«Գաջ» ՓԲԸ-ն Երևանում մտադիր է ընդլայնել գիպսատար կավերի հանքավայրի տարածքը

«Գաջ» ՓԲԸ-ն Երևանում մտադիր է ընդլայնել գիպսատար կավերի հանքավայրի տարածքը

ԷկոԼուր

«Գաջ» ՓԲԸ-ն մտադիր է ընդլայնել Երևանում գտնվող Ջրվեժի գիպսատար կավերի հանքավայրի տարածքը` 5.5 հա-ից դարձնելով 9.8 հա-ի: Հանքի մոտակա բնակավայրերն են` Ջրվեժ, Շոռաղբյուր և Ողջաբերդ գյուղերը, որոնց հեռավորությունը հանքից կազմում է 2-5 կմ: «Գաջ» ՓԲԸ-ն հայտ է ներկայացրել բնապահպանական փորձաքննության:

Ըստ հայտի` ընդլայնվող բացահանքի հաշվեկշռային պաշարների քանակը  կազմում է  7 միլիոն 800 հազար տոննա, իսկ կորզվող պաշարների քանակը՝ մոտ 6 միլիոն 650 հազար տոննա:  Տարեկան արտադրողականությունը կկազմի 150 հազար տոննա գիպսատար կավերի մարվող պաշար, իսկ ըստ արդյունահանման՝ մոտ 127 հազար 500 տոննա: Հանքավայրի շահագործումը կիրականացվի բաց եղանակով՝ առանց հորապայթեցման աշխատանքների:  Հանքը նախատեսվում է շահագործել 44 տարի:

Հայտի համաձայն` բացահանքում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման ընթացքում տեխնածին ճնշումներ են դրսևորվելու մթնոլորտի, հողային ծածկույթի, լանդշաֆտային ամբողջականության վրա:

Թե որքան աղտոտող նյութ կարտանետվի մթնոլորտ, հայտում չի նշվում, փոխարենը նշվում է, որ մեքենաների և սարքավորումների աշխատանքի արդյունքում օդ են արտանետվելու ածխածնի օքսիդ, ազոտի երկօքսիդ, մուր և ծծմբային գազ:

Հայտում նշվում է, որ հանքի տարածքում բուսածածկ և կենդանական աշխարհ չի դիտարկվել: Կանաչապատման աշխատանքներ չեն նախատեսվում:

Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության մեղմման նպատակով ընկերությունը նախատեսում է իրականացնել նավթամթերքի պահեստավորում, արտաթորվող թունավոր նյութերի չեզոքացուցիչ սարքերի տեղադրում, խախտված տարածքների ռեկուլտիվացիա, կեղտաջրերի հավաքում և այլն:

Օգտակար հանածոյի արդյունահանման ընթացքում շրջակա միջավայրի վրա դրսևորվող ազդեցության մոնիթորինգի իրականացման համար նախատեսվում է տարեկան մասնահանել 450 հազար դրամ:

Նշենք, որ 2019թ-ի հունվարի 1-ի դրությամբ Երևանի տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունք ունի 15 ընկերություն, որոնց կողմից շահագործվող հիմնական հանքանյութը բազալտը, քարաղը և գիպսատար ապարն ու կավն են:

 

17:49 Հունվար 31, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news