ՊԱՀՊԱՆԵ՞Լ ՄԱԳԵԼԻ ՔԱՐԱՆՁԱՎԸ ՈՐՊԵՍ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ, ԹԵ՞ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՊԱՀՊԱՆԵ՞Լ ՄԱԳԵԼԻ ՔԱՐԱՆՁԱՎԸ ՈՐՊԵՍ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ, ԹԵ՞ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԷկոԼուր

Մագելի քարանձավում տուրիստական երթուղիների կազմակերպման վերաբերյալ նախագիծը թերի է, իսկ հասարակական լսումները կարող են համարվել ընդամենը նախնական քննարկումներ: Նման կարծիք հայտնեց Մագելի քարանձավի բարեկարգման ծրագրի  քննարկման մասնակիցների մեծամասնությունը: Ծրագիրը բնապահպանական փորձաքննություն է ներկայացրել «Ինկար»  ընկերությունը: Արենի գյուղում փետրվարի 18-ին լսումները կազմակերպել էին «Ինկար» ՍՊԸ-ն եւ ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Ընկերությունը մտադիր է տուրիստական էքսկուրսիաներ կազմակերպել քարանձավում, ինչի համար պատրաստվում է շինարարական աշխատանքներ կատարել, ընդլայնել մուտքը, բետոնապատել հատակը, էլեկտրական լուսավորություն անցկացնել, աստիճան կառուցել: Չի բացառվում, որ էքսկուրսիաների համար կկառուցվեն նաեւ առանձին օբյեկտներ:

Մագելի քարանձավը գտնվում է Նորավանքի կիրճում եւ իրենից ներկայացնում է միմյանց կապված մի քանի կարստային քարանձավներ: Քարանձավ մտնելու մի քանի մուտք կա, բայց նրանց մի մասը լցված է քարերով, իսկ մի մասը անհասանելի է: Իսկ հասանելի մուտքն արդեն մի քանի տարի գտնվում է Նորավանքի Խնամակալի հսկողության ներքո: Նման կոչում է ստացել էկոլոգներից տեղի բնակիչ Վարդգես Կարախանյանը, ով հասարակական սկզբունքներով օգնում է պահպանել Նորավանքի զարմանալի բնությունը:

Քարանձավները տուրիզմի համար լավ օբյեկտ են: Միաժամանակ, յուրաքանչյուր քարանձավն իրենից ներկայացնում է բարդ եւ ծայր աստիճան առանձնահատուկ էկոհամակարգ: Մագելի քարանձավում է բնակվում չղջիկների 8 տեսակ, որոնցից 6 տեսակն ընդգրկված են Կարմիր Գրքում: «Ոչ մի դեպքում չի կարելի բացել քարանձավը տուրիստների համար, մինչեւ չվերականգնվի այնտեղ գոյություն ունեցող չղջիկների պոպուլիացիան,- ասում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը,- մենք հազիվ ենք փրկել նրանց վերջնական ոչնչացումից: Անընդհատ քարանձավ էին մտնում, վառում էին պլաստմասե շշեր եւ նետում քարանձավի մեջ: Մենք այն մաքրել ենք եւ ճաղավանդակով փակել մուտքը: Այժմ քարանձավում միայն ձեռնաթեւավորների քանակի մոնիտորինգ ենք անցկացնում, որպեսզի չվախեցնենք գաղութին»: Ղասաբյանի խոսքերով` սիրողական քարանձավագետների քարանձավ այցելելուց հետո քարանձավում հաշվվել է ընդամենը մի քանի տասնյակ ձեռնաթեւավոր, որոնք մնացել են 10 հազարանոց գաղութից: Հիմա 700-800-ն են: (Տես լուսանկարները)

Ձեռնաթեւավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանը նշեց այդ կենդանիների կարեւորությունը ոչ միայն կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից, այլ նաեւ վնասատուների դեմ պայքարի տեսանկյունից: «Չղջիկները թռչուններից վերցրեցին միջատների ոչնչացման էստաֆետան: Յուրաքանչյուր չղջիկ մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացնել մինչեւ 500 միջատ: Ահա եւ հաշվեք, թե ինչ կստանաք, եւ ինչից կարող եք զրկվել,- ասաց նա,- քիմիան վնասատուների դեմ պայքարի ամենալավ միջոցը չէ»:

Նախագծի հեղինակ Սմբատ Դավթյանը վստահեցրեց, որ շինարարական աշխատանքները չղջիկներին վնաս չեն պատճառի: «Մենք զգույշ կաշխատենք, առանց աղմուկի»,-ասաց նա: «Առանց աղմուկի՞, ինչպե՞ս ձեզ կհաջողվի աշխատել առանց աղմուկի, եթե դուք քանդեք պատերը, մեծացնեք մուտքը: Հենց աշխատանքները սկսվեն, չղջիկները կանհետանան»,- առարկեց Ղասաբյանը: Էկոլոգների անհանգստությունը նաեւ պայմանավորված է նրանով, որ ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների  պահպանության գործակալությունը, որը իրավաբանական պատասխանատվություն է կրում Մագելի քարանձավի համար, նրա պահպանման համար իրական մեխանիզմների չի տիրապետում: Խնամակալ Վարդգես Կարախանյանը կտրականապես անհամաձայնություն հայտնեց նախագծին: «Դուք այստեղ կգաք, գումար կաշխատեք եւ կգնաք, իսկ մենք կկորցնենք այն, ինչ ունենք,- ասաց նա,- կան այլ քարանձավներ, ավելի հրապուրիչ, եւ որտեղ արդեն վաղուց չղջիկներ չկան, քանի որ վերացել են: Տուրիստներին այնտեղ տարեք, կառուցեք, այն էլ որ դրանք հուշարձանի կարգավիճակ չունեն»:

«ԷկոԼուր»-ի հարցին, թե ինչով է պայմանավորված հենց այս քարանձավի ընտրությունը, Սմբատ Դավթյանը պատասխանեց. «առավել շահավետ պայմաններով»:

Արենիի գյուղապետ Ժիրայր Եղյանի կարծիքով` ընկերության ծրագիրը  գրավում է նրանով, որ իրենց առաջարկում են աշխատատեղեր եւ տուրիզմի ակտիվացում, որից գյուղը եկամուտ ունի, քանի որ արտադրում է գինի հայտնի «Արենի» բրենդով: Սակայն, հարկ է գնահատել նաեւ գյուղատնտեսության համար հնարավոր ռիսկերը, կարծում է Եղյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Նազիկ Մկրտչանը կարծում է, որ նախագծում պետք է ներկայացվի գործունեության վերլուծությունը եւ օգուտների հաշվարկը:

Բացի այդ, Մագելի քարանձավը գտնվում է Գնիշիկ համայնքի վարչական տարածքում, որի ներկայացուցիչներն ընդհանրապես հրավիրված չէին հասարակական լսումներին:

Այդպիսով, որոշում ընդունվեց այդ լսումները համարել նախնական լսումներ եւ նորից լսումներ անցկացնել` հաշվի առնելով առկա դիտողությունները եւ առաջարկությունները:

Փետրվար 21, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր