Հայաստանի 8 քաղաքներ կմասնակցեն «Մոլորակի ժամ» համաշխարհային արշավին

Հայաստանի 8 քաղաքներ կմասնակցեն «Մոլորակի ժամ» համաշխարհային արշավին

ԷկոԼուր

Հայաստանի 8 քաղաքներ մարտի 19-ն կմասնակցեն «Մոլորակի ժամ» համաշխարհային արշավին, նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել՝ լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:

ԷկոԼուրը ճշտեց, թե ԵՄ-ի նախաձեռնած Քաղաքապետերի Դաշնագրին միացած Հայաստանի որ քաղաքներն են մասնակցելու այս արշավին: «Մոլորակի ժամ» արշավին  կմասնակցեն Երեւանը,  Սպիտակը, Աշտարակը, Արթիկը, Գյումրին, Դիլիջանը եւ Հրազդանը: Ակցիայի մասնակիցները լույսերը կմարեն 20:30-ից 21:30-ը /տեղական ժամանակով/:

Քաղաքապետերի Դաշնագիրն ստորագրող քաղաքները նպատակ ունեն մինչև 2020թ. ածխաթթու գազի (CO2) արտանետումները նվազեցնել առնվազն 20%-ով:

Երեւանում կանջատվի  մայրաքաղաքի շենքերի և խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին և փողոցային լուսավորությունը:  Նաեւ այս տարի Երևանում տեղի կունենա հեծանվային ֆլեշ-մոբ երթ, որը կմեկնարկի Մաշտոցի պուրակից ժամը 20:30՝ շարժվելով քաղաքի կենտրոնական փողոցներով: ֆլեշ-մոբ երթը միտված է հասարակությանը ներգրավել «Մոլորակի ժամ» ակցիային՝ խթանելով այլընտրանքային տրանսպորտի օգտագործման ծավալների ավելացումը: Բացի հեծանվային երթից Մաշտոցի պուրակում տեղի կունենա համերգային ծրագիր «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խմբի և «Խազեր» երգչախմբի մասնակցությամբ, որը կսկսվի երեկոյան 20:20:

ԷկոԼուրը նույնպես միանում է «Մոլորակի ժամ» արշավին եւ կոչ է անում բոլորին խնայել մեր ռեսուրսները եւ նպաստել մեր կենսամիջավայրի բարելավմանը:

«Մոլորակի ժամ» համաշխարհային արշավը կանցկացվի աշխարհի 170 երկրներում: Այն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել է իրենց տների լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

15:27 Մարտ 17, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news