

Անահիտ Եսայան, Հայոց Աշխարհ
Գլխավոր պողոտայի վերակառուցման ծրագիրը կամ էսքիզային նախագիծը, որին կողմ են եղել Երեւանի քաղաքաշինական խորհրդի անդամները, հասարակության շրջանում տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ ինչպես սովորաբար է լինում, այս անգամ էլ նախագիծը «կինդեր սյուրպրիզի» հանգույն հրամցվեց երեւանցիներին:
Մենք շարունակ խոսում ենք կառավարման տարբեր օղակներում հանրության մասնակցային մակարդակը բարձրացնելու մասին, բայց սայլը տեղից կարծես չի շարժվում: Գլխավոր պողոտայում առ այսօր չկան տեղադրված համապատասխան ցուցավահանակներ, որոնք մարդկանց, նաեւ տարածքի բնակիչներին հստակ տեղեկատվություն կարող էին տալ, թե ինչ կամ ինչեր է նախատեսվում կառուցել, որքանով տվյալ կառույցները կվնասեն տարածքում եղած ծառերին եւ այլն:
Ի դեպ, ծառերի հարցը այստեղ իսկապես որ խնդրահարույց է: «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն ՍԻՐԵԿԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ չի թաքցնում. «Մի քանի ծառերի տեղափոխման խնդիր ունենք, բայց այս կարգի խնդիրները լուծելու համար քաղաքապետարանը նոր տեխնիկա է ձեռք բերել»:
Նոր տեխնիկան էլ, պարզվում է, ծառերի տեղափոխումը մասնագիտորեն իրականացնելու համար է: Փոխարենը, քաղաքային իշխանությունը խոստանում է շուրջ 100, քաղաքային միջավայրին համապատասխանող դեկորատիվ ծառեր տնկել: Ի հավելումն` 2600 քմ գազոնի լրացուցիչ մակերես:
Ճիշտն ասած, հուշարձան շենքերի անհաջող տեղափոխությունից հետո ինչ-որ տեղ նույնիսկ ծիծաղելի է ծառերի տեղափոխման հարց բարձրացնելը, բայց Ս.Օհանյանը կասկած չունի, որ երեւանցիների ձեռքբերումների չափը ավելին է, քան զոհողության չափը. «Համբերատար եւ հասկացող մարդիկ 1-2 տարի ընդմիջումից հետո արդյունքը կտեսնեն եւ կգնահատեն` ձեռքբերումներն ավելի շատ են, քան զոհողությունները»:
Մի քանի տարի շարունակ Գլխավոր պողոտայի Մաշտոց-Եզնիկ Կողբացի հատվածում քաղաքային իշխանությունը ՙՀին Երեւան՚ ծրագիր էր փորձում կյանքի կոչել, որն այդպես էլ չստացվեց: Թերեւս լավն էլ այդ է, քանի որ հուշարձան շենքերի «հավաքատեղին» դեռ Թամանյանի գլխավոր հատակագծով նախատեսված պուրակի հաշվին էր լինելու: Այս համատեքստում ուշագրավ է, որ մշտապես կանաչ տարածքների չնչին իսկ զավթումը առաջ էր բերում բնապահպան հասարակական կազմակերպությունների մեծ կամ փոքր շարժում, մինչդեռ այս դեպքում կանաչի սակավությամբ աչքի ընկնող քաղաքի կենտրոնում թամանյանական պուրակը զոհաբերվում էր, բայց հայրենի բնապահպանները ծպտուն իսկ չէին հանում։
«Հին Երեւանը» իր նախկին հղացմամբ մնաց առկախ, սակայն առաջիկայում այս հատվածի վերաբերյալ եւս ներդաշնակ եւ տրամաբանական լուծում կառաջարկվի երեւանցիներին: Այնպիսի լուծում, որը դիմացի մայթին, Մաշտոց-Սարյան հատվածում նախատեսվող «Նոր Երեւան» ծրագրի հետ (խոսքը Գլխավոր պողոտայի վերակառուցման մասին է) արդեն մեկ ամբողջություն կլինի: Եվ ընդհանրապես, այս հատվածի վերակառուցումը մի քայլ առաջ է գցում Գլխավոր պողոտայի հայեցակարգի մշակումը նոր ժամանակներին համահունչ: Իսկ սա ենթադրում է, որ Սարյանից մինչեւ Խանջյան փողոց ձգվող կանաչ օազիսը շարունակական է լինելու:
Ի դեպ, ըստ Թամանյանի, Գլխավոր պողոտան քաղաքի կենտրոնով անցնող կանաչ ժապավենի հանգույն պիտի միանար Օղակաձեւ զբոսայգուն: Ցավոք, այս ճանապարհին Երեւանի զարգացման ընթացքում արդեն իսկ լրջագույն խոչընդոտներ են գոյացել: Մասնավորաբար պատկերասրահի շենքը, որը մի քանի տասնամյակ է, ինչ մեր քաղաքի անբաժանելի մասն է:
Միով բանիվ, Գլխավոր պողոտայի համատեքստում պատկերասրահին հարակից` Աբովյան-Նալբանդյան հատվածի վերակառուցման խնդիրն է նաեւ դրվում: Բնականաբար կարեւորվում է նաեւ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը իր միկրոմիջավայրով, ե՜ւ թանգարանի շենքը, ե՜ւ անշուշտ կառավարության 3-րդ շենքը` մերձակա պուրակով հանդերձ:
Ասել է թե այս հատվածի քաղաքաշինական միջավայրը դեռ ավարտված չէ, ավելին՝ այստեղ եւս համալիր վերակառուցման խնդիր է դրված։
Սեպտեմբեր 30, 2010