Արթուր Մեսչյան՝ Երևանի Ազատության հրապարակը կվերակառուցվի, կտրվի ճարտարապետական նոր լուծում

Արթուր Մեսչյան՝ Երևանի Ազատության հրապարակը կվերակառուցվի, կտրվի ճարտարապետական նոր լուծում

ԷկոԼուր

Մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակը կվերակառուցվի, կտրվի ճարտարապետական նոր լուծում: Այս մասին հունվարի 24-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նա նշեց, որ Ազատության հրապարակի երկրորդ գոտին սրճարաններից ազատելը և կանաչ գոտու վերածելը այս ծրագրի առաջին քայլն է:

«Որոշված է Երևան քաղաքին վերադարձնել Օպերայի հրապարակի երկրորդ գոտին: Օպերային թատրոնը, որպես ամենակարևոր կառույցներից մեկը, բառից բուն իմաստով խեղդվեց այդ օղակով, որը փաթաթվեց իր պարանոցին: Խոսքը չի գնում միայն այդ գոտու ապամոնտաժման մասին: Խոսքը գնում է ամբողջ հրապարակի վերակառուցման, ճարտարապետական նոր լուծման և բավականին լուրջ ծրագրի մասին: Տարածքն ազատելն առաջին քայլն է: Հետագայում կլինեն ուրիշ զարգացումներ և, կարծում եմ, բավականին հետաքրքիր: Համենայնդեպս, մեր երևանցիները պետք է որ շատ հավանեն», - ասաց Արթուր Մեսչյանը:

Անդրադառնալով սրճարանային բիզնեսին և բողոքներին, նա նշեց. «Կա սխալ մեկնաբանություն, որ Օպերայի հրապարակի երկրորդ գոտու վերադարձը քաղաքապետի, իմ կամ մի խումբ մարդկանց նախագիծ է: Այս հարցի վերաբերյալ երկար տարիներ կային բողոքներ, և գրեթե բոլոր երևանցիները կուզենային, որ Օպերայի տարածքի ինչ-որ մի մասը, այնուամենայնիվ, վերադառնա իր կանաչ համակարգին: Զարմանալին նա է, որ հիմա, երբ հնարավորություն կա դա անելու, շատ տարօրինակ խոսակցություններ են լինում: Ես դա չեմ հասկանում:

Բիզնեսն առանձնապես այդքան չի տուժելու: Այդ սրճարանների մեծ մասն ունեն երկու գոտի, մի գոտին վերացնելուց բիզնեսը չի մահանում, իրենք մնում են իրենց հին տարածքում, որտեղից սկսել են գործունեությունը: Աշխատատեղերի հետ կապված էլ առանձնապես մեծ կորուստներ չեմ տեսնում»:

Արթուր Մեսչյանն ընդգծեց, որ Օպերայի հրապարակի կանաչ տարածքների կառուցապատման մեղավորը ոչ թե բիզնեսն է, այլ քաղաքային իշխանությունը, որը թույլ է տվել դա:  «Բիզնեսը, եթե հնարավորություն ունի, կանի ամեն ինչ: Քաղաքը ժամանակին պետք է ասեր՝ ոչ, ոչ մի դեպքում, - նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը, - ես կարծում եմ, որ սեփականատերերի մեծ մասը կհասկանան, որ սա ոչ թե քաղաքապետարանի, այլ երևանցիների պահանջն է, և կարծում եմ, որ այս ծրագիրը մենք կկարողանանք իրագործել: Ժամկետային առումով ոչինչ ասել չեմ կարող, հիմա նախագիծ է արվում»:

14:10 Հունվար 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news