ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգին որպես եզակի և ինքնատիպ ազգային հարստություն, նրա պահպանությանը խոչընդոտող խնդիրները

ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգին որպես եզակի և  ինքնատիպ ազգային   հարստություն,   նրա   պահպանությանը   խոչընդոտող   խնդիրները

ԷկոԼուր

Ի պատասխան Haynews.am կայքում տպագրված «Բուսաբանական այգին անտերության և անուշադրության է մատնված» հոդվածին, «ԷկոԼուր»-ը նամակ ստացավ  Բուսաբանության ինստիտուտից, որի ենթակայության տակ է գտնվում բուսաբանական այգին: Նամակում ասված է. «ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգին գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն է, որի գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը,  ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը,  էկոլոգիական նոր պայմաններին  դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ  ներդրումը:

Երևանի կիսաանապատային գոտում գտնվող  այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար: Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար:

Բնակչության էկոլոգիական կրթության և կենսաբազմազանության իրազեկվածության բարձրացման վերաբերյալ չափազանց կարևոր դեր է կատարում այգու տարածքում ստեղծված կենսաբազմազանության պահպանության կենտրոնը: Ներկայումս Երևան քաղաքի և հանրապետության մյուս բնակավայրերի կանաչ տնկարկներում աճեցվող շուրջ 350 տեսակ ծառերն ու թփերը և մոտ 200 անվանում ունեցող ծաղկային բույսերը ներմուծվել, ուսումնասիրվել և առաջարկվել են բուսաբանական այգիների գիտնականների կողմից:

Բուսաբանական այգին վերջին 1.5-2 տասնամյակների ընթացքում չափազանց կարևոր աշխատանք է կատարում նաև Հայաստանի բուսական աշխարհի հազվագյուտ ու անհետացող, էնդեմիկ ու ռելիկտ /ՀՀ Կարմիր գրքում գրանցված/ բուսատեսակների գենոֆոնդի ex situ պահպանության նպատակով, որն անմիջականորեն բխում է «Կենսաբազմազանության մասին» Կոնվենցիայի և Հայաստանի պարտավորություններից:

Ex situ պահպանություն:  Հայաստանի «Ֆլորան և բուսականություն»-ը կոլեկցիոն հողամասը հանդիսանում է հանրապետության այն եզակի գիտական վայրերից մեկը, որտեղ արդեն շուրջ 57 տարի իրականացվում է Հայաստանի բուսական աշխարհի բազմազանության պահպանում և հետազոտում: Նշված ժամանակահատվածում հողամասում մշակության պայմաններում աճեցման և պահպանման փորձարկումներ են կատարվել բույսերի ավելի քան 1000 տեսակի նկատմամբ: Ներկայումս կոլեկցիոն հողամասում առկա է մոտ 600 տեսակ:

Հայաստանի «Ֆլորան և բուսականություն»-ը կոլեկցիոն հողամասը հիմնադրվել է  դեռևս 1935թ. անվանի գիտնականներ` Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոյևայի կողմից: ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ: Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն:

Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ). Հողամասում աճեցվող հազվագյուտ տեսակներից են. Galanthus alpinus,  Centaurea erivanensis, Astragalus paradoxus, Onobrychis hajastana, Ribes armenum, Iris elegantissima, Iris grossheimii, Triticum araraticum,  Triticum urartu,  Zelkova carpinifolia և այլն:

Հողամասի մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին (ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն):   

Նշված խումբ բուսատեսակների գիտական հավաքածուների ստեղծումը բուսաբանական այգիներում և դրանց էկոլոգիական հարմարողականության բացահայտումը ex situ պայմաններում ունի չափազանց կարևոր գիտական և գործնական նշանակություն:

Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը (շուրջ 30 տեսակ), ծաղկային բույսերինը 12 նոր գեղազարդ անվանումներով: Վերականգնվել և գեղազարդ ձևավորվել է բուսաբանական այգու կենտրոնական մասում գտնվող 2000 մ2 մակերսով կոլեկցիոն վարդանոցը, որտեղ ներկայացված են վարդի 20 սորտե շուրջ 800 թուփ: Բարեկարգվել և գեղազարդ ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 անվանում ներկայցնող ավելի քան 1000 հատ ծառաբույս, մեծ մասը պարտիզային ձևեր:

Երևանի Բուսաբանական այգու միջազգային կապերն ընդգրկում է աշխարհի շուրջ 40 բուսաբանական գիտական հաստատություն:

Չնայած վերը նշվածին, ներկայումս բուսաբանական այգին ի վիճակի չէ պատշաճ կերպով իրականացնելու իր գործունեությունը` կապված անբավարար ֆինանասավորման հետ: Այգին, հանդիսանալով բուսաբանության ինստիտուտի բաղկացուցիչ ստորաբաժանումներից մեկը, ֆինանսավորվում է ինստիտուտի խիստ անբավարար բազային ֆինանսավորման շրջանակներում, որով բոլորովին հնարավոր չէ իրականացնել իր գիտա-կազմակերպական և արտադրական բնականոն գործունեությունը: Այգու գործունեությունն ընդգրկում է ֆինանսական խոշոր հատկացումներ պահանջող հետևյալ ոլորտները և խնդիրները.

  • Այգու շուրջ 80 հա տարածքում շուրջօրյա պահպանության (պահակային ծառայության) գրեթե բացակայությունը: Պահպանությունն իրականացվում է ինստիտուտի ուժերով, որը խիստ անբավարար է:
  • Բուսաբանական այգու մոտ 5 կմ երկարությամբ (բետոնապատ և մետաղյա ճաղավանդակներով) պարիսպը և ցանկապատը (շուրջ 60 տարվա) պահանջում է հիմնանորոգում: Ինստիտուտը իր ուժերով պարբերաբար կատարել է ընթացիկ վերանորոգում (հատվածային վնասված մասերում):
  •   Բուսաբանական այգու կանոնավոր ոռոգումը (շուրջ 55 հա տարածքով) մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում պահանջվում է 12-15 միլիոն դրամ գումար, որը ինստիտուտը կարողանում է իրականացնել (համաձայն ֆինանսավորման) մասնակիորեն` 50-60%-ով:
  • Բուսաբանական այգու տարածքում բույսերի խնամքի և մշակության պատշաճ իրականացման համար խորհրդային տարիներին աշխատում էին 30-40 այգեգործ բանվորներ, որոնք պատշաճ մակարդակով ապահովում էին այգու տարաբնույթ գիտական հավաքածուների և տնկարկների խնամքն ու բարեկարգ վիճակը: Ներկայումս այգում աշխատում են ընդամենը 10-12 հոգի` ամսական 40-45 հազար դրամ միջին աշխատավարձով:
  •   Այգու խնամքի և բարեկարգման համար անհրաժեշտ է գյուղատնտեսական տեխնիկա (տրակտոր, բեռնատար մեքենա, վերամբարձ տեխնիկա ծառերի չորացած ճյուղերը հեռացնելու համար, բենզասղոցներ և այլն), որն ինստիտուտն իր ուժերով ի վիճակի չէ ձեռք բերելու:
  •   Եվ վերջապես, բուսաբանական այգու գործունեության անբաժան մասն է կոլեկցիոն ջերմատան և ջերմոցասածիլային տնտեսության առկայությունը, որը էներգետիկ ճգնաժամի տարիներին գրեթե շարքից դուրս է եկել: Այդ խնդիրը ինստիտուտի ներքին ռեսուրսներով անհնար է լուծել»:

Մեր կողմից նշենք, որ Haynews.am-ի հոդվածում հղում է արվել «ԷկոԼուր»-ի նախագահի կարծիքի վրա: Սակայն կարծիքը ներկայացվել է ոչ ամբողջական եւ ոչ ճիշտ: «Այգում ոչնչացված են արևադարձային և մերձարևադրձային բույսերը, քանի որ դրանց համար ձմռանը անհրաժեշտ ջերմություն ապահովող ջերմոցները անմխիթար վիճակում են եւ չեն ջեռուցվում»` նման կարծիք  չի արտահայտվել, քանի որ մենք տեղեկություններ չունենք Բուսաբանական այգու ջերմոցների վիճակի մասին կամ այն մասին` արդյոք բույսերը  ոչնչացվել են, թե ոչ, կամ որ բույսերն են ոչնչացվել: Հնարավոր է` հոդվածի հեղինակն ունեցել է տեղեկատվության այլ աղբյուրներ եւս, որոնք ավելի են համապատասխանել հեղինակի դիրքորոշմանը, սակայն դրանց համար մենք չենք կարող պատասխանել:

Լուսանկարները` Բուսաբանության ինստիտուտի

13:59 Դեկտեմբեր 13, 2011


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news