Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի

Կարինե Սիմոնյան, www.azatutyun.am

Հոկտեմբերի 22-ին կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վառարանը կրկին կմիացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում գործարանը չի փակվի։

Կառավարության և ավելի քան 500 աշխատող ունեցող գործարանի սեփականատիրոջ միջև տեղի ունեցած բանակցությունների մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» ասել էր, որ բանակցությունները դեռ շարունակվում են և հավանական է, որ համաձայնություն ձեռք կբերվի գործարանը վերջնական չփակելու համար։ - «Կան տարբերակներ, որոնք որ մի փոքր հուսադրող են։ Կա տարբերակ, որպեսզի Ալավերդու գործարանը շարունակի աշխատել։ Կոմպրոմիսային տարբերակ սեփականատիրոջ և կառավարության միջև որոշակի բանակցությունների արդյունքում գալ ինչ որ անցումային, կոմպրոմիսային տարբերակի, որ այս պահին գոնե գործարանը աշխատի, չփակվի», - մանրամասնել էր մարզպետը:

Պղնձաձուլարանը գրավադրված է ռուսաստանյան ՎՏԲ բանկում, և ի սկզբանե, ընկերությունը հայտարարել էր, որ հնարավոր է՝ Ալավերդու գործարանն անցնի ՎՏԲ-ին, ինչպես մեկուկես ամիս առաջ բանկին անցավ նույն ընկերությունների խմբին պատկանող Թեղուտի հանքավայրը։

Հիշեցնենք, այս ամսվա սկզբում Ընկերությունը կառավարության առջև պահանջ էր դրել արտանետվող ծծմբային անհիդրիդի օրենքով սահմանված տարեկան 5,600 տոննա թույլատրելի սահմանաչափի փոխարեն իրենց թույլ տալ արտանետել տարեկան մինչև 40 հազար տոննա՝ թույլատրելի նորմը գերազանցելով յոթ անգամ։

14:43 Հոկտեմբեր 23, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news