WWF-Հայաստանի մասնագետների գնահատմամբ` ընձառյուծների քանակը Հայաստանում կարող է ավելանալ

WWF-Հայաստանի մասնագետների գնահատմամբ`   ընձառյուծների քանակը Հայաստանում կարող է ավելանալ

ԷկոԼուր

Հայաստանում ապրում է Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում գրանցված Կովկասյան ընձառյուծի 7-9 առանձնյակ: WWF-Հայաստանի մասնագետների գնահատմամբ` ընձառյուծների քանակը Հայաստանում կարող է ավելանալ, քանի որ ավելացել է նրանց կերային բազան: Կովկասյան ընձառյուծի համար կեր են ծառայում բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, այծյամը, գորշուկը:

«Հիմա իրավիճակն ավելի բարվոք է, նույն բեզոարյան այծերի թվաքանակը Հարավային Հայաստանում բավականին աճել է: Սա դրական և հուսադրող միտում է, որ կենդանին կվերադառնա»,- ասաց WWF-Հայաստանի «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում անցկացված «Ընձառյուծի հետքերով» տեղեկատվական արշավի ժամանակ: Արշավը կազմակերպել էր WWF-Հայաստանը` լրագրողներին ծանոթացնելու ընձառյուծի պահպանմանն ուղղված միջոցառումներին:

«Հայաստանի տարածքի համար մաքսիմալ տարողունակությունը հաշվարկվում է մինչև 20 ընձառյուծ: Այս կենդանին ապրում է քարքարոտ, ժայռոտ միջավայրում, և այդ տարածքները որոշակի չափով կրճատվում են: Տեսական հաշվարկներով՝ ընձառյուծի յուրաքանչյուր առանձնյակ զբաղեցնում է շուրջ 30.000 հեկտար տարածք: Եթե այն տարածքները, որոնք հարմարավետ են նրա ապրելու համար, բաժանում ենք, ստացվում է, որ Հարավային Հայաստանում թիվը չի կարող է գերազանցել 15-20 առանձնյակը»,- ասաց Արսեն Գասպարյանը: Ըստ նրա` Հայաստանում ընձառյուծի պոպուլացիայի ավելացման և պահպանման համար հարկավոր է ընդլայնել կամ ստեղծել նոր հատուկ պահպանվող տարածքներ, թույլ չտալ, որ նրա կերային բազան նվազի: «Նաև առաջնային խնդիրներից է, որպեսզի պետական տեսչությունն ավելի արդյունավետ աշխատի և կանխարգելի որսագողության դեպքերը», - ասաց նա:

Արշավի շրջանակներում WWF-Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մալխասյանը Խոսրովի արգելոցում տեղադրեց հերթական ֆոտոթակարդը: Ընձառյուծի պահպանման և մոնիտորինգի համար WWF-Հայաստանը Խոսրովի արգելոցից մինչև Զանգեզուր կենսոլորտային համալիր ընկած ընձառյուծի միգրացիոն ուղիներում տեղադրել է շուրջ 100 ֆոտոթակարդ: Վերջին անգամ ֆոտոթակարդը ֆիքսել է ընձառյուծի ձագի Զանգեզուր կենսոլորտային համալիրի «Արևիկ» ազգային պարկում 2017թ-ի փետրվարին:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Ռաֆիկ Պետրոսյանն էլ հայտնեց, որ, աշխատակիցները ընձառյուծ վերջերս են տեսել Խոսրովի արգելոցում:

Ընձառյուծի պոպուլացիայի հիմնական կրողը Իրանն է, այնտեղ հաշվարկվում է 500-800 ընձառյուծ: Կովկասյան տարածաշրջանում այս կենդանու պոպուլացիայի անկում դիտարկվել է ԽՍՀՄ տարիներին՝ 1940-70-ական թթ-ին, երբ նա դեռ չէր համարվում պահպանվող տեսակ և ակտիվորեն որսվում էր: Ընձառյուծի պոպուլացիայի անկման պատճառներից է նաև նրա ապրելավայրերի կորուստը, կերային բազայի նվազումը:

WWF-Հայաստանը 2002 թվականից իրականացնում է Հայաստանում Կովկասյան ընձառյուծի պահպանման ծրագիր:

18:10 Մայիս 02, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news