Թե ինչպես Ռուսա 2-րդն անիծում է իր կողմից կառուցված Դալմայի ջրանցքի հնարավոր ոչնչացնողներին

Թե ինչպես Ռուսա 2-րդն անիծում է իր կողմից կառուցված Դալմայի ջրանցքի հնարավոր ոչնչացնողներին

ԷկոԼուր

Շարունակվում է Դալմայի այգիների ոչնչացման գործընթացը: Նոր առանձնատներ, նոր ճանապարհներ, խանութներ, ահա թե ինչի է վերածվում Դալմայի պատմամշակութային հուշարձանը: Սակայն քչերը գիտեն, թե ով է Դալմայի այգիների հիմնադիրը: Նա Ուրարտացի Ռուսա 2-րդ թագավորն էր  (մոտ Ք. ա. 680 – 640թթ.): Ներկայացնում ենք «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից խմբագրված Ռուսա 2-րդի սեպագիր արձանագրությունը, որը պատմում է Հրազդան /Իլդարունի/ գետից Դալմայի այգիների համար ջրանցքի անցկացման և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին: Միաժամանակ արձանագրությունը նաեւ անեծք է բոլոր նրանց հասցեին, ովքեր կփորձեն ոչնչացնել այդ արձանագրությունը: Ներկայացնում ենք արձանգրության տեքստը, որը «ԷկոԼուր»-ին է տրամադրել «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:

«Ռուսա 2-րդը (ուրարտական թագավոր մոտ Ք. ա. 680 – 640թթ.) ժառանգել էր հսկայածավալ մի պետություն` թուլացած երկարատև պատերազմներից։ Ձեռնարկելով ծավալուն շինարարություն` Ռուսան փորձում էր ապահովել երկրի բարգավաճումը։ Նա հիմնում է բազմաթիվ քաղաքներ, կառուցում ճանապարհներ, ջրանցքներ ու ջրատարներ. ամենահայտնի ջրանցքներից մեկը մինչ օրս կոչվում է նրա անունով։ Ոմանք Զվարթնոցի տաճարի նախաստեղծ օրինակը թվագրում են Ռուսա 2-րդի գահակալման տարիներով, իսկ արձանագրության մեջ հիշատակվում է հնավայրի կարևորությունը.
Խալդե տիրոջը այս
կոթողը Ռուսա
Արգիշթորդին գրեց,
Խալդյան զորությամբ
Ռուսա Արգիշթորդին
Ասում է. Կուարլինե դաշտի
հողը «շուլե» էր,
Ոչ մի բան այնտեղ չկար։
Հենց որ Խալդեն կարգադրեց,
ես այս խաղողուտը հիմնեցի,
արտ ցորենի, անտառ նոր այնտեղ հիմնեցի,
քաղաք նոր այնտեղ կառուցեցի։
Մի ջրանցք Իլդարունիա գետից
անցկացրի` «Ումեշե» անունով,
սույն Ռուսայան դաշտին
Երբ ջրանցքը փորեն, մեկ ուլ թող
Խալդեին ողջակիզեն,
մեկ ոչխար Խալդեին թող զոհաբերեն,
մեկ ոչխար` Թեյշեբային, մեկ ոչխար` Շիվինեին, մեկ «շեխադե»` Անիկուին։
Ռուսա Արգիշթորդու կողմից, որը
Արքա է հզոր, արքա մեծ
արքայության Աշխարհիս։
Արքա Վանեցոց
Արքա արքայոց և արքա
Տոսպ [Տոշպա] քաղաքին։
Արգիշթորդի Ռուսան
ասում է. Ով որ այս արձանագրությունը
փչացնի, ով փշրի,
հողում թաղի, ով ջուրը գցի,
ով տեղից իր շարժի,
ով արևի առջևից
առանձնացնի կամ ասի «ոչնչացրու»,
ով ուրիշին ասի.
«Ես կատարեցի», ով որ
Անունս ջնջի և իր անունը
գրի, - լինի նա
Վանեցի, լինի Լուլուրեցի [թշնամի],
թող որ Խալդե, Թեյշեբա,
Շիվինե աստվածները չխնայեն,
Թե անունը, թե սերունդը
երկրի վրա չթողնեն»։

Լուսանկարը տրամադրել է Ռուզաննա Ղազարյանը

14:14 Հունվար 29, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news