Սառցամագլցումը՝ Ջերմուկում ձմեռային տուրիզմի զարգացման նոր հնարավորություն

Սառցամագլցումը՝ Ջերմուկում ձմեռային տուրիզմի զարգացման նոր հնարավորություն

Լուիզա Աբրահամյան` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, ԷկոԼուրի համար

Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում զբոսաշրջիկներին և բոլոր ցանկացողներին սառցամագլցումը կմատուցվի որպես ծառայություն, եթե եղանակային պայմանները թույլ տան: «Էկոլուրի»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը։ Նրա խոսքով՝ սառցամագլցում պետք է կազմակերպվեր դեռ անցյալ ձմռանը, սակայն մեղմ եղանակը, ինչի արդյունքում բավարար ամրությամբ սառույց չձևավորվեց, խանգարեց դրա իրագործմանը:

Հայաստանում սառցամագլցման կանոնավոր ծառայություն երբեք չի եղել, և այս սպորտաձևի զարգացումը նոր ձմեռային հետաքրքրություն է: Նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ 2014 թ-ից: «Ներկայումս հիմանականում ժայռամագլցման վրա ենք կենտրոնացած: Վերջինս սառցամագլցման նախնական փուլն է: Ջերմուկում ունենք մշակված ժայռային ուղիներ, որոնք 2019 թ-ին կհամալրվեն ևս յոթով», - նշեց Վազգեն Գալստյանը:

Ջերմուկում ձմռանն անցկացվող միջոցառումներից է «Ձնեմարդուկ. Ձնեարվեստի փառատոն»-ը, որն իր շուրջն է համախմբում ձմեռային խաղերի, մարզաձևերի սիրահարներին և նպաստում ձմեռային զբոսաշրջության զարգացմանը: Քանդակներ պատրաստելու գործընթացում հիմնականում մասնակցում են Ջերմուկ քաղաքի երեխաները: Վազգեն Գալստյանի խոսքով՝ մասնակցում են նաև Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողները, ովքեր փորձից զատ ստանում են նաև վկայական և կարող են մասնակցել միջազգային սիմպոզիումներին:

Ձմեռային հետաքրքրությունների մեծ շրջանակը նպաստում է տուրիստական հոսքի մեծացմանը։ Ջերմուկում կան ձմեռային հեծանվավազքի, դահուկավազքի զարգացման մեծ ռեսուրսներ: «Ջերմուկը Հայաստանում միակ վայրն է, որտեղ ձմռան երեք ամիսներին հնարավոր է իրականացնել սառցամագլցում: Այստեղ կան և՛ մարդկային, և՛ նյութական ռեսուրսներ: Պարզապես մասնագիտական և տեխնիկական ներուժի կարիք կա», - հավելեց Վազգեն Գալստյանը:

04:00 Հունվար 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news