ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը հունիսի 1-ին բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչեց Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ: Նախագիծը ներկայացրել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նշված տարածքները օտարվելու են «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրականացման համար: Ըստ նախագծի՝ թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ:
«Տարածքը ներկայում կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:
Տարածքի նկատմամբ նոր բացառիկ` գերակա հանրային շահ սահմանելը, հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը», - նշված է նախագծում:
Տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն: Երևանի քաղաքապետը լիազորվել է Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի հետ կնքել Երևան քաղաքի Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի, փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր: Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2018 թ-ի հունիսի 30-ն է:
Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության սեփականատերերի կամ այլ իրավունքներ ունեցողների և նշված տարածքները ձեռք բերողի միջև կնքվող պայմանագրերում բացառվելու է որպես օտարվող տարածքի փոխհատուցման ձև ապագայում կառուցվելիք շենքից բնակարանի տրամադրումը:
Հունիս 02, 2017 at 16:54