Նամակ կառավարությանը՝ Ամուլսարի ծրագիրը ի չիք է դարձնում Ջերմուկի զարգացման ծրագրի իրագործումը

Նամակ կառավարությանը՝ Ամուլսարի ծրագիրը ի չիք է դարձնում Ջերմուկի զարգացման ծրագրի իրագործումը

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, կրկնօրինակը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, Ջեմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին:

Նամակում ասված է. «Հայաստանն ընդունել է 2 իրարամերժ որոշումներ Ջերմուկ համայնքի զարգացման վերաբերյալ: Առաջինը Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին 2008թ-ի սեպտեմբերի 18-ի 1064 - Ն որոշումն է: Իսկ 2016թ-ին կառավարությունը հավանություն տվեց Ամուլսարի ոսկու հանքի նոր ծրագրին, որտեղ Ջերմուկ առողջարանը ճանաչվեց ազդակիր համայնք: Այս վերջին որոշումն ամբողջովին ի չիք է դարձնում Ջերմուկի զարգացման ծրագրի իրագործումը:

Ըստ Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի՝ Ջերմուկի առողջարանները պետք է ինտեգրվեին եվրոպական բարձրակարգ ծառայություններ մատուցող առողջարանների ցանցին: Ջերմուկում տարեկան 100 հազար զբոսաշրջային այցելություն պետք է ապահովեր: Հաշվարկվել էր զբոսաշրջությունից ստացվող եկամուտը տարեկան հասցնել 100 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի, ապահովել լրացուցիչ 4000 աշխատատեղ:

Խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին՝

1. ինչպե՞ս կգնահատեք Ջերմուկի զբոսաշրջության զարգացումը, եթե Ջերմուկ առողջարանային քաղաքը կվերածվի հանքարդյունաբերական բանավանի. ըստ «Lydian International» ընկերության Ամուլսարի ոսկու ծրագրի՝ զբոսաշրջիկների դոլարները կփոխարինվեն Ամուլսարի ծրագրի դոլարներով հանքագործների բնակության հաշվին, բաց հանքի շահագործման ընթացում կառաջանա ծանր մետաղներով հագեցած փոշի, Ջերմուկում կզգացվի վիբրացիա և աղմուկ

2. ինչպե՞ս կգնահատեք ռիսկերն այն ներդրումների համար, որոնք ուղղված են Ջերմուկ առողջարանի զարգացմանը՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի, էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրությանը, զբոսաշրջային ծառայությունների մատուցմանը, առողջարանների կառուցմանը, եթե Ջերմուկի զարգացման ծրագրով նախատեսված է Ջերմուկի բյուջեն լցնել տարեկան 100 միլիոն դոլլարով, իսկ Ամուլսարի ծրագրով՝ 10 տարվա ընթացքում պետբյուջե լցնել 485 միլիոն դոլարով, որից Ջերմուկին կհատկացվի փոքր մաս

3. ինչպե՞ս կգնահատեք սոցիալական ռիսկերը, երբ Ջերմուկի զարգացման ծրագրով նախատեսված է լրացուցիչ ստեղծել 4000 աշխատատեղ, իսկ Ամուլսարի ծրագրով ստեղծվելու է 1300 աշխատատեղ հանքի շինարարության փուլում, որը կտևի 2 տարի, շինարարության համար աշխատակիցների 70 տոկոսը կներգրավվեն Հայաստանի այլ մասերից և, հնարավոր է, այլ երկրներից, ապա հանքի շահագործման փուլում աշխատակիցների թիվը կկրճատվի մինչև 657 հոգու

4. ինչպես կգնահատե՞ք Ջերմուկի աշխատուժի և ենթակառուցվածքների զարգացման միտումը 10 տարուց հետո ռազմավարական առումով, երբ Ամուլսարի հանքը փակվի:

15:02 Օգոստոս 31, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news