LILA ծրագրի շահառուները հաջողությամբ մասնակցեցին Երևանում անցկացված Գինու փառատոնին

LILA ծրագրի շահառուները հաջողությամբ մասնակցեցին Երևանում անցկացված Գինու փառատոնին

Սույն թվականի հունիսի 7-9-ին Երևանում անցկացված Գինու փառատոնին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շահառուները ներկայացան «Արթչիզ» ապրանքանիշի պանիրների տեսականիով,  «Բերկրի» և «Կրիա» ապրանքանիշների գինիներով։

Ծրագրի նպատակն է բարելավել հեռավոր շրջաններում ֆերմերների, գյուղական բիզնեսների եկամուտները և գյուղական բնակչության բնական ապրուստի միջոցները՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման և կառավարման շնորհիվ:

Ծրագրի այս բաղադրիչն իրականացնում է  «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն: 
LILA ծրագրի աջակցությամբ Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրում «Արթչիզ» պանիրների արտադրամասն ունեցավ պանրի համտեսի սրահ։ «Համտեսի սրահի շնորհիվ մեր արտադրությունն ընդլայնվեց, բիզնեսի տեսակետից շահույթը մեծացավ։ Հիմա մեր համտեսի սրահում գինու հետ համտես ենք կազմակերպում։ Զբոսաշրջիկների այցելության մեծ հոսք կա»,- գինու փառատոնի ժամանակ Էկոլուրի հետ զրույցում ասաց «Արթչիզ» պանիրների արտադրամասի տնօրեն Արթուր Նազարյանը։

Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրում գործող «Բերկրի» ապրանքանիշի ռեստորանը, գինու արտադրամասը և հյուրատունը ներկայացնող Դավիթ  Ավետիսյանն էլ ասաց, որ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն օժանդակել է հյուրատան կառուցման հարցում՝ ապահովելով 50 տոկոս ներդրում։ «Օգնեցին, որ գործին ավելի շուտ ընթացք տանք։ Արդեն հյուրատունն աշխատում է»,- ասաց Դավիթ Ավետիսյանը։ Գինու փառատոնին էլ մասնակցում էին կրկին ՌԶԳ-ի աջակցությամբ։

Վայոց ձորի մարզի Վերնաշեն բնակավայրում գործող «Կրիա» գինու գործարանի տնօրեն Տաթևիկ Գաբրիելյանը նշեց․ «Մեզ ՌԶԳ-ն օգնել է Գինու փառատոնում հանդես գալ մեր նոր արտադրանքով, որի համար շատ շնորհակալ ենք։ Մենք փոքրիկ ընտանեկան գործարան ենք, որը գտնվում  է Վերնաշենում։ Աշխատում ենք տեղածին սորտերի հետ՝ այգիների օրգանական մշակմամբ։ Ունենք սեփական այգիներ, սեփական գործարան։ ՌԶԳ-ն օգնում է, որպեսզի մենք կարողանանք զարգացնել մեր տուրիզմի կողմը, որովհետև մինչև այժմ մենք կենտրոնացել ենք լավ գինիներ  պատրաստելու մեջ։ Վերնաշենում պատրաստվում ենք գինու համտեսի սրահ ունենալ այգիներում, որը մեծ ներդրում կունենա տուրիզմի մեջ»։

ՌԶԳ ՀԿ-ի   կողմից LILA ծրագրի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի համար պատասխանատու Լիլիա Թորոսյանը  նշեց, որ բացի տեղական բիզնեսին աջակցություն ցուցաբերելը, իրենք նպաստում են տեղի բիզնեսի կարողությունների զարգացմանը: «Ծրագրի շրջանակներում իրենք մասնակցել են թրեյնինգների, վաճառքի դասընթացների, ցուցահանդեսների, գործարար կապեր հաստատել։ Նաև գործողումներ ենք նախատեսում ապագայում։ Համագործակցում ենք տուր օպերատորների հետ, որոնք ծրագրի շահառուների կողմից մատուցվող ծառայությունները ներառում են իրենց փաթեթներում, որի արդյունքում ավելանալու է զբոսաշրջային հոսքը»,- ասաց նա։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» 7-ամյա ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը օժանդակում և փոխլրացվում է «Հարավայում Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով և իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան գրասենյակը (Հայաստանում՝ WWF-Հայաստան):

Հունիս 13, 2024 at 12:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր