Քաղաքային իշխանության անցնելու դեպքում «Երկիր Ծիրանի»-ն խոստանում է հնգապատկել մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը

Քաղաքային իշխանության անցնելու դեպքում «Երկիր Ծիրանի»-ն խոստանում է հնգապատկել մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը շարունակում է ներկայացնել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի բնապահպանական խոստումները: Այս հրապարակմամբ ներկայացնում ենք քվեաթերթիկում 2-րդ համարի ներքո հանդես եկող «Երկիր Ծիրանի» կուսակցության խոստումները:

Ներկայացրած նախընտրական ծրագրում կուսակցությունն անդրադարձել է Երևանի բարեկարգման եւ կանաչապատման խնդիրներին՝ նշելով, որ Երևանը զրկվել է իր «շնչուղիներից և թոքերից»:

«Այսօր Երևանում մեկ շնչին բաժին ընկնող կանաչապատ տարածքը կազմում է 5 քառակուսի մետրից էլ պակաս, մինչդեռ, ըստ գիտնականների, այդ ցուցանիշը պետք է կազմի 25 քառակուսի մետրից ոչ պակաս: Նորք Մարաշի անտառի, Կասկադի երկկողմյա անտառի, Հաղթանակ զբոսայգու լանջի անտառածածկ հատվածի, Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Փարոսի» հարևանությամբ գտնվող անտառի, Հրազդանի կիրճի, Օպերայի եւ Օղակաձև այգու, Դալմայի այգիների տարածքները նախագծվել և հանդիսացել են որպես Երևան քաղաքի «շնչուղիներ և թոքեր»:

Այսօր վերոնշյալ տարածքներն իրենց նպատակային նշանակությամբ այլևս գոյություն չունեն: Այն, ինչ մնացել է այդ տարածքներից, պետք է պահպանել և նրանցում սկսել նոր անտառատնկում, իսկ արդեն կառուցապատված տարածքների համար, որոնք հնարավոր չէ քանդել, նախագծել նոր կանաչապատում` անտառատնկումով վերականգնելով պահանջվող բնապահպանական նորմերը», - մասնավորապես նշված է կուսակցության նախընտրական ծրագրում:

Քաղաքային իշխանության անցնելու դեպքում կուսակցությունը խոստանում է.

- հնարավորինս վերականգնել Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչ տարածքները;
- նախկին կանաչապատ տարածքների վերականգնման անհնարինության դեպքում կազմել ծրագիր` համալրելու կանաչ տարածքները, որպեսզի դրանք ներառեն մեկ մարդու հաշվարկով 25 քառակուսի մետրից ոչ պակաս:

Նախընտրական ծրագրում կուսակցությունը ներառել է նաև մայրաքաղաքում աղբահանության, թափոնների վերամշակման և այլընտրանքային էներգիայի ներդրման խնդիրները:

«Աղբը Երևանում ու այլ վայրերում այրվում է, և մթնոլորտ են նետվում մահացու չափաբաժնով թունավոր նյութեր: Հայաստանում աղբակույտերի և աղբի վերամշակումն էկոլոգիապես անվտանգ միջոցներով առաջնային խնդիր է», - նշված է կուսակցության ծրագրում:

«Երկիր Ծիրանի»-ն հիշեցնում է, ինչպես Երևանի քաղաքապետարանը մերժեց ճապոնական կոնսորցիումին այրվող աղբից ստանալ էլեկտրաէներգիա, ինչի արդյունքում երկու կողմերն էլ զրկվեցին էլեկտրաէներգիայի վաճառքի եկամտից, որը կկազմեր տարեկան 300000 դոլար` յուրաքանչյուր կողմի համար:

Կուսակցությունը խոստանում է իրականացնել ամբողջական ծրագիր, որը կներառի աղբի և թափոնների վերամշակում, էլեկտրաէներգիայի արտադրություն և էկոլոգիայի բարելավում:

Որպես Երևանի զարգացման կարևոր գործոն կուսակցությունը շեշտում է արևային էներգիայի զարգացումը. «Երևանն արևային էներգիայի օգտագործման համար ունի նպաստավոր պայմաններ: Երևանի շենքերի հիմնական մասը կարող է օգտագործել արևային էներգիան: Այս ուղղությամբ ներդրումային քաղաքականություն վարելն առաջնահերթություն է»: Կուսակցությունը խոստանում է խրախուսել ներդրումների իրականացումն արևային էներգիայի համակարգի շահագործման համար:

«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է:

Ապրիլ 28, 2017 at 17:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր