Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի «կանաչ» խոստումները

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի «կանաչ» խոստումները

ԷկոԼուր

Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոստանում է բնապահպանության ոլորտում իրականացնել «հեռանկարային և հավակնոտ ծրագրեր»:

«Երևանի համար նոր աղբավայրի կառուցումը և հին աղբավայրերի մեկուսացումը, աղբի տեսակավորումն ու վերամշակումը մեր առաջնահերթությունների շարքում են։ Այդ շարքում է նաև կանաչ տարածքների շարունակական ավելացումն ու խնամքը», - նշված է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում։

Քվեաթերթիկում 3-րդ համարի ներքո հանդես եկող ՀՀԿ-ն 2017-2022 թթ-ին խոստանում է իրականացնել կոշտ թափոնների կառավարման բարեփոխումների ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը։ Ծրագրով նախատեսվում է.

- Երևան քաղաքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր,
- կառուցել աղբի տեսակավորման և վերամշակման գործարան,
- մեկուսացնել, բարեկարգել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը,
- կառուցել արտանետվող գազերի հավաքման և այրման կայան, տեղադրել գեներատոր էլեկտրաէներգիայի ստացման համար։
ՀՀԿ-ն նաև խոստանում է իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան և միասնական մոտեցումներով կանաչապատման աշխատանքներ՝ նոր օպերատորի ներգրավմամբ։ Այստեղ նախատեսվում է.
- ձեռք բերել կանաչապատման ժամանակակից մեքենա-սարքավորումներ,
- կիրառել կանաչապատ տարածքների խնամքի նորագույն մոտեցումներ (ոռոգում, կանաչապատում, ծաղկապատում, խնամք),
- ավելացնել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները,
- կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում կիրառել այլընտրանքային կանաչապատում,
- ապահովել ոռոգման ցանցի ընդլայնման և նորոգման շարունակականությունը,
- ներդնել կանաչապատման ծառայությունների էլեկտրոնային վերահսկման մեխանիզմներ։

Իր նախընտրական ծրագրում Հանրապետական կուսակցությունը նախատեսում է հիմնել հանգստի նոր գոտիներ, վերականգնել այգիները և զբոսայգիները: ՀՀԿ-ի ծրագրի համաձայն.
- կիրականացվեն Երևանի 2800-ամյակին նվիրված այգու կառուցման աշխատանքները;
- կիրականացվեն Կոմիտասի այգու հիմնանորոգման և ընդլայնման աշխատանքները;
- կապահովվի Երևանի բուսաբանական այգու վերականգնման և արդյունավետ շահագործման ծրագրի իրականացումը;
- Կիրականացվի Ծիծեռնակաբերդի անտառպուրակային տարածքի վերականգնման ծրագիրը;
- քաղաքի բուֆերային գոտու ձևավորման համատեքստում կապահովվի ծառատունկերի շարունակականությունը;
- կսահմանվի կառուցապատման ենթակա տարածքներում պարտադիր կանաչապատման նվազագույն բաղադրիչը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:

19:14 Մայիս 02, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news