«Դինգո թիմ»-ը պնդում է, որ «Յունիգրաֆ-Իքս»-ի բաց թողած ստերջացված շների մեջ կան մարդկանց համար վարակիչ հիվանդություն ունեցող շներ

«Դինգո թիմ»-ը պնդում է, որ «Յունիգրաֆ-Իքս»-ի բաց թողած ստերջացված շների մեջ կան մարդկանց համար վարակիչ հիվանդություն ունեցող շներ

ԷկոԼուր

«Դինգո թիմ»-ը պնդում է, որ «Յունիգրաֆ-Իքս»-ի բաց թողած ստերջացած շների մեջ կան մարդկանց համար վարակիչ հիվանդություն ունեցող շներ: ԷկոԼուրի հետ զրույցում «Դինգո թիմ»-ի համակարգող Գոհար Մանուշակյանն ասաց, որ գտել և իրենց խնամքի տակ են վերցրել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից ստերջացված և Երևանի տարածքում բաց թողնված 7 շների, որոնք գտնվում են  առողջական և հոգեբանական ծանր վիճակում. «Մեր խնամքի տակ վերցրած շներից մեկն ունի սուր վարակիչ հիվանդություն` չումկա, որը տարածվում է և վարակիչ է բոլոր շների համար, անգամ պատվաստված շունը կարող է վարակվել: Այսինքն, «Յունիգրաֆը-Իքս» ՍՊԸ-ն քաղաքապետարանի հետ համատեղ Երևանի բոլոր տարածքներում տարածում են վարակիչ հիվանդություններ: Այսօրվա դրությամբ Ալեք Մանուկյան-Խանջյան հատվածը, Երրորդ մասն ու Մալաթիան համարվում են չումկայի տարածման վայրեր: Մենք մի քանի օր առաջ  «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ից ձագեր ենք փրկել, որոնք էնտերիտով են հիվանդացել, իսկ երեկ իրենց բաց  թողած շներից մեկը մահացել է լեպտոսպիրոզից, ընդ որում, այս հիվանդությունները  վարակիչ են նաև մարդկանց համար»,- հայտնեց Գոհար Մանուշակյանը: 

«Շների առողջական վիճակի առումով ասեմ, որ  մի քանիսի փորի վերին շերտում կա բացվածք, այսինքն, նրանց ձվարանն ու արգանդը հեռացված չեն, շները «ողողված» են թարախի մեջ, նրանց ամրացրել են շատ սեղմ վզկապներ, որոնք շներին խեղդում են: Ես 8 տարի է՝ այս ամենի մեջ եմ, բայց երբեք նման վիճակում  գտնվող շներ չեմ տեսել»,- ասաց Գոհար Մանուշակյանը` հավելելով, որ մեկ շաբաթ առաջ քաղաքապետարանի դիմաց իրենց ունեցած ակցիայից հետո «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն սկսեց ավելի ակտիվորեն հավաքել շներին, անգամ նրանց, որոնք վիրահատված են եղել անասնաբույժների համաշխարհային կազմակերպության կողմից:

Ակտիվիստ, ֆեյսբուքյան «Let's Save the Stray Dogs in Armenia» էջի հիմնադիր Ժաննա  Մախյանը առաջարկում է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից շների համար որևէ կացարան բացվի և շներին չվնասելու մասին օրենք մշակվի ու ընդունվի. «Ես Տարոն Մարգարյանին անընդհատ գրում եմ ֆեյսբուքով, նույնիսկ 2014 թվականինին Եվրոպայից, Ճապոնիայից և Ռուսաստանից հազարավոր ստորագորություններով  ծրար-փաթեթ ներկայացրի, որ կանգնեցնեն շների սպանդը Հայաստանում: Միայն պետք է տեսնել, թե ինչպիսի դաժանությամբ են բռնում շներին, պատկերացրեք, թե դրանից շներն  ինչ սթրես են ապրում: Ես նաև պահանջում եմ, որ մի օրենք մշակվի, որով  այն մարդը, ով կվնասի  կենդանուն, խստագույնս պատժվի տուգանքով, կամ նույնիսկ բանտարկությամբ: Թող տուգանքը լինի այնքան մեծ, որ մարդը վախենա շանը մատով կպնելուց»,- ասաց ակտիվիստը:

«Յունիգրաֆ Իքս»-ի լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը «Առավոտ» օրաթերթի լրագրողին տված հարցազրույցում հերքել է կենդանասերների ասածները. «Ի տարբերություն կենդանասերների, որոնք զբաղված են միայն խոսելով, մենք աշխատում ենք: Վիրահատության ժամանակ տեղային անզգայացում է կատարվում, այնպես, որ կենդանին չի էլ զգում վիրահատության ընթացքը: «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից ստերիլիզացված բոլոր կենդանիները նորմալ վիրահատվում են, թե հիմա իրենք ինչ կենդանիներ են բռնել ու դիտարկել, չեմ կարող ասել: Մեր աշխատակիցները շատ բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը…
Ոչ մի վարակ չկա: Մեքենան պարբերաբար ախտահանվում է եւ լվացվում: Վարչական շրջաններում բաց թողնված` ստերիլիզացված թափառող կենդանիները բուժվել են, համապատասխան պատվաստում անցել, որպեսզի լինեն նաեւ անվտանգ: Պատվաստվել են տարբեր հիվանդությունների դեմ, այդ թվում` կատաղության»:

Լուսանկարը՝ «Դինգո թիմ»-ի

12:55 Մարտ 11, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news