

ԷկոԼուր
«Ես կառավարության բնապահպանական քաղաքականությունն անբավարար եմ համարում»,- ասում է Քաջարանի բնակիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ավանեսյանը: «Ոչ մի անգամ իրենք բավարար արձագանք չեն տվել բնակչությանը` հենց Քաջարանի հետ կապված, ես ինչքան հետեւել եմ տեղի բնապահպանական հարցերի բարձրացումից, իրենց տված որոշումները` բնապահպանական, կամ արձագանքները, ոչ մի անգամ ինձ չեն բավարարել: Քաջարան գյուղի հարցը մեծ արձագանք ստացավ: Քաջարան գյուղի հետ կապված ոչ միայն առողջապահական, նաեւ պաշտպանական խնդիր բարձրացվեց, որ սահմանամերձ է: Սա միայն բնակչության խնդիրը չ1, իմ անձնական կարծիքով սա նաեւ Pաշտպանության նախարարության խնդիրն է, ազգային անվտանգության ոլորտի խնդիրն է: Ազգային անտանգության խորհրդի քարտուղարն ու նախագահն էլ պիտի արձագանքեն, եթե պաշտպանության խնդիր է արդեն: Առողջապահության նախարարությունն էլ պետք է անպայման արձագանքի»,- ասաց Ա. Ավանեսյանը:
«ԷկոԼուր»-ի այն դիտարկմանը, թե ըստ ՀՀ առողջապահության նախարարության` Քաջարանում չարորակ նորագոյացությունների հիվանդությունները քիչ են, Ավանեսյանն ասաց. «Նոր եմ լսում, զարմանում եմ: Չգիտեմ, դա ինչ չափանիշներով են չափել, ցուցանիշը որտեղից են վերցրել: Միգուցե մարդկանց առողջական խնդիրներն այնպիսին են եղել, որ մարդիկ գնացել են, Երեւանում են բուժվել, դրա համար այստեղ ցուցանիշ չկա: Գիտեմ, որ հանքարդյունաբերության մեջ թոքերի սիլիկոզ հիվանդություն էր առաջանում հանքի փոշուց: Դրա հետ կապված գործատուն փոխհատուցում էր: Ես աշխատել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում` հանքում, ես կոմպենսացիա դրա հետ կապված չեմ ստացել: Թոքերի հետ կապված եթե գան դիագնոստիկա անեն, խնդիրներ կունենան: Քաջարանում մարդիկ արյան խտության խնդիր ունեն: Մարդը պիտի գնա, ինքը բուժվի, փոխհատուցում չկա: Կոմբինատի ղեկավորությունն ասում է, որ բարձր աշխատավարձ եմ տալիս: Բարձր աշխատավարձը հարաբերական է, որքանով է բարձր, որ մարդը կարողանա լիարժեք ապրի եւ այդ գումարներից ավելացածը վերցնի, գնա իր խնդիրների հետ կապված: Բացի դրանից, եթե մթնոլորտն աղտոտված է, ջուրն աղտոտված է, ինչ կապ ունի ես էլեկտրոցանցում եմ աշխատում, քաղաքապետարանում եմ աշխատում, թե չեմ աշխատում, ինձ պիտի կոմպենսացնեն, ես այդպես եմ մտածում: Այ դա խնդիր է, որ պիտի օրենսդրական լուծում տան, ոչ թե գործատուն կամավոր մուծի տեղական բյուջե, որ դրա հետ կապված փոխհատուցում լինի, այլ օրենսդրական պահանջ պիտի լինի: Պետական մոտեցում, պետական մտածելակերպ է պետք»:
Մայիս 04, 2012 at 13:01
