Ջերմուկի ավագանին մերժեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջարկը՝ վերացնել համայնքի տարածքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու որոշումը

Ջերմուկի ավագանին մերժեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջարկը՝ վերացնել համայնքի տարածքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու որոշումը

ԷկոԼուր

Հունվարի 31-ի արտահերթ նիստին Ջերմուկի ավագանին մերժեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկը՝ վերացնել համայնքի տարածքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին նախկինում ընդունած որոշումը:


Ավագանու 11 անդամներից նիստին ներկա էին 6-ը: ԷկոԼուրի հետ զրույցում ավագանու անդամներ Հասմիկ Սարգսյանը և Արտուշ Սիմոնյանը նշեցին, որ ներկա 6 անդամները միաձայն որոշեցին մերժել այդ առաջարկը: «Չգիտենք հետո ինչ կլինի, բայց մենք դրա հետ համաձայն չենք: Մեր դիրքորոշումը կապված է Ամուլսարի հանքի հետ, որի շահագործմանը դեմ ենք: Դեմ ենք նաև այլ մետաղական հանքերի շահագործմանը», - ասաց Արտուշ Սիմոնյանը:

Արտահերթ նիստը նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին ուղղված հանձնարարականից հետո, որում նշված է. «Խնդրում եմ քննության առնել, առաջարկել Ջերմուկ համայնքի ավագանուն՝ վերացնել կամ փոփոխել վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը, և արդյունքների մասին հայտնել՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով»: Իր հերթին մարզպետն առաջարկել է Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանին ձեռնարկել միջոցներ համայնքի ավագանու նշված որոշումը վերացնելու կամ փոփոխելու ուղղությամբ:


Այս նախաձեռնությունը բնապահպանները որակում են որպես «ճնշում»:

«Կոնկրետ ճնշումներ են սկսվել Ջերմուկ համայնքի ավագանու վրա` համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու՝ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք հայտարարելու կապակցությամբ: Ճնշումներն իրականացվում են ՀՀ կառավարության և Վայոց Ձորի մարզպետարանի կողմից: Հայտարարում ենք, որ մենք զորավիգ ենք Ջերմուկ համայնքի բնակիչներին ու ավագանու անդամներին: Համայնքի կարծիքը զորավոր է», - Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածել է Հայկական բնապահպանական ճակատը:



14:07 Հունվար 31, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news