ԷկոԼուր
«Կանաչ Հայաստան» ՀԿ-ն Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում Դալմայի այգիների հողօգտագործողներն ահազանգում են իրենց հողատարածքների հարևանությամբ պտղատու ծառերի հատման փաստի մասին։ Հողօգտագործողները ծառահատման առնչությամբ ահազանգել են ՀՀ ոստիկանություն, որը տեղում դիտարկումներ իրականացնելուց հետո արձանագրություն է կազմել։
«Եկել, տեսել ենք, որ ծառերի մի ստվար մասը հատված է։ Ծառեր, որոնք տնկվել են կոլտնտեսության ժամանակ։ Հաստաբուն ծառեր, որոնք մեծ նշանակություն են ունեցել Երևանի համար՝ թթվածին մատակարարելու առումով։ Ինչ ցավալի դեպք համարեմ, թե սպանդ համարեմ բնության հանդեպ, ես չգիտեմ․․․․Թող ժողովուրդը գնահատական տա սրան։ Եկել ենք, տեսել 70-80 տարվա ծառերը կտրած․․․ Ցավ եմ զգում այգիները անխտիր կտրտելու համար։ Ոչ ոք տեր չի կանգնում, որ մի հատ կանգ առնեն ծառերի հատման դեմ։ Ոչ ոք պատասխանատվություն չի կրում դրա համար․․․»,- տեսանյութում ասել են Դալմայի այգիների հողօգտագործողները։ Վերջինները նաև իրենց այն մտահոգության մասին են նշել, որ մի օր էլ կգան և իրենց հողատարածքի ծառերը հատված կտեսնեն։
ԷկոԼուրը ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ ՀՀ ոստիկանության Մալաթիա ֊ Սեբաստիա բաժնում դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հայտնեց, որ ահազանգը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչություն՝ ուսումնասիրման նպատակով։
Մարտ 25, 2020 at 19:46