Ահազանգ. «Արմօյլ» ՓԲԸ-ն Եղվարդում սկսել է նավթամթերքի վերամշակման գործարանի փորձարկումը

Ահազանգ. «Արմօյլ» ՓԲԸ-ն Եղվարդում սկսել է նավթամթերքի վերամշակման գործարանի  փորձարկումը

ԷկոԼուր

«Արմօյլ» ՓԲԸ-ն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում սկսել է նավթամթերքի վերամշակման գործարանի փորձարկումը, ԷկոԼուրին ահազանգեց գործարանի հարևանությամբ գործող «Ռիվալ» ՍՊԸ-ի հանրային կապերի մասնագետ Ելիզավետա Ասատրյանը:

«Չնայած դատարանի թիվ ԿՏ3/0173/02/19 որոշմանը, որով «Արմօյլ» ՓԲԸ-ին արգելվում է շինարարական կամ այլ տեսակի աշխատանքներ կազմակերպել Եղվարդում գտնվող գործարանի տարածքում, երեկ կատարվել են գործարանի փորձարկման աշխատանքներ, որի արդյունքում նկատվել է սև ծուխ՝ դուրս եկող խողովակներից», - ասաց Ելիզավետա Ասատրյանը և տրամադրեց ս.թ. հունիսի 17-ին նկարահանած տեսանյութ, որում երևում է գործարանի տարածքից դուրս եկող սև ծուխը  (տե՛ս տեսանյութը 0.36 վայրկյանից):

Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 6-ին կայացրած երկու որոշմամբ ԴԱՀԿ-ն արգելանք էր դրել «Արմօյլ» ՓԲԸ-ի` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող գույքի վրա, արգելել իրականացնել ցանկացած գործողություն գործարանի տարածքում, պարտավորեցրել դադարեցնել շինարարական աշխատանքները: Որոշումը կայացվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.03.2019 թ. տրված թիվ ԿԴ3/0173/02/19 կատարողական թերթի համաձայն:

Դատարան է դիմել «Ռիվալ» ՍՊԸ-ն՝ գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով: Ընկերությունն անմիջապես գործարանի կողքին ունի մեծ այգիներ և էկո չրերի արտադրություն: Ըստ «Ռիվալ»-ի հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանի՝ գործարանի շահագործման դեպքում այգիները կոչնչանան, անդառնալի վնասներ կհասցվի մարդկանց առողջությանը: Ռաֆիկ Վիրաբյանը ԷկոԼուրին էր ներկայացրել ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից 2018 թ-ի օգոստոսի 24-ին ստացված նամակը, որի համաձայն «Արմօյլ» ՓԲԸ-ն չունի շինարարական աշխատանքների թույլտվություն: Ընկերությունը չունի նաև բնապահպանական փորձաքննության եզրակացություն: Ըստ էության, գործարանի կառուցման և շահագործման ռիսկերը գնահատված չեն:



14:19 Հունիս 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news