ԷկոԼուր
2014 թվականին Երեւանում նախատեսվում է 50 000 ծառ եւ թուփ տնկել: Այս մասին նշված է Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրի նախագծում: Նախագծում նաեւ նշված է, որ կտնկվի նաեւ շուրջ 500 հազար վարդակակաչի սոխուկ։ Մայրաքաղաքի ծաղկանոցները կհամալրվեն շուրջ 2200 հազար ծաղկասածիլներով, ինչը կապահովվի 7.0 հա ծաղկային մակերես: Կտեղադրվի 90 կոմպոզիցիա, կձեւավորվի շուրջ 20 հազ. ծառ։ «Նախատեսվում է բարելավել 10-15 հա եւ վերանորոգել ու բարեկարգել 4-5 հա սիզամարգ.
- Արաբկիր վարչական շրջան՝ Կոմիտասի պողոտա (Փափազյան-Ազատության)
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ Մյասնիկյան-Ռուբինյանց հանգույց
- Նոր –Նորք վարչական շրջան՝ Թեւոսյան փողոց:
2014թ. նախատեսվում է կառուցել 18-22 կմ երկարությամբ նոր ոռոգման ցանց եւ տեղադրել պոմպակայաններ, որի դեպքում հնարավոր կլինի ոռոգել 70-75 հեկտար կանաչ զանգված:
- Շենգավիթ վարչական շրջան՝ Բագրատունյաց պող. (Գ. Նժդեհի հրապարակից մինչեւ Երեւանյան լիճ), Արտաշիսյան պող. (Չեխով փող.)
- Կենտրոն վարչական շրջան՝ Իսակով պող.
- Արաբկիր վարչական շրջան՝ Գրիբոյեդով փող.
- Արաբկիր վարչական շրջան՝ Վաղարշյան փող.
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ Ահարոնյան փող.
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ Պ. Սեւակ փող (Ազատություն-Ուլնեցի)
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Օհանով փող., Բաբաջանյան փող.»,- նշված է նախագծում:
Փաստորեն Երեւանի 12 վարչական շրջաններից միայն 6-ում կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, իսկ մյուս վեցյակը` Դավիթաշենը, Էրեբունին, Աջափնյակը Ավանը, Նորք Մարաշը, Նուբարաշենը կմնան ուշադրությունից դուրս:
Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրի նախագծի հանրային քննարկումները մեկնարկել են նոյեմբերի 18-ին: Դրանք կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 2-ը: Դեկտեմբերի 2-ին` ժամը 15.00-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա նախագծի հանրային բաց լսումներ։
Նոյեմբեր 19, 2013 at 17:20