Երևանի կանաչ տարածքներն ավել ներկայացնելով՝ փոշիացվել են միջոցներ

Երևանի կանաչ տարածքներն ավել ներկայացնելով՝ փոշիացվել են միջոցներ

ԷկոԼուր

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հայտարարել էր, որ 2019 թվականի Երևանի բյուջեի նախագիծը հետընթաց է նույնիսկ 2018-ի բյուջեի համեմատ:

Կանաչապատման մասին խմբակցությունը նշել էր, որ կանաչ տարածքների հիմնման և պահպանման բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազել է 576 միլիոն դրամով՝ 1 միլիարդ 669 միլիոն դրամից մինչև 1 միլիարդ 93 միլիոն դրամ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է 2019 թվականի Երևանի բյուջեի նախագիծը. «Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով: Մենք այս նվազեցումներով ընդամենը տնտեսում ենք իրականացրել, օպտիմալացրել ենք մեր ծախսերը»:
Կանաչապատման մասին նա նշել է.

«Խոսում ենք կանաչապատման միջոցների նվազեցման մասին: Ես վստահեցնում եմ, որ կանաչապատման տարածքներ, աշխատանքների ծավալ չի նվազել, կանաչ տարածքների պահպանման և շահագործման որևէ ծավալ չի փոխվել:

Ավելին, եթե նախատեսված բյուջեն իրականացվի այն միջոցառումներով և գործիքակազմով, որ մենք ենք տեսնում, ապա այս նույն նվազած բյուջեի պայմաններում ունենալու ենք ավելի մեծ ծավալի աշխատանք: Ներկայացնեմ մի օրինակ. ոչ մեկի համար պարզ չէ, թե մեր համայնքում չափագրված, այսինքն՝ թղթի վրա արձանագրված կանաչ տարածքները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Խնդրում եմ մեր գործընկերներին, որոնք թիրախավորել են այս կետը, փորձեն անձամբ ուսումնասիրել կանաչապատման տարածքները և ստուգեն՝ իրականում որքան է: Կա այն համոզմունքը, որ այդ տարածքներն ավելին են ներկայացված, քան պետք է լինեն: Հենց այստեղ էլ փոշիացվել են միջոցները: Բոլորիս համար ակնհայտ է, որ կանաչապատման բոլոր մրցույթները շահել են Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված ՓԲԸ-ները: Ինչու և ինչպես, դրան չենք ուզում անդրադառնալ: Մենք այս տարի գնում ենք բաց մրցույթների, և հավանականություն կա, որ այդ մրցույթները չեն շահի հենց այդ ՓԲԸ-ները, այլ տարբեր ընկերություններ, որոնք կանաչապատման և բնապահպանական մասնագիտացված գործունեություն են իրականացնում: Այս պահին էլ բազմաթիվ գնման հայտեր բավարարվում են մի քանի անգամ ավելի էժան մրցութային գներով, քան նախորդ տարի»:

Հայկ Սարգսյանի մեկնաբանությունը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

15:47 Դեկտեմբեր 25, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news