ՀՀ դատախազության պատասխանը Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ Բնապահպանական հանրային դատարանի վճռի կապակցությամբ

ՀՀ դատախազության պատասխանը Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ Բնապահպանական հանրային դատարանի վճռի կապակցությամբ

ԷկոԼուր

ՀՀ դատախազությունը Դալմայի այգիների խնդրի վերաբերյալ Բնապահպանական հանրային դատարանի վճռում բարձրացված հարցերը համարում է հանցագործության մասին փաստական տվյալ չպարունակող:

«Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանին ուղղված ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վ. Ռաֆայելյանի 2020թ-ի մայիսի 26-ի թիվ 5/5/14609-2020 նամակում նշված է.

«Բնապահպանական հանրային դատարանի ԲՀԴ 01/20 վճռի վերաբերյալ հայտնում եմ, որ դեռևս 2019թ. դեկտեմբերի 16-ին Երևան քաղաքի «Դալմայի Այգիներ» կոչվող տեղանքում շինարարություն իրականացնող կազմակերպության կողմից հուշարձաններ վնասելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի ընթացքում պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ ՍՊԸ-ի կողմից քանդվել է Դալմայի այգում գտնվող գինու հնձանը:

Բացի այդ, Երևան քաղաքի դատախազը միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների հայտնաբերման, հաշվառման և պահպանման ոլորտի կարգավորումները վերանայելու անհրաժեշտությունն այն հաշվով, որպեսզի ապահովվի իրականում հուշարձանի արժեք ունեցող օբյեկտների հայտնաբերումն ու դրան համապատասխան կարգավիճակ տալը՝ հետագայում նմանօրինակ օբյեկտների հնարավոր վնասումը բացառելու նպատակով:

Միաժամանակ տեղեկացնում եմ նաև, որ, ի պատասխան դատախազության հարցմանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ քննարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Դալմայի Այգիներին» հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու հարցը:

Տեղեկացնում եմ նաև, որ վճռում բարձրացված այլ հարցերն ընդհանրական բնույթի են, հանցագործության հատկանիշներ պարունակող՝ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ փաստական տվյալ չի պարունակում, հետևաբար, այն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով չի կարող քննարկվել:

Միաժամանակ հայտնում եմ, որ Ձեր կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի կարգով հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու դեպքում դրանց օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»:

Հանրային դատավճռում հավաքված են տվյալներ՝ սկսած 2001 թ-ից, երբ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ սկսվեց Դալմայի այգիների հողատարածքներն ամենատարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխանցելու «կեղծ օրինական» գործընթացը։ Ներկայացված են Դալմայի այգիների՝ պատմամշակութային ժառանգության կարգավիճակի և հողօգտագործողների իրավունքների խախտման վերաբերյալ ապացույցներ, օրենսդրական խախտումներ, հանրային դատավարության ընթացքում հնչեցված փորձագիտական եզրակացություններ ու կարծիքներ։

Հանրային դատարանի հայտնաբերած խախտումները և ՀՀ դատախազությունից ակնկալվող գործողությունները նշված են հանրային դատավճռում:

ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջվում էր.

ա/ Պարզել Դալմայի այգիների հողերի քարտեզագրման, կադաստրային գրանցումների, կարգավիճակի եւ կատեգորիայի փոփոխման, հողերի հատկացման, օտարման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության օրինականությունը:

բ/ Պարզել, թե ինչ տարածք է զբաղեցրել Դալմայի այգին 1991թ. դրությամբ և ինչ տարածք է զբաղեցնումայն ներկայում,ստուգելով բոլոր հողհատկացումների, հողերի օտարման եւ օգտագործման տրամադրման, քարտեզագրման օրինականությունը:

գ/ Ստուգել 2001թ. Դալմայի այգիները պատմամշակութային հուշարձանների ցանկից հանելու հիմքերը և դրանց օրինականությունը:

դ/ Ստուգել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 31-ի «Տարածքների գոտիավորման և հողերի նպատակային նշանակության փոփոխության մասին» հ. 397-Ա որոշմամբ Երևանի Աթենքի, Լենինգրադյան, Սեբաստիա փողոցների և Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքների գոտիավորման սխեմայի և դրան համապատասխան նշված հողերի նպատակային նշանակությունների փոփոխման օրինականությունը:

ե/ Ստուգել ՀՀ կառավարության 11.01.2018թ. հ. 5-Ա որոշմամբ հաստատված ներդրումային ծրագրի, առանց մրցույթի «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին հողի հատկացման և կառուցապատման իրավունքի տրամադրման, հողօգտագործման իրավունքի գրավադրման, ներկայացված ծրագիրը ներդրումային համարելու օրինականությունը:

 

զ/ Ստուգել ՀՀ կառավարության 22.03.2018թ. հ. 308–Ա ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը հողամաս օտարելու մասին որոշմամբ 6,57 հեկտար մակերեսով, 457272 հազ. դրամ կադաստրային արժեքի ձեւավորման և հողամասը ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելու օրինականությունը:

է/ Ստուգել Երեւան քաղաքի Մոնթե Մելքոնյան 31 հասցեում «Երեւան պարկ» ընտանեկան ժամանցի եւ զվարճանքի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման 09.01.2019թ. /01.09.2019թ./ հ. ԲՓ-01 փորձաքննական դրական եզրակացության տրամադրման օրինականությունը:

ը/ Ստուգել «Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում նախատեսվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության» 22.02.2019թ. հ. ԲՓ-07 փորձաքննական դրական եզրակացության տրամադրման օրինականությունը:

թ/ Ստուգել «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակված հետևյալ նախագծերի օրինականությունը, դրանց համապատասխանությունը Երևանի գլխավոր հատակագծին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին.

Իսակովի պողոտայով, Լենինգրադյան և Աթենքի փողոցներով պարփակված տարածքների գոտիավորման և կառուցապատման նախագծի /2014թ./ Երեւան քաղաքի համար քաղաքաշինական ծրագրերի մշակման աշխատանքների շրջանակում՝ Երևանի «Դալմայի այգիներ» անտառպուրակային պատմամշակութային համալիրի ստեղծման ծրագրի /2017թ./, ինչպես նաև «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպելու մասին» հ. 3762-Ա որոշման՝ «Քաղաքաշինություն և ճարտարապետություն» ոլորտներին վերաբերող թեմաներում առաջարկվել է «Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի արևմտյան հատվածի կառուցապատման կարգավորման նախագծի և Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա նախագծային մայրուղուն հարող տարածքի «Պասկևիչի բլուրից հարավ» գոտևորման և կառուցապատման էսքիզային նախագծի օրինականությունը:

ժ/ Ստուգել Դալմայի այգու հողօգտագործողներին տրամադրված փոխհատուցումների համաչափությունը, հավասարաչափությունը, համարժեքությունը և դրանց աղբյուրները:

17:35 Հունիս 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news