

ԷկոԼուր
Ապրիլի առաջին իննօրյակում նախորդ ամսվա համեմատությամբ Երևան, Վանաձոր, Ծաղկաձոր, Հրազդան և Արարատ քաղաքներում փոշու պարունակությունը նվազել է։
Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն, 2020 թ․ մարտի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի և Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ)՝ արձագանգրվել է համապատասխանաբար 0,19 և 0,23 մգ/խմ։ Արդեն ապրիլի 1-9-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանում մթնոլորտային օդում փոշու ՍԹԿ-ն գտնվել է նորմայի սահմաններում՝ կազմելով 0,12 մգ/խմ։ Վանաձորի օդում փոշու պարունակությունը ապրիլի առաջին իննօրյակում կազմել է 0,18 մգ/խմ։
Երևան, Արարատ և Ծաղկաձոր քաղաքների օդում փոշու կոնցենտրացիան մարտ ամսվա համեմատությամբ ապրիլի առաջին իննօրյակում միջինում նվազել է 0,1-0,3 մգ/խմ-ով։
Ըստ Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի ներկայացրած տվյալների, Ծաղկաձոր քաղաքի մթնոլորտային օդում նվազել է նաև ազոտի երկօքսիդի պարունակությունը։ Այսպես, մարտ ամսի առաջին կեսի համեմատությամբ մարտի 15-ից մինչ ամսվա վերջ ընկած ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի պարունակությունը նվազել է մոտ 40%-ով։
Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ից ԷկոԼուրին հայտնեցին, որ եռամսյակային տեղեկագիրը մշակման փուլում է և կայքում կտեղադրվի ապրիլի վերջին։
Ապրիլ 16, 2020 at 12:56