Ո՞վ է մեղավոր հորդառատ անձրևների ժամանակ Երևանի փողոցների ջրածածկման համար

Ո՞վ է մեղավոր հորդառատ անձրևների ժամանակ Երևանի փողոցների ջրածածկման համար

ԷկոԼուր

Յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո Երևանի փողոցներում լճակներ են գոյանում`մեծ անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին, խոչընդոտելով երթևեկությանը:

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով օրերս տեղացած հորդառատ անձրևների առաջացրած անհարմարություններին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ: «Անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է: Ավելին, այս ընկերության գործունեության վերահսկողությունը ևս Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է և իրականացվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից: Հանրությանը պետք է տեղեկացնել, թե ով և ինչի համար է պատասխանատու և ով պետք է պատասխան տա քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունների համար: Եթե ոմանց թվում է, թե թաքնվելով և հայտարարություններով հանդես չգալով անհայտ են մնալու, ապա չարաչար սխալվում են:

Մենք էլ ենք շարունակելու լինել պահանջատեր, քանի որ քաղաքացիները դիմում են մեզ, մենք էլ ձեզանից ենք պահանջում՝ անկախ նրանից, որ վերահսկողությունը Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չէ:

Կոնկրետ այս դեպքում անձրևընդունիչների մաքրումն ու սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության պարտականությունն է: Արդեն կանխատեսումներ կան, որ այս շաբաթ էլ են սպասվում առատ տեղումներ: Գնացեք ամբողջ թիմով նախապատրաստվեք ու մաքրեք անձրևընդունիչները, որ նման խնդիրներ չլինեն» ,- ասել է Տարոն Մարգարյանը:

Այս կապակցությամբ պարզաբանմամբ հանդես է եկել «Վեոլիա Ջուր» ընկերությունը.
«Հարգելի քաղաքացիներ.
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ հիմնական գործառույթներից մեկը նաեւ վարձակալության պայմանագրով իրեն հանձնված բնակավայրերի անձրեւաջրերի հեռացման համակարգերի կառավարումն է: Այն իրականացվում է գործող կարգի համաձայն ու ողջ ծավալով: Մասնավորապես, նվազագույնը տարին 3 անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը համակարգը մաքրվում է կուտակվող աղբից, անհրաժեշտության դեպքում նաեւ վերանորոգվում, ինչի շնորհիվ անձեւատարները մշտապես գտնվում են աշխատանքային վիճակում ու ծառայում իրենց նպատակին: Իսկ անձրեւաջրերի քրոնիկ կուտակումների վայրերին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, որոնք մաքրվում են ըստ անհրաժեշտության:

Տվյալ ուղղությամբ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունում ձեւավորվել է հատուկ բանվորական անձնակազմ, որը գործում է ըստ գրաֆիկի՝ մաքրելով համակարգի ինժեներական կառույցները թաղամաս առ թաղամաս: Շատերը տեսած կլինեն. աղբը անձրեւընդունիչներից Վեոլիա Ջրի աշխատակիցները հանում են ու կուտակում հարեւանությամբ, որն այնուհետեւ հեռացվում է «Սանիտէք» ընկերության կողմից:

Սակայն մեր կողմից վարձակալած Հայաստանի պետական գույք հանդիսացող համակարգն ունի շատ թերություններ, մասնավորապես ոչ բոլոր փողոցներն ունեն անձրեւատարներ, իսկ եղածներից շատերի թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրեւաջրերի սահուն հեռացումը: Դա հետեւանք է այն բանի, որ Երեւանի բուռն զարգացումը անցած տասնամյակների ընթացքում հիմնականում չի ուղեկցվել անձեւատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ: Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրեւաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրեւատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը:

Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ այն կիսակառույց է: Արդյունքում, եթե մեղմ անձրեւները աննկատ են մնում երեւանցիների համար, ապա հորդ կամ տեղատարափ անձրեւների ժամանակ երբեմն անձրեւատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում հընթացս հեռացնել հոսող ջրերը: Դրանք կուտակվում են հիմնականում փողոցներում՝ խոչընդոտելով տրանսպորտի աշխատանքն ու անհարմարություններ պատճառելով անցորդներին:
Նման այդպիսի մի երեւույթի ականատես եղան երեւանցիները վերջին օրերին, որի համար, որպես ակամա մեղավոր, հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում խնդրի լուծման գործում մեր պատրաստակամությունը:

Տեղեկատվության կարգով այնուամենայնիվ նշենք, որ ըստ օդերեւութաբանների, վերջին օրերին մայրաքաղաքում հատվածաբար տեղացած անձրեւները եղել են արտակարգ հորդառատ եւ գերազանցել են նորմերը մի քանի անգամ: Վեոլիա ջրի մասնագետները, ովքեր, ելնելով եղանակային կանխատեսումներից, այդ ժամերին հերթապահել են ջրի հնարավոր կուտակման վայրերում, ամենուր չէ, որ կարողացել են ապահովել անձրեւաջրերի սահուն հեռացումը նույն՝ անձրեւատարների անբավարար թողունակությամբ պայմանավորված:

Իսկ խնդրի արմատական լուծումն առկա համակարգի առաջընթաց տեմպերով զարգացումն է, որը ենթադրում է խոշորածավալ կապիտալ ներդրումներ, ինչը ֆրանսիական Վեոլիա Գրուպ ընկերության եւ Հայաստանի կառավարության միջեւ կնքված վարձակալության պայմանագրով դրված է Վարձատուի՝ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի վրա: Ելնելով դրանից, վարձակալ Վեոլիա ջուր ՓԲԸ-ն, որպես շահագործող կազմակերպություն, դիմել է վերջինին, խնդրելով Երեւան քաղաքի անձեւատար համակարգերում գոյություն ունեցող խնդիրները ներառել պետական ներդրումային ծրագրերում՝ տեսանելի ապագայում դրանց լուծում տալու նպատակով»:

19:07 Մայիս 30, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news