«Արմօյլ» ՓԲԸ-ն շարունակում է նավթավերամշակման գործարանի շինարարությունը, տեսչական մարմինը կդիմի ՀՀ ոստիկանություն

«Արմօյլ» ՓԲԸ-ն շարունակում է նավթավերամշակման գործարանի շինարարությունը, տեսչական մարմինը կդիմի ՀՀ ոստիկանություն

ԷկոԼուր

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ՓԲԸ-ն շարունակում է նավթավերամշակման գործարանի շինարարությունը: Այս մասին ԷկոԼուրին սույն թվականի հուլիսի 25-ին ահազանգեց քաղաքացի Հայկ Թուֆենկյանը` ԷկոԼուրին տրամադրող ահազանգը հաստատող տեսանյութ և լուսանկարներ: Նա նշեց, որ գործարանի տարածք են բերվում նոր սարքավորումներ, անցկացվում են գազատար խողովակներ:
ԷկոԼուրն ահազանգը փոխանցեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Նշենք, որ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը դեռ հուլիսի 16-ին որոշում է կայացրել կասեցնել «Արմօյլ» ՓԲԸ-ի նավթավերամշակման գործարանի շինարարությունը,քանի որ գործարանի շինարարությունը սկսելուց առաջ ընկերությունը չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսվող գործարանի կառուցման`շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։ Տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արթուր Գրիգորյանը տեղյակ է իրավիճակից: Նախկին ահազանգից հետո նա եղել է գործարանի տարածքում և զգուշացրել, որպեսզի շինարարություն չիրականացվի: Այնուամենայնիվ, «Արմօյլ»-ը շարունակում է չկատարել տեսչության որոշումը:

«Ներկայում նյութեր են նախապատրաստվում, որպեսզի դիմենք ՀՀ ոստիկանություն տեսչական մարմնի կայացրած որոշման իրականացումն ապահովելու նպատակով», - հաղորդեց Նաիրա Աղաբաբյանը:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով` նավթավերամշակման արտադրությունը ենթակա է փորձաքննության որպես «Ա» կատեգորիայի ամենաբարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն:








15:24 Հուլիս 25, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news