Դավթաշենի ապօրինի ծառահատումների դեպքով ՀՀ դատախազությունում հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է

Դավթաշենի ապօրինի ծառահատումների դեպքով ՀՀ դատախազությունում հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է

ԷկոԼուր

Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմացի ծառերը հատող անձը Ա.Ս-ն է, որը 2017 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանական բացատրություն է տվել, որ 2017 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն պատկանող բենզասղոցով կտրել է թվով 23 բարդի տեսակի ծառ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված տարածքում ապօրինի հատվել է թվով 29 բարդի և թեղի տեսակի ծառեր: Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազությունը:

Բուսական աշխարին պատճառված վնասի չափը կազմել է 2.860.000 ՀՀ դրամ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի ցուցումով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Ս.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

16:20 Ապրիլ 12, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news