«ԷկոԼուրի» հարցումն ու Երևանի քաղաքապետարանի պատասխանը Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ

«ԷկոԼուրի» հարցումն ու Երևանի քաղաքապետարանի պատասխանը Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2023թ. հունվարի 25-ին նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ:

«ԷկոԼուրի» հարցման մեջ նշված է. 

«Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 9-ի N204-Ա որոշումը, դրա հիման վրա Երևանի քաղաքապետի կողմից 2014 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամագրվելու վերաբերյալ փաստաթուղթը՝ Երևան քաղաքի ավագանին 2016թ. հունիսի 24-ին N 558-Ն որոշմամբ հաստատել է Երևան քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը»։ Ծրագրի համաձայն՝ մինչև 2020թ. քաղաքային կենցաղային կոշտ թափոնների կառավարման ոլորտում էներգախնայողությունը պետք է կազմեր 7,000 ՄՎտԺ/տարի, CO2 արտանետումների կրճատումը՝ 44,644 տոննա կամ 18%: Նուբարաշենի քաղաքային կոշտ կենցաղային թափոնների աղբավայրից նախատեսված էր մեթանի կորզում և էլեկտրաէներգիայի արտադրություն: Այս կապակցությամբ «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրում նշված է. «2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանը ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի հետ, Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի ներքո կնքեց համաձայնագիր՝ Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի վերաբերյալ, որը կնպաստի աղբավայրում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը: Նուբարաշենի գործող թափոնակուտակիչում՝ մոտ 8 հա տարածքում, փորված հորատանցքերով և հորիզոնական գազամուղերով, մխոցների միջոցով մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ (ջահ) և այրվում: Ծրագրի իրականացման տևողությունը 16 տարի է: Պայմանագրի գործողության ժամանակահատվածում՝ մինչև 2023թ., ըստ հաշվարկների, պետք է իրականացվի 512 հազար տոննա СO2 գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում:… Նուբարաշենի մեթանի կորզման ընդլայնված ծրագրի ակնկալվող տարեկան արտադրանքը գնահատել որպես մոտ 44,644 տ CO2 համարժեք ջերմոցային գազի արտանետման կանխարգելում և մոտ 7.0 մլն կՎտժ էլեկտրական էներգիայի արտադրություն՝ սկսած 2019թ.»:

Երևանի կանաչ գործողությունների ծրագրում կարճաժամկետ գործողությունների թվում նշված է «ՔԿԿԹ-ների համար նոր սանիտարական աղբավայրի կառուցում, ինչպես նաև շահագործում (ՊՄԳ նախագիծ), Նուբարաշենի և Աջափնյակի գոյություն ունեցող աղբավայրերի փակում և բարելավում» գործողությունը, որի ժամկետ էր սահմանված 2018-2020թթ., շարունակվող մինչև 2030թ.: Այս ծրագրի իրականացման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը տրամադրել է 8 միլիոն եվրոյի վարկ, Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել է 8 միլիոն եվրոյի վարկ, Եվրոպական միությունը՝ 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ, Շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը (E5P)՝ 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ:

Երևանի կանաչ գործողությունների ծրագրով կարճաժամկետ գործողություններից է նաև «Դիտարկել հանրային-մասնավոր գործակցության շրջանակներում ԿԿԹ տեսակավորման և վերամշակման գործարանի կառուցման հնարավորություն» միջոցառումը, ժամկետը նշված է 2018-2020թթ., հետաձգման հնարավորությամբ, ինչպես նաև «Երևանի համար Թափոնների կառավարման տասնամյա ծրագրի մշակում» միջոցառումը, ժամկետը նշված է 2018-2019 թթ.:

 «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տեղեկացնել.

· 2023թ. Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի ավարտից հետո արդյո՞ք նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրում մեթանի այրման շարունակում և ի՞նչ ընկերություն է իրականացնելու այդ աշխատանքը:

· Ինչո՞ւ Նուբարաշենի աղբավայրում չի իրականացվել էլեկտրաէներգիայի արտադրություն: Եվ այս պարագայում Նուբարաշենի աղբավայրում տարեկան որքա՞ն է կազմել էներգախնայողությունը և իրականում որքա՞ն ջերմոցային գազի արտանետում է կրճատվել աղբավայրում 2009-2023թթ. ընթացքում:

· Ի՞նչ փուլում է գտնվում «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի հարևանությամբ նոր սանիտարական աղբավայրի կառուցումը, Նուբարաշենի աղբավայրի փակումը:

· «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» իրականացման ժամկետի երկարաձգումն արդյոք որևէ՞ խնդիր առաջացնում է վարկային պարտավորությունների տեսանկյունից:

· Ի՞նչ փուլում են գտնվում Երևանի կանաչ գործողությունների ծրագրով նախատեսվա «Դիտարկել հանրային-մասնավոր գործակցության շրջանակներում ԿԿԹ տեսակավորման և վերամշակման գործարանի կառուցման հնարավորություն» և Երևանի համար Թափոնների կառավարման տասնամյա ծրագրի մշակում» միջոցառումների իրականացման աշխատանքները»:

Ի պատասխան ս.թ. փետրվարի 6-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը №01/16562-23 գրությամբ հայտնել է. 

«Երևանի քաղաքապետարանի և «Շիմիձու» կորպորացիայի միջև 10.03.2009թ.-ին «Նուբարաշենի աղբավայրում բիոգազի հավաքման աշխատանքների իրականացման մասին» ՄԶՄ ծրագրի ներքո կնքված համաձայնագիրը, ճապոնական կողմի դիմումի համաձայն, դադարեցվել է՝ ելնելով կողմերի միջև 31.10.2021թ.-ին կնքված համաձայնագրից, և համաձայն Երևանի քաղաքապետի 2022 թվականի հունվարի 26-ի թիվ 271-Ա որոշման Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում կենսագազի հավաքման և այրման կայանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲ ընկերությանը՝  հետագա շահագործման և պահպանման նպատակով։

 Նուբարաշենի աղբավայրում ջերմոցային գազերի կրճատման արդյունքում էլեկտրական էներգիայի արտադրություն չի իրականացվել՝ ելնելով մեթան գազի կորզման իրական և ծրագրի ընթացքում ակնկալվող արդյունքների անհամապատասխանությունից՝ կախված կորզված գազի քանակական և որակական ցուցանիշներից։ Հավելեմ նաև, որ 2009-2023թթ. ընկած ժամանակահատվածում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ծավալները (CO2 գազի արտանետումներին համարժեք) կազմել են 176,959 տ։

Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման մրցույթը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին չեղյալ է համարվել:

Ներկայումս Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվում է վերոհիշյալ մրցույթի չկայացման պատճառների վերհանման ուսումնասիրություն, ինչպես նաև իրականացվում է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որպեսզի սահմանվի նոր հայտարարվելիք մրցույթի ձևաչափը և չափորոշիչները:

Ինչ վերաբերում է Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման արդյունքում վարկային պարտավորություններին վերաբերվող խնդիրների առաջացմանը, ապա նշենք, որ սույն վարկը հանդիսանում է սուվերեն վարկ և համապատասխան պարզաբանում կարող է տրամադրել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Երևանի կանաչ գործողությունների ծրագրով նախատեսված «հանրային-մասնավոր գործակցության շրջանակներում ԿԿԹ տեսակավորման և վերամշակման գործարանի կառուցման հնարավորություն» միջոցառման իրականացումը կդիտարկվի նոր սանիտարական աղբավայրի կառուցումից հետո»։

Փետրվար 08, 2023 at 13:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր