Ալավերդու պղնձաձուլարանը 380 միլիոն դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին

Ալավերդու պղնձաձուլարանը 380 միլիոն դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ավարտել է ստուգումներն Ալավերդու պղնձաձուլարանում: Մթնոլորտային օդի, ջրերի աղտոտման, թափոնների ոչ պատշաճ պահպանման հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությանը վճարելու համար: Այս մասին հայտարարել է տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում: Գրիգորյանը նշել է, որ տեսչական մարմինը պետք է խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական տա ընկերությանը:

Որոշվել է հանրային քննարկման միջոցով սահմանել հանձնարարականները:

«Նախապես որոշվել էր ընկերությանը պարտավորեցնել իրականացնել որոշակի միջոցառումներ արտանետումները նվազեցնելու համար, սակայն ընկերության ներկայացուցչի հետ այդ հարցը քննարկելիս եկանք այն եզրահանգման, որ դա ինքնախաբեություն է, որով զբաղվել են նախորդ իշխանությունները՝ տրված թույլտվությանը զուգահեռ 2013-2017 թթ-ի համար նմանօրինակ պայմաններ ներկայացնելով: Դրանք իմիտացիոն պայմաններ էին, որոնք չէին կարող իրականացվել (ֆիլտրեր տեղադրելու և այլ եղանակներով ծծմբի անհիդրիդի և այլ տարրերի արտանետման ծավալների նվազեցում 90 և այլ տոկոսներով և այլն):

Իրավիճակից ելնելով՝ մենք ընկերությանն առաջարկեցինք այս հարցի վերաբերյալ Ալավերդիում կազմակերպել հանրային քննարկում և իրականության վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը ներկայացնել մարդկանց: Հանրային քննարկման արդյունքում կներկայացվի առկա իրողությունը և ձուլարանի հետագա գործունեության հնարավոր հեռանկարները: Քննարկման արդյունքները կնպաստեն, որ բնապահպանական տեսչությունը հստակեցնի ստուգման արդյունքներով ներկայացվելիք հանձնարարականի շեշտադրումները:

Անձամբ ինձ համար սա նաև լուրջ մարտահրավեր է հետագայում ևս վարչարարության և պետական մարմնի կողմից որոշումների ընդունման գործընթացում հանրային գործուն մասնակցություն ապահովելու համար, ինչը կարող է լինել ուղիղ ժողովրդավարության պրակտիկ դրսևորում», - գրել է Արթուր Գրիգորյանը:

Քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին` ժամը 11:00-ին, Ալավերդու մշակույթի պալատում:

14:24 Սեպտեմբեր 28, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news