Չեխ մասնագետներն ուսումնասիրում են Ալավերդու, Ախթալայի և Շնողի աղտոտվածությունը հանքարդյունաբերության հետևանքով

Չեխ մասնագետներն ուսումնասիրում են Ալավերդու, Ախթալայի և Շնողի աղտոտվածությունը հանքարդյունաբերության հետևանքով

ԷկոԼուր
Չեխ մասնագետներն ուսումնասիրում են, թե հանքարդյունաբերական Ալավերդի, Շնող, Ախթալա համայնքների տարածքները որքանով են աղտոտված ծանր մետաղներով և այդ աղտոտվածությունն ինչ ազդեցություն կունենա մարդու առողջության վրա:

Սույն թվականի հուլիսի 18-23-ը Չեխիայի քիմիական անվտանգության ոլորտում մասնագիտացված «Առնիկա» կազմակերպության և Պրահայի քիմիայի և տեխնոլոգիաների համալսարանի մասնագետները նմուշներ վերցրեցին համայնքների հողից, գետերի հուներից, բնակիչների մազերից, ինչպես նաև իրենց հետ ուսումնասիրության տարան տնային տնտեսություններից հավկիթներ:

Ուսումնասիրությունն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում» ծրագրի շրջանակում` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացնողներն են` «Առնիկա» կազմակերպությունը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ները:



«ԷկոԼուր»-ի կազմակերպած մեդիա տուրի ժամանակ չեխ փորձագետներ Նիկոլ Կրեժցովան, Ժիթկա Ստրաչովան և Մարեկ Շիրը լրագրողներին հայտնեցին, որ ծրագրի նպատակն է բնակիչներին պաշտպանել շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունից: Նրանք նշեցին, որ նմուշները լաբորատոր ուսումնասիրության կենթարկվեն Չեխիայի մայրաքաղաք Պրաhայի քիմիայի և տեխնոլոգիաների համալսարանում, իսկ արդյունքներն այս տարվա հոկտեմբերին հասանելի կլինեն հանրության համար:



«Այստեղ էկոլոգիական մեծ աղետ է: Գործարանը գիշեր-ցերեկ աշխատում է, այդ ծուխն ամեն օր վնասում է մեզ: Ծխի քանակն ավելանում է հատկապես առավոտյան և երեկոյան: Մարդիկ նույնիսկ խեղդվում են…կարող էին գոնե ֆիլտր դնել, ես` ինքս, ինձ լավ եմ զգում, մեծերս սովոր ենք, բայց մեր երեխաները տկարանում են», - Ալավերդու պղձաձուլարանի ծխից գանգատվեցին ալավերդցիները փորձագետների և լրագրողների հետ զրույցներում:

««Գեո Ալավերդի» ուսումնասիրության համաձայն տարեկան 25 հազար տոննա ծծմբային անհիդրիդ է թափվում Ալավերդու քաղաքացիների վրա, Ալավերդու պղնձաձուլական գործարանում երեք կիլոմետր շառավղով հողը խիստ աղտոտված է ծանր մետաղներով, որոնց սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազացել է 20-ից 40 անգամ»,- ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը: Նա նշեց, որ անշարժ աղբյուրներից մթնոլորտային արտանետումների առումով Լոռու մարզն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի մյուս մարզերի թվում: «Շուրջ 51.000 տոննա վնասակար նյութեր են այս մարզում արտանետվում, և դրանցից ոչ մեկը չի կորզվում», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետ Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը հիմնականում արտանետում է ազոտի դիօքսիդ, ծծմբի երկօքսիդ, մոնօքսիդներ, ածխաթթու գազ և նաև մետաղներ:

Ըստ փորձագետի` այդ արտանետումները մարդու օրգանիզմի վրա կարող են թողնել կործանարար ազդեցություն, առաջացնել տարբեր հիվանդություններ: «Այդ նյութերը, գոլորշու կամ մարդու մարմնի քրտինքի հետ շփվելով, վերածվում են թթուների և իրենց կործանարար ազդեցությունը թողնում օրգանիզմի վրա: Շնչառական ուղիներով ներմուծվելով` առաջ են բերում լորձաթաղանթի, աչքի, մաշկի, շնչառական ուղիների այրվածքներ: Ծծմբական թթուն նաև բակտերիասպան հատկություն ունի, և եթե սննդամթերքի միջոցով ներմուծվում է օրգանիզմ, կարող է նաև ազդել ամբողջ աղեստամոքսային տրակտի վրա», - ասաց Քնարիկ Գրիգորյանը:

Գործարանը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերություններից «Էյ Սի Փի»-ն ժամանակին փորձել է ֆիլտրեր տեղադրել, սակայն դա ոչ նպատակահարմար է համարել: Ընկերությունը հրաժարվել է նաև ծծմբային անհիդրիդից ծծմբային թթու` երկրորդային արտադրանք ստանալ` դա տնտեսապես շահավետ չհամարելով:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարինե Նալբանդյանն իր գիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզել, որ Ալավերդու պղնձաձուլարանի արտանետումների պատճառով Դեբեդ և Ախթալա գետերի ջրերը դարձել են թթվային և որ ոռոգման նպատակով այս ջրի օգտագործումը կհանգեցնի հողի թթվայնացման ու աղակալման:

Նշենք, որ Հայաստանի պետությունը մտադիր է աջակցել «Էյ-Սի-Փի»-ին կառուցել նոր պղնձաձուլարան: Այդ նպատակով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Ալավերդու բնակիչները դեմ են գործարանի նման կերպով աշխատանքին, սակայն փակվելուն էլ կողմ չեն: Ալավերդում գործարանը սոցիալական նշանակություն ունի, և բնակիչներն առաջարկում են համատեղ լուծումներ գտնել իրավիճակը շտկելու համար:

«Բնակիչները հույսերը կապում են, որ այսուհետ ամեն ինչ օրենքով է լինելու: Նրանք տրամադրված են պայքարի գնալ, որպեսզի այդ խնդիրները լուծվեն: Պետք է քաղաքացիները, կառավարությունը և գործարանը համատեղ գտնեն լուծումը» - ասաց տեղի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» տեղական ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:

«Սա եզակի դեպքերից է, երբ անկախ միջազգային կազմակերպությունը եկել և ուսումնասիրություն է իրականացնում: Մենք պատրաստվում ենք արդյունքները ներկայացնել ՀՀ կառավարությանը: ԷկոԼուրը նաև դիմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին` առաջարկելով մասնակցել ստուգումներին և հաշվի նստել այս ուսումնասիրությունների արդյունքների հետ», - հայտնեց Վիկտորյա Բուռնազյանը:

Ստորև ներկայացնում ենք մեդիա տուրի նյութերը:

Չեխ փորձագետները կպարզեն Հայաստանի բնակիչների վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցության չափը

Նարե Ստեփանյան, www.azatutyun.am

Չեխիայի «Արնիկա» բնապահպանական ասոցիացիայի և Չեխիայի քիմիայի ինստիտուտի ներկայացուցիչները հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ Լոռու մարզի Շնող և Ախթալա քաղաքներում հողի, իսկ Ալավերդիում՝ հողի, ձվի և մարդու մազի նմուշներ են վերցնում՝ պարզելու, թե որքանով է հանքարդյունաբերությունն ազդում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա:

Ինստիտուտի ներկայացուցիչ Մարեկ Շիրն ասում է՝ իրենց նպատակն է պարզել, թե ինչպես են աղտոտիչները կուտակվում մարդու օրգանիզմում, ինչպիսի ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա, և ինչ հիվանդություններ կարող են առաջանալ դրանց պատճառով:
Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետները դեռ մի քանի տարի առաջ էին ուսումնասիրություն իրականացրել Ալավերդիում, որտեղ պղնձաձուլական գործարան է գործում: Համաձայն այդ ուսումնասիրության՝ երեխաների արյան մեջ կապարի բարձր պարունակություն էր հայտնաբերվել:
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Վիկտորիա Բուրնազյանը պատմում է, որ տարիներ առաջ Ալավերդիում իրականացվել է նաև «Գեո Ալավերդի» ուսումնասիրությունը, որի ժամանակ պարզվել է՝ գործարանի շրջակայքում մոտ 3 կմ շառավղով հողն աղտոտված է ծանր մետաղներով:
«Ուսումնասիրության համաձայն՝ տարեկան 25 հազար տոննա ծծմբային անհիդրիդ է թափվում Ալավերդու քաղաքացիների վրա, Ալավերդու պղնձաձուլական գործարանում երեք կիլոմետր շառավղով հողը շատ աղտոտված է ծանր մետաղներով, սահմանային թույլատրելի ցուցանիշը գերազացվել է 20-ից 40 անգամ»,- ասում է Բուրնազյանը:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանն էլ ասում է, որ արդյունաբերական արտանետումները լուրջ վնաս են հասցնում տվյալ միջավայրում ապրող բնակիչների առողջությանը․ «Օրինակ կապարը շատ բազմազան ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Առաջինը՝ մոտացիայի են ենթարկվում սաեռական բջիջները, նաև այլ բջիջներ: Դրա հետևանքով կարող են լինել բնածին արատներ»:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը, ով աշխատում է Ալավերդիում, ասում է, որ հաճախ է ականատես լինում, թե ինչպես է Ալավերդու պղնձաձուլարանից արտանետված ծուխը պատում ողջ քաղաքը: Ալավերդիում բնակվող Աննա Փերիխանյանն այն կամավորներից է, որը թույլ տվեց միջազգային կազմակերպության փորձագետներին՝ իր մազերից նմուշ վերցնել: Վստահ է, որ շրջակա միջավայրը ազդում է իր և մյուս ալավերդցիների առողջության վրա: Միևնույն ժամանակ ասում է, որ պղնձաձուլական գործարանը սոցիալական խնդիր է լուծում Ալավերդիում, և պետք է մտածել ոչ թե գործարանը փակելու, այլ հասցվող վնասները նվազեցնելու մասին:
Վերցված նմուշների հետազոտությունն իրականացվելու է Չեխիայի քիմիայի ինստիտուտի լաբորատորիայում, արդյուքներն ավելի ուշ կհրապարակվեն: Հաշվետվության մեջ ներկայացվելու են նաև այն տեխնոլոգիաները, որոնք կիրառելու դեպքում կարելի է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտման չափը:

ՄԻԵԴ դիմած շնողցին մտահոգ է՝ շահելու դեպքում վճարելու է ոչ թե «իրեն թալանողը», այլ պետությունը

 Նարե Ստեփանյան, www.azatutyun.am

Շնողի բնակիչ Լևոն Ալիխանյանը պատմում է, որ ժամանակին իր ընտանիքին պատկանող շուրջ 7,5 հա տարածքը՝ շենք շինություններով, ջրագծերով, ցանկապատով, գերակա հանրային շահ է ճանաչվել և անցել «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությանը բավական չնչին գումարով՝ ընդամենը 6 միլիոն դրամ:
Դեռ 9 տարի առաջ Ալիխանյանը վնասի փոխհատուցման հայցապահանջով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իր ընտանիքին հասցված վնասի համար բնակիչը շուրջ 300 միլիոն դրամ է պահանջում: «Ես ունեմ արած ծախսեր, միայն 200 միլիոն դրամի կարգի առուվաճառքի պայմանագրեր ունեմ, որ կադաստրում գրանցված ա: Էդ տարածքների մեծ մասը ես առել եմ»,- «Ազատությանն» ասաց Ալիխանյանը:

Կառավարության 2007 թ․ նոյեմբերի 1-ի որոշմամբ Թեղուտ և Շնող համայնքների ավելի քան 81 հա հողեր ճանաչվեցին բացառիկ, գերակա հանրային շահ՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու համար: Այդ որոշմանը հաջորդեցին դատական գործընթացներ, մասնավորապես, «Թեղուտ» ընկերությունը դատի տվեց հողերի փոխհատուցման արժեքից դժգոհ և իրենց հողերը ընկերությանը հանձնել չցանկացող Շնող և Թեղուտ համայնքների մի շարք բնակիչների` նրանց հողերը պետական և հասարակական կարիքների համար համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով: Որոշ գյուղացիներ էլ իրենց հերթին դատական հայցով դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընկերությանը մեղադրելով իրենց հողամասերի արժեքը սխալ գնահատելու մեջ:
Ինը տարի առաջ Եվրոպական դատարան դիմած Ալիխանյանն ասում է, գործն արդեն վերջնական փուլում է, բայց նաև մտահոգված է՝ շահելու դեպքում ոչ թե ընկերությունը, այլ պետությունն է վճարելու գումարները: «Ասենք՝ էկող տարի մենք գումարները ստանալու ենք, բայց ստանալու ենք պետությունից, ոչ թե նրանից, ով մեզ թալանել ա»,- ասում է Ալիխանյանը:

Շնողի մեկ այլ բնակիչ Վարդան Վարդանյանը ևս փորձել է իր իրավունքները Եվրոպական դատարանում պաշտպանել: Ասում է, թե դեմ չէ հանքարդյունաբերությանը, բայց պետք է այն նորմերին համապատասխան լինի: Բնակիչը դժգոհում է՝ առողջապահության առումով հանք շահագործող ընկերությունը կանխարգելիչ կամ հետևանքները վերացնող որևէ քայլ չի արել: Գյուղացիներն «Ազատության» հետ զրույցում մատնանշում էին հանքարդյունաբերության վնասակար ազդեցության տարբեր դրսևորումները, ինչը «տարեցտարի առավել ակնհայտ է դարձել»:

Թեղուտի հանքը շահագործող «Վալլեքս» ընկերությունը դեռ հունվարին էր հայտարարել, որ ձեռնպահ է մնում հանքավայրի՝ ներկա ծավալներով շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց: Ընկերության 1200 աշխատակիցների մեծամասնությունն անորոշ ժամանակով ազատվել է աշխատանքից: Արդեն նախկին աշխատակիցները, ովքեր սոցիալական ծանր վիճակի մեջ են հայտնվել, նախորդ ամիս փակեցին դեպի ընկերություն տանող ճանապարհը՝ պահանջելով կամ իրենց աշխատանքի ընդունել, կամ որոշ չափով թեթևացնել սոցիալական բեռը:

Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն «Ազատությանը» փոխանցեց, որ գյուղացիների բողոքից հետո հանքում աշխատող 250 հոգուց 38-ը կրկին անցել են աշխատանքի, իսկ գործազուրկ դարձած մյուս գյուղացիներին ընկերությունը 5 միլիոն դրամի սոցիալական օգնություն է տրամադրել, յուրաքանչյուրին՝ 20 հազարական դրամ։

Բնակիչները դժգոհում են՝ «Նահատակ» պոչամբարը մի շարք վնասներ է հասցնում

Տաթևիկ Ղազարյան, www.aravot.am

Արսեն Կարաբաբայանն արդեն 30 տարի է, ինչ տիկնոջ՝ տիկին Սվետլանայի հետ Ադրբեջանից եկել ու հաստատվել է Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում: Տուն ու տեղ են դրել, սկսել նոր կյանքով ապրել: Տարածքում ոռոգման ջուր չի եղել: Արսեն պապը պատմում է, որ 20 տարուց ավել կլինի, ինչ չարչարանքով ու սեփական ուժերով ջուրը բերել հասցրել է տան բակ, սակայն այսօր ընտանիքը կրկին ջուր չունի: Պատճառն այն է, որ Կարաբաբայանների տանից մոտ 50 մետրի վրա կառուցված է Ախթալայի ԼՀԿ-ի «Նահատակ» պոչամբարը. «1995 թվականին, ես ինձ համար 1 կմ հեռու ձորից ջուր եմ քաշել, բերել մինչեւ մեր հողամասի ներքեւը: Էնտեղից էլ նասոսներով բասեին եմ սարքել, որ հողամասը ջրեմ: Էն ժամանակ պոչամբարը չէր աշխատում: Հետո բերեցին շլանգը կտրեցին, ասեցին` պապ ջան, արխեյին, քո համար ջուր կքաշենք ու չարեցին: Տասը տարի ինձ խաբել են ու ջուրս կտրել»: Արսեն պապը սրտնեղած պատմում է ու ասում, եթե ժամանակին իրեն տեղեկացնեին, որ չեն կարողանա նոր ջրագիծ քաշել, ինքն իր գլխի ճարը կտեսներ: Իսկ հիմա արդեն ծեր են, նման գործեր անել չեն կարողանում: Ընտանիքի համար խնդիր է նաեւ խմելու ջուրը: Հարեւանից է դույլերով ջուր վերցնում. «2 միլիոնի ծախս ենք արել, ջուր ենք քաշել, էսօր ջուր չունենք: Հարեւանից ենք վերցնում: Նա էլ մեկ տալիս է, մեկ չէ»,- ասում է տիկին Սվետլանան: Տան տիրուհու խոսքով, խնդիրները միայն ջուր չունենալով չեն սկսվում ու ավարտվում: Բացի այն, որ ջուր չունեն, նաեւ արդեն 3 տարի է, ինչ իրենց աշխատանքի արդյունքը չեն տեսնում: Մի կողմից կարկուտը, մյուս կողմից էլ պոչամբարի հասցրած վնասների պատճառով բերք չեն ստանում: Հիմա էլ առողջական խնդիրների առջեւ են կանգնել. «Հոն, թուզ, կառալյոկ ու տենց ծառեր ունենք, մեր ուտելու միրգը: Բայց էս պոչամբարի խոնավությունից միրգը փչանում է: Ես երբեք ալերգիա չեմ ունեցել, բայց հիմա ալերգիա ունեմ, թե ինչից է չգիտենք: Ոտքերի ցավեր ունենք, ճիշտ է մեծ մարդիկ ենք, բայց այդ խնդիրները նոր են առաջացել մեզ մոտ»: Տիկին Սվետլանան ասում է, որ իրավիճակն ավելի է սրվում հատկապես ամռան ամիսներին. «Առավոտները ոչ մի բան չի երեւում, մառախուղ է կանգնում: Անասունը կապած ենք պահում, վախենում ենք, որ կընկնի: Մի անգամ էլ ընկել է պոչամբարի մեջը, տասը մարդով հազիվ ենք հանել: Ժողովրդի հորթերը ընկել, խորտակվել են: Գոնե մի հատ սետկա չեն քաշում, երեխեքը գալիս վազում են, վախենում ենք: 50 մետր հեռավորության վրա ենք ապրում, գոնե պետք է ընկերությունը մտածի, որ այս ժողովրդին վնաս ենք տալիս, պետք է փոխհատուցում տան»: Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ բնապահպանության բաժնի պետ Գագիկ Շահնազարյանն ասում է, որ փոխհատուցում կտրամադրեն միայն այն դեպքում, երբ կապացուցվի պոչամբարի վնասակար լինելը. «Մենք պատրաստ ենք ֆինանսապես աջակցել այն մարդկանց, ովքեր, որ իսկապես գտնվել են պոչամբարի ազդեցության գոտում: Եւ իրենք կապացուցեն, որ այն ժամանակահատվածում, որ իրենք ապրել են եւ պոչամբարից են օգտվել, այդ հողերից են օգտվել, մենք պատրաստ ենք քննարկել, տեսնենք ինչումն է խնդիրը: Մի անգամ փորձանմուշ վերցնելով չենք կարող ասել, այդ մարդը դրա հետեւանքով է ինչ-որ բան ստացել, թե ոչ»: Ալավերդու «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ տնօրեն Օլեգ Դուլգարյանն ասում է, որ պոչամբարը տարիների ընթացքում ավելի է ընդլայնվել: Պոչամբարի տակ են մնացել հողամասեր ու գյուղը սպասարկող աղբյուր: Առաջարկում է ոչ միայն պոչամբարը ռեկուլտիվացնել, այլեւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին. «Օր-օրի այստեղ ապրող բնակչության եւ՛ սոցիալական, եւ՛ առողջապահական վիճակը վատանում է: Բողոքներն ավելի են շատացել, եթե առաջ խոսքը գնում էր գլխացավի, սրտխառնոցի մասին, հիմա արդեն լսում ենք ալերգիայի եւ այլ երեւույթների մասին; Զրո պատասխանատվություն պոչամբարը շահագործող ընկերության կողմից: Այս պոչամբարը տարիներ շարունակ գործել է նորմերից դուրս: Այդ բոլոր իրավունքները պոչամբարին վերապահել են տեղական իշխանությունները: Պոչամբարի այս վիճակի համար, որ հասել է, պետք է բոլորը պատասխանատվության ենթարկվեն, սկսած տեղական իշխանություններից, որոնք թույլ են տվել, որ դա տեղի ունենա, վերջացրած թե՛պետական, թե՛ մասնավոր այլ անպատասխանատու մարմիններից»: «Նահատակ» պոչամբարը կառուցվել է 1972 թվականին, շահագործվել՝ վերջին 50 տարվա ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում: Գագիկ Շահնազարյանն վստահեցնում է, որ 40 հա մակերես ունեցող պոչամբարը շուտով չի շահագործվի. «Պոչամբարի շահագործմանը մնացել է շատ քիչ ժամանակ, մենք դա հասկանում ենք: Հավանաբար 6 ամիս հետո խնդիրը լուծված կլինի: Ներկայումս արտադրամասում տեղադրվում են պոչերի չորացման սարքավորումներ: Ունենք ռեկուլտիվացիայի ծրագիր, մակերեսը փակվելու է 1 մետր հաստությամբ հողի շերտով: Նախկին պոչամբարը ոնց մենք արել ենք, հիմա նույն ձեւով պոչամբարը պետք է ռեկուլտիվացվի, եւ իր հետագա ընթացքը որոշվի»: Մանրամասները՝ տեսանյութում:

Փորձանմուշներ մարդու մազից, հավի ձվից (տեսանյութ)

https://www.a1plus.am/1633683.html

Չեխ մի խումբ փորձագետներ Ալավերդիում փորձանմուշներ են հավաքում՝ պարզելու պղնձամոլիբդենային գործարանի արտանետումների բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա:Փորձագետները «Առնիկա» միջազգային էկոլոգիական կազմակերպությունից են, որոնց ծրագիրը ֆինանսավորում է Չեխիայի ԱԳՆ-ն: Իրենց ուսումնասիրությունների արդյունքները նրանք հրապարակելու են աշնանը՝ լաբորատոր քննությունից հետո:

Բացի մազերի նմուշառումներից, որոնք սնդիկի հիմնական կուտակիչներն են, փորձագետներն կուսումնասիրեն նաեւ հավի ձուն:

Կուսումնասիրվի նաեւ տնամերձ հողը՝ բանջարանոցների ու այգիների տարածքը: «Մթնոլորտային օդի աղտոտվածությունը ծծմբային անհիդրիդով ազդում է նաեւ Դեբեդ եւ Ախթալա գետերի ջրի որակի վրա: Գետերի ջուրը թթվայնացվում է, եւ այդ ջրով ոռոգումը կարող է հանգեցնել հողի թթվայնացման եւ աղակալման»,- նշում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:
Ըստ հայ փորձագետների տվյալների՝ արտանետումների քանակով Լոռին ՀՀ առաջատար մարզն է՝ շուրջ 51 հազար տոննա: «Տարիներ առաջ կատարվել էր «ԳեոԱլավերդի» ուսումնասիրությունը, որի համաձայն տարեկան 25 հազար տոննա ծծմբային անհիդրիդ է թափվում Ալավերդու քաղաքացիների վրա»,- ավելացրեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:
«Երեկոյան եւ առավոտյան ծխի քանակը շատանում է, մարդիկ նույնիսկ խեղդվում են. կան մարդիկ, որոնք կոկորդի վրա իրոք ազդում է»,- վստահեցրեց Ալավերդիի բնակիչ Աննա Փերիխանյանը:

Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի արտանետումների ազդեցությունը չեզոքացնելու համար մի քանի տարբերակ էր քննարկվում, որոնցից մեկը ֆիլտրերի տեղադրումն էր: Գործարանի տնօրինությունը հրաժարվեց այդ գաղափարից՝ պատճառաբանելով, թե բավականին թանկ են ու արդյունավետ չեն՝ շուտ են փչանում: Մյուս տարբերակը՝ պղնձաձուլարանն այլ տեղ տեղափոխելն է: Այդ նպատակով անգամ փոխվաչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: «Որտե՞ղ է կառուցվելու գործարանը, ոչ մեկին պարզ չէ, ներքին շշուկներով ասում է, որ դա նախատեսվում է իրականցնել Արցախում, եւ հետո՝ ինչ ձեւի պղնձաձուլարան է կառուցվելու: Եթե ինքը լինելու է նույն ձեւի պղնձաձուլարան, կամ եթե նույն սարքավորումները տեղափոխելու են ուղղակի այլ տեղ, ես ուղղակի առաջարկում եմ գործարանը ոչ մի տեղ էլ չտեղափոխել. ի վերջո, այնտեղ, որտեղ տեղափոխելու են պղնձաձուլարանը, այնտեղ եւս մեր հայերն են ապրում, եւ նրանց թունավորել պետք չէ, ալավերդցիներս արդեն շատ, թե քիչ ադապտացվել են այդ ծխին»,- կարծում է «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ տնօրեն Օլեգ Դուրգարյանը:

Եթե քննարկվում է գործարանն այլ տեղ տեղափոխելու հարցը, ապա ալավերդցիները բաց քննարկումներ են պահանջում՝ որտեղ եւ ինչ ժամկետների մասին է խոսք գնալու: Ալավերդիում գործարանի փակումը նրանք դիտարկում են որպես ծայրահեղ որոշում:



Հուլիս 30, 2018 at 18:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր