյալ մակաբույծի վերջնական տերն են առանձին ձկնակեր թռչուններ, մասնավորապես որորները, որոնց աղիքաստամոքսային տրակտում որդերը, ապրելով ընդամենը 2-4 օր, հասունանում են և ձվադրում: Ձվերը թռչունների ծերտի միջոցով ընկնում են ջրի մեջ, որտեղ նրանց կարող են կուլ տալ ջրային մանր խեցգետնակերպերը` կիկլոպները, ջրալվերը: Այստեղ ձվերից դուրս են գալիս փոկորդի թրթուրները և սնվում իրենց տիրոջ օրգանիզմի հաշվին: Որոշ ժամանակ անց, երբ վարակված խեցգետնակերպերով սնվում են ծածանազգի ձկնատեսակների մանրաձկները, վերջիններս իրենց հերթին վարակվում են փոկորդի թրթուրներով, որոնք բավական երկար ժամանակ, անգամ մի քանի տարի, կարող են ապրել ձկների աղիներում` սնվելով այնտեղ գտնվող սննդանյութերով: Փոկորդով վարակված ձկները համարվում են լիգուլյոզով հիվանդ: Նման ձկները սովորաբար լավ տարբերվում են մյուսներից և ունեն մեծ փորիկ, սկսում են վատ լողալ, բարձրանում են ջրի մակերես, չեն վախենում իրենց թշնամիներից և չեն փախչում նրանցից: Այս ձկների մոտ փոկորդերը հասնելով խոշոր չափերի, զրկում են ձկներին մի կողմից բազմանալու հնարավորությունից, մյուս կողմից նրանց հեշտ որս են դարձնում ձկնակեր թռչունների համար: Արդյունքում, լիգուլյուզով հիվանդ ձկները ոչնչանում են առանց սերունդ թողնելու, ինչն էլ բնականաբար ազդում է նրանց պաշարների վրա:

«Վերջին ժամանակաշրջանում լիգուլյուզով զանգվածային վարակման դեպքեր են գրանցված Ապարանի, Ախուրյանի, Կեչուտի, Երևանի ջրամաբարներում, որտեղ վարակված ձկներն են հիմնականում արծաթափայլ կարասը և արևելյան տառեխիկը: Լիգուլյոզով հիվանդ կարասներ հաճախ հայտնաբերվում են նաև Սևանա լճում և նրա մեջ թափվող գետերում: Նախկինում այստեղ լիգուլյոզով վարակված էին հիմնականում Սևանի կողակները, իսկ Սևանի իշխանը, բարեբախտաբար, մակաբույծի այս տեսակով չի վարակվում»,- ասաց Սամվել Պիպոյանը:

Լուսանկարը` Սամվել Պիպոյանի

Նոյեմբեր 22, 2017 at 18:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր