Աշտարակի քաղաքապետ՝ նոր աղբավայրի շահագործման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն

Աշտարակի քաղաքապետ՝ նոր աղբավայրի շահագործման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն

ԷկոԼուր

Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը դիմում է պետական և միջազգային կառույցներին. քաղաքի նոր աղբավայրի շահագործման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն: «Հին աղբավայր ենք ունեցել, որը ոչ մի կանոնների չէր համապատասխանում: Հին աղբավայրը փակվել է, և մասնավոր կառույցի միջոցով բացվել է նոր աղբավայր: Այդ աղբավայրը շահագործման համար կան ֆինանսական դժվարություններ», - բարձրաձայնեց Արմեն Անտոնյանը ՄԱԿ-ի “Կլիմայի փոփոխության մասին” շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ ԿՓՇԿ) պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հինգերորդ ընդլայնված նիստի ժամանակ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Աշտարակ քաղաքն ունի 20636 բնակչություն: Քանի որ ֆինանսական խնդիրների արդյունքում աղբահանությանբ զբաղվող մասնավոր ընկերությունը չի կարողանում ապահովել աղբի տեղափոխումը, բնակիչները ստիպված են լինում այրել աղբը, ինչի հետևանքով քաղաքը հայտնվում է ծխի ամպերի մեջ:

ԷկոԼուրին Աշտարակի քաղաքապետն ասաց. «Գարնան և աշնան սեզոնին մեր բնակավայրերը ծածկվում են ծխի ամպերով գյուղատնտեսական մնացորդների, ծառերի մանր-մունր ճյուղերի, տերևների այրման պատճառով: Եթե դրան էլ գումարվում է աղբի որոշակի քանակ, պատկերն ակնհայտ է»:

Արմեն Անտոնյանի կարծիքով՝ այս խնդիրը կարող է լուծում ստանալ կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունների շրջանակներում:

Նշենք, որ Աշտարակը Հայաստանի 9 այլ քաղաքների հետ ստորագրել է Եվրամիության Քաղաքապետերի դաշնագիրը և պարտավորվել մինչև 2020 թվականը 20%-ով նվազեցնել CO2-ի արտանետումները:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



16:23 Մարտ 15, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news