Ապօրինի ծառահատում Վանաձորում. պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Ապօրինի ծառահատում Վանաձորում. պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ԷկոԼուր

Սույն թվականի օգոստոսի 17-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հատվել են արծաթափայլ եղևնիներ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը այդ ծառահատումների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին:

Հաղորդման մեջ ասված է.
«Հարգելի՛ պարոն Հարությունյան,
այսօր Վանաձորի Ազատամարտիկների պուրակի սկզբնամասում ապօրինի հատման են ենթարկվել արծաթափայլ հինգ եղևնիներ: Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի՝ բազմամյա տնկիները համարվում են անշարժ գույք:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի՝ համայնքների սեփականությանն են պատկանում տվյալ համայնքի սահմանագծի ներսում գտնվող հողերը, բացառությամբ պետությանը, քաղաքացիներին, իրավաբանական անձանց և սեփականության այլ սուբյեկտներին պատկանող հողերի:

Հետևաբար, վերոնշյալ տնկիները, որպես անշարժ գույք, պատկանել են Վանաձոր համայնքին, այսինքն՝ հանդիսացել են համայնքային սեփականություն: Ըստ այդմ՝ ապօրինի ծառահատմամբ խախտվել են համայնքի իրավունքները:
Ըստ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի՝ անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը (…) եթե այդ գործողություններն առնվազն զգալի վնաս են պատճառել, համարվում են հանցագործություն:
Որպես Վանաձոր համայնքի բնակիչ և նույն համայնքից ընտրված պատգամավոր՝ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հանցագործության մասին սույն հաղորդմանը, ինչպես նաև գործի հետագա ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել նաև ինձ»:

Լուսանկարն ու տեսանյութը վերցված են Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից:



16:51 Օգոստոս 18, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news