Երևանի քաղաքապետարանը պահանջում է «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ից կասեցնել Դալմայի այգիների տարածքում իրականացվող շինարարությունը

Երևանի քաղաքապետարանը պահանջում է «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ից կասեցնել Դալմայի այգիների տարածքում իրականացվող շինարարությունը

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանը դիմել է «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին՝ պահանջելով կասեցնել Դալմայի այգիների տարածքում իրականացվող շինարարությունը։ Այս մասին ս․ թ․ մայիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոնյանը՝ հրապարակելով «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին ուղղված Երևանի քաղաքապետարանի նամակը և մակագրելով. «Փետվարի սկզբին ավագանու մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը և ես դիմել էինք Երևանի քաղաքապետին` խնդրելով կասեցնել «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող, ժամանցի կենտրոնի շինարարական աշխատանքները՝ ի կատարումն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների, որի համաձայն՝ շինարարական աշխատանքների ժամանակ հուշարձաններ հայտնաբերվելու, ինչպես նաև հուշարձանի վտանգման դեպքում շինարարական աշխատանքները պետք է կասեցվեն։

Հիշեցնեմ, որ տարեվերջին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Դալմայի այգիների տարածքում իրականացրել էր հետազոտություն՝ արդյունքում հայտնաբերելով ք.ա. 2-1 հազարամյակի դամբանաթումբ, 19-րդ դարի հինգ հնձան և մառան, որոնց տրվել է հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ։

Այս ընթացքում նաև ստացվել է ՀՀ վարչապետից հանձնարարական և ԿԳՍՄ նախարարից գրություններ, խնդիրը ուսումնասիրվել և քննարկվել է։

Արդյունքում, երեկ տեղեկացանք, որ կառուցապատողին ծանուցում է ուղարկվել շինարարական աշխատանքները կասեցնելու մասին՝ մինչև նախարարության հետ քաղաքաշինական գործունեության հետագա համաձայնեցումը։ Միաժամանակ, ուշադրության կենտրոնում է Դալմայի այգիների դեռևս պահպանված մասի՝ որպես հուշարձանի հետագա պահպանության հարցը»:

«ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Նուշիկյանին ուղղված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանի մայիսի 6-ի N19/29779 գրության մեջ նշված է. «Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովը 2019 թ․ դեկտեմբերի 20-ի նիստում քննարկել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Դալմայի այգիների հարցը, որին տրվել է հանրապետական նշանակության պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Նշված հանձանժողովի կողմից հանձնարարական էր տրվել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին կատարել համապատասխան քարտեզագրում, որի արդյունքում Ձեր կողմից իրականացվող քաղաքաշինական ծրագրի համար հատկացված հողատարածքի մի մասը ներառվել է «Դալմայի այգի» նորահայտ հուշարձանախմբի զբաղեցրած տարածքի մեջ։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 19․02․2020 թ. հ․02/12,6/6092-2020 հանձնարականը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 16․03․2020 թ․ հ․01/14-1/6376-20, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 27․02․2020 թ․ հ․07/13516հ գրությունները և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները՝ Մոնթե Մելքոնյան փողոցի հ․ 31 հասցեում մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքները իրականացնելու համար Ձեր 19․04․2019 թ․ տրված հ․01/18-24278-356 շինարարության թույլտվությամբ իրականցվող քաղաքաշինական գործունեությունն անհրաժեշտ է կասեցնել։ 

Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ նշված շինարարության թույլտվությամբ իրականացվող որևէ շինարարական և (կամ) բարեկարգման աշխատանքները հնարավոր է իրականացնել՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ իրականացվող աշխատանքների համար համապատասխան թույլտվություն (համաձայնություն) ստանալու պարագայում, հակառակ դեպքում Ձեր կողմից առանց վերը նշված պայմանների իրականացված որևէ շինարարական և (կամ) բարեկարգման աշխատանքների համար կկիրառվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցներ»։ 

Հիշեցնենք, որ ս․թ․ փետրվարին Բնապահպանական հանրային դատարանը քննեց «Երևանի Դալմայի այգիների շարունակական զավթման վերաբերյալ» գործը և վճռեց Երևանի էկոլոգիական անվտանգությունը խաթարած՝ Դալմայի այգիների առնչությամբ թույլ տրված օրինախախտումները ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն: Այնուհետ վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

ՀՀ դատախազությունն արձագանքել է Բնապահպանական հանրային դատարանի կողմից ուղարկված վճռին՝ հայտնելով, որ դատախազությունը քննարկում է իրեն ներկայացված նյութերը։

Լուսանկարը՝ Մարի Չաքրյանի

20:30 Մայիս 08, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news