Լոռու տարածաշրջանում քաղաքացիական հասարակությունն առաջարկում է այլընտրանքային զարգացման ծրագրեր

Լոռու տարածաշրջանում քաղաքացիական հասարակությունն առաջարկում է այլընտրանքային զարգացման ծրագրեր

ԷկոԼուր

ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Շնող և Ալավերդի համայնքների համար քաղաքացիական հասարակությունն առաջարկում է այլընտրանքային զարգացման ծրագրեր, որոնք ուղղված են տարածաշրջանում սոցիալական և անհատական ձեռնարկատիրությունների հիմնմանը և զարգացմանը տարբեր ոլորտներում: Որպես առանցքային ոլորտներ դիտարկվում են էկո-ագրո-գաստրո-գյուղական տուրիզմը, նորարար գյուղատնտեսությունը և թեթև արդյունաբերությունը:

Մասնակցային ձևաչափով մշակված այլընտրանքային զարգացման ծրագրերը ներկայացրեց համայնքային զարգացման փորձագետ Արթուր Վարդազարյանը «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման» ֆորումի ժամանակ, որն անցկացվել է Հաղպատ գյուղում ս.թ. հունվարի 23-ից 24-ը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից: 

Ֆորումի նպատակը՝ վերհանել կազմակերպությունների, անհատների և երիտասարդների կողմից Ալավերդու տարածաշրջանի զարգացմանը, այլընտրանքային աշխատատեղերի և զբաղվածության խթանման նպատակով մշակված գաղափարները, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության լավագույն փորձագետների մասնակցությամբ գեներացնել նոր գաղափարներ:

Ֆորումին մասնակցել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Յան Պլեշինգերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության խորհրդական Աննա Մելիքսեթյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի զբոսաշրջության զարգացման փորձագետ Արամ Հարությունյանը, Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, տեղական և միջազգային մի շարք դոնոր կազմակերպությունների և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, սոցիալական ձեռնարկատիրության և բիզնեսի ոլորտի փորձագետներ:

Այլընտրանքային զարգացման ծրագրերի վերջնական տարբերակները կներկայացվեն Ախթալա, Շնող և Ալավերդի համայնքների ավագանու հաստատմանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ որպես համայնքի այլընտրանքային զարգացման առաջնահերթությունների, սոցիալական և անհատական ձեռնարկատիրությունների հիմնման պիլոտային փաստաթուղթ, որը միտված է խթանել համայնքների ներդրումային միջավայրը և հստակեցնել ներդրումների ուղղությունները:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշել է, որ նման ֆորմատի և բովանդակությամբ համաժողովը առաջին անգամ է անցկացվում տարածաշրջանում ։

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Յան Պլեշինգերը շեշտել է, որ Չեխիան, որպես Հայաստանի գործընկեր երկիր, խրախուսում է Ալավերդու տարածաշրջանում այլընտրանքային զարգացման մոդելների ներդրմանը, քանի որ ինքը ևս անցել է նույն ճանապարհը:

ՀՀ Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանն էլ հավելել է, որ մարզպետարանը խրախուսում է նման ձևաչափի համաժողովների և քննարկումների անցկացմանը, որոնք միտված են մարզի զարգացման գործընթացներին:

Ֆորումի երկրորդ օրը սոցիալական ձեռնարկատիրությունների և բիզնես ոլորտի փորձագետները օգնել են Ախթալա, Ճոճկան, Թեղուտ, Ալավերդի բնակավայրերի բնակիչներին գեներացնել և զարգացնել վեց բիզնես-գաղափարների նախագծեր:

Ծրագրերի վերջնական մշակումից հետո այդ բիզնես գաղափարները քաղաքացիների կողմից կներկայացվեն դոնորական կազմակերպություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Համաժողովի ավարտին համայնքի բնակիչների և փորձագետների կողմից ստեղծվել է այլընտրանքային զարգացման աշխատանքային խումբը, որը շարունակական աշխատանքներ կտանի ուղված տարածաշրջանում այլընտրանքային զարգացման գործընթացին:

 

Հունվար 29, 2020 at 17:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր