2018 թ-ի Վայրի բնության համաշխարհային օրվա թեման մեծ կատուներն են

2018 թ-ի Վայրի բնության համաշխարհային օրվա թեման մեծ կատուներն են

ԷկոԼուր

Մարտի 3-ին աշխարհը նշում է Վայրի բնության համաշխարհային օրը: Այս օրը նշելու որոշումը ընդունվել է 2013 թ-ի դեկտեմբերի 20-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում: Օրվա ընտրությունը պատահական չէ: 1973 թ-ին այդ օրը Վաշինգտոնում ընդունվել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան:

2018 թ-ի այս օրվա թեման է` «Մեծ կատուներ. գիշատիչները սպառնալիքի տակ են»: Մեծ կատուները աշխարհի ամենատարածված կենդանիներից են: Սակայն այսօր այս գիշատիչները բախվում են մի շարք սպառնալիքների հետ, որոնք հիմնականում պայմանավորված են մարդկային գործունեությամբ: Նրանց պոպուլյացիան նվազում է մեծ տեմպերով: Դա կապված է բնակավայրի կորստի, որսագողության, մարդկանց հետ կոնֆլիկտների, անօրինական առևտրի հետ:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն` վերջին 100 տարվա ընթացքում վագրերի պոպուլյացիան նվազել է 95 տոկոսով, իսկ աֆրիկյան առյուծներինը` 40 տոկոսով ընդամենը 20 տարվա ընթացքում:

«Վայրի բնության համաշխարհային օրը ես կոչ եմ անում աշխարհի բոլոր ժողովուրդներին ուշադրություն դարձնել այս թեմային և սեփական գործողությունների միջոցով նպաստել մեծ կատուների գոյատևմանը և մոլորակի ամբողջ անգին և փխրուն կենսաբանական բազմազանության պահպանմանը», - հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը:

Նշենք, որ այսօր Հայաստանում կա մեծ կատվի ընդամենը մեկ տեսակ` առաջավորասիական ընձառյուծը, որն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում:

Լուսանկարը` www.wildlifeday.org

 

Մարտ 02, 2018 at 19:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր