Դավթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվողը բնապահպան է, նրան ազատ արձակեցին

Դավթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվողը բնապահպան է, նրան ազատ արձակեցին

Արփինե Սիմոնյան, www.aravot.am

Դավթաշեն վարչական շրջանում 23 բարդի հատելու համար ձերբակալված Ա. Ս.-ն ազատ է արձակվել: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը: «Ոչ թե հատման մասին է խոսքը, այլ խորը էտման, դրանք տարբեր բաներ են: Ձերբակալումից 72 ժամը լրանալու կապակցությամբ արգելանքից ազատելու որոշում է քննիչը կայացրել, դուրս ենք եկել, բայց քննիչը խափանման միջոց կալանք ընտրելու մասին դատարան միջնորդություն է ներկայացրել»,- ասաց պարոն Մելքոնյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:

Հիշեցնենք, որ այս դեպքին արձագանքել է նաեւ ՀՀ նախագահը՝ կատարվածը բարբարոսություն որակելով: Փաստաբան Մելքոնյանի համոզմամբ, թյուրըմբռնման արդյունքում ակնհայտ ապօրինի որոշումներ են կայացվում, հասարակությանն էլ ներկայացվում է խեղաթյուրված տեղեկատվություն. «Այդ ծառերը իմ պաշտպանյալն է տնկել քսան տարի առաջ, խնամել է իմ պաշտպանյալը: Զովունիում ունի տասը հազարից ավելի տնկած ծառեր, լինելով բնապահպան՝ այսօր մեղադրում են մի բանի մեջ, որը երբեք չէր կարող կատարել: Այսօր միայն մի մտահոգություն ունենք, որ իր կողմից խորը էտած ծառերը հանկարծ քաղաքապետարանի կողմից չհատվեն, որովհետեւ մի ամիս հետո այդ ծառերը թարմ ճյուղեր են տալու»: Փաստաբանի խոսքով, ուռճացվել են նաեւ ծառերի քանակը ու պատճառված վնասի չափը: Պարոն Մելքոնյանը վստահեցնում է՝ իր պաշտպանյալը նույնիսկ զրո լումայի վնաս ծառերին չի հասցրել. «Երեք հատ ծառ կա հատված, որի հետ իմ պաշտպանյալը բացարձակապես կապ չունի… իմ պաշտպանյալը գնացել է ոստիկանություն, հայտնել է եղածի մասին, ներկայացրել է սղոցը, հայտնել՝ ինչ մեքենայով է տեղափոխել, ինչի համար է արել: Նա ունի չորս անչափահաս երեխա, երկրորդ կարգի հաշմանդամ մայր, ամբողջ կյանքում բնության համար պայքարած մարդուն մեղադրում են մի բանի համար, որը ինքը չի արել, ու ամենասարսափելին այն է, որ գտնում են, ար այդ մարդուն պետք է կալանավորել»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի գնահատականին՝ կատարվածը բարբարոսություն է, պարոն Մելքոնյանն ասաց. «Նախագահն այստեղ խնդիր չունի, նրան զեկուցողը խնդիր ունի: Հանրապետության նախագահին ասել են՝ մեկը ապօրինի ծառերը կտրել է, այն մարդն էլ ասել է՝ տարեք, օրենքի սահմաններում պատասխանատվության կանչեք, բայց ճիշտը չեն ներկայացրել հանրապետության նախագահին, այստեղ է շան գլուխը թաղված»:

 

17:18 Ապրիլ 15, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news