«Էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղիների քննարկում» թեմայով կլոր սեղանի առաջարկությունները ՀՀ կառավարությանը

«Էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղիների քննարկում» թեմայով կլոր սեղանի առաջարկությունները ՀՀ կառավարությանը

ԷկոԼուր

Կլիմայի փոփոխության արդյունքում սպասվելիք վտանգները հուշում են ինչպես զարգացած, այդպես էլ զարգացող երկրներին այնպիսի ոլորտներ և տեխնոլոգիաներ զարգացնել, որոնք կնպաստեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը մթնոլորտ:  

«ԷկոԼուր» մամուլի ակումբում «Էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղիների քննարկում» թեմայով կլոր սեղանի մասնակիցները քննարկեցին էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային գազերի կրճատման ուղղությունները:

Կլոր սեղանին մասնակցում էին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԶԾ ԿՓ ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի գլխավոր մասնագետ Դոնարա Վարդանյանը, ՄԱԿ-ի Հայաստանում ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության (UNIDO) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, UNIDO-ի  «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի» համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը,  «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, GHG Mitigation-ի գծով ազգային փորձագետ Միխաիլ Վերմիշևը, Էկոլուրի աշխատանքային թիմը:

Հայաստանում հիմնական շեշտը դրվում է  էներգախնայողության և էներգաարդյունավետության վրա:

Իր ելույթում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը մասնավորապես ասաց. «Անկախ նրանից, կլիմայի փոփոխության հետ խնդիրները կլինեն, թե` ոչ, Հայաստանի համար ազգային մակարդակով ամենակարևոր զարգացման ուղին էներգախնայողությունն է»: 

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը  նշեց. «էներգետիկայի բնագավառում էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխում է այնպիսի էներգակիրների օգտագործումը, ներկրումը, արտադրումը, որոնք չեն արտանետում մթնոլորտ ջերմոցային գազեր»:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը կարևոր համարեց մաքուր տեխնոլոգիաների կիրառումը:

Հայաստանում ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության (UNIDO) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանն ընդգծեց, որ հարկավոր է ստեղծել նորարարական բիզնես-գաղափարներ: 

Իսկ UNIDO-ի «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի» համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը ներկայացրեց էներգետիկայի ոլորտին ուղղված նորարարություններին աջակցելու փորձը: Նա նաեւ հայտնեց,   որ իրենք աշխատում են ուսանողների հետ և խրախուսում են հիմնել համալսարաններում ձեռներեցության կենտրոններ: Նման համաձայնություն արդեն կա Երևանի պետական համալսարանի հետ:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ ստեղծվել է Միջգերատեսչական հանձնաժողով, որը այժմ իրականացնում է ծրագրեր: Դրանց համար ընտրվել է 11 ուղղություն, որոնցից մեկը վերականգնվող էներգետիկայի զարգացումն է և էներգախնայողությունը: 

«Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը անդրադարձավ սակագների հարցին` նշելով, որ չնայած Ռուսաստանը էժանացնում է Հայաստան ներկրվող գազի սակագինը, կարծես թե սպառողների վրա դա չի անդրադառնալու:

Ամփոփելով քննարկման արդյունքները  ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ասաց. «Երրորդ ազգային զեկույցում գնահատվել է էներգետիկ ոլորտից ջերմոցային գազերի արտանետումները ներկայումս և ապագա միտումները հաշվի առնելով էներգետիկ ոլորտի ռազմավարական ուղղությունները: Գնահատվել են նաև տնտեսության խոցելի ոլորտները, այդ թվում նաև ջրային ռեսուրների խոցելիությունը: Այդ առումով անհրաժեշտ է դառնում էներգետիկ ռազմավարության մեջ նաև գնահատել հիդրոէներգետիկայի խոցելիությունը: Բացի դրանից անհրաժեշտ է նաև գնահատել ատոմակայանի համար ջրի մատչելիությունը և  ՋԷԿ-երի էներգաարդյունա­վետության վրա ջերմաստիճանի բարձրացման ազդեցությունը: Եվս մեկ խնդիր, որը շատ ցավոտ է՝ գազի կորուստները: Մեթանը, որպես հիմնական ջերմոցային գազ, ենթակա է գույքագրման: Եթե մեթան է արտանետվում, ապա ամեն տոննան համարժեք է 21 տոննա ածխաթթու գազի, եթե այրվում է ապա 2,6 տոննա ածխաթթու գազ է արտանետվում: Քանի որ մենք գնահատումը անում ենք պաշտոնական տեղեկատվության հիման վրա, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում տեղադրված բալանսի՝ 2012թ. փաստացի կորուստը կազմել  է 5,6%, որը և վերցվել է որպես հիմք գույքագրման ժամանակ: Այդ ցուցանիշը բերում է նրան երբ գազի արտահոսքերը դառնում են ջերմոցային գազերի կադաստրի երկրորդ հիմնական արտանետման աղբյուրը: Այդ ցուցանիշը զգալիորեն բարձր է Արևելյան Եվրոպայի երկրների  ցուցանիշներից: 

Մյուս խնդիրը ջերմակայաններ են: Եթե մենք դրսից ուզում ենք ֆինանսական ռեսուրս բերել մեր էներգետիկ համակարգի զարգացման համար և, միաժամանակ, պլանա­վորում ենք ածուխ օգտագործել, ապա դա մեր տնտեսությանը առանձնապես օգուտ չի կարող տալ, սակայն կարող է բացասական ազդակ լինել «կանաչ» ֆինանսավորման ներգրավման համար: Այդ նույն «կանաչ» վարկով է կառուցվել Երևանի ՋԷԿ-ի նոր կայանը:  Ազգային զեկույցը փաստաթուղթ է, որը մենք հատուկ ուղեցույցով ենք մշակում, դու չես կարող շեղվել: 

…Էլեկտրաէներգետիկայի ոլորտում այն նպատակները, որ ներառվելու են ՀՀ կողմից ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման պաշտոնական դիրքորոշման մեջ  (INDC), լրիվ համահունչ է մեր պետության էներգետիկ անվտանգության նպատակներին և վերակագնվող էներգետիկայի և էներգախնայողության վերաբերող ռազմավարական փաստաթղթերին և գործող ծրագրերին: Իհարկե, նաև հաշվի է առնվում առկա տնտեսական և սոցիալական հնարավորությունները և սպառողների շահերը: Հնարավոր չէ ամբողջ արտադրությունը ապահովել այլընտրանքային աղբյուրներից՝ օրինակ, արևային կայանների էներգիան դեռևս թանկ է, և դրանց մասնբաժինը պետք է էլեկտրաէներգայի սակագնի վրա մեծ ազդեցություն չունենա:

Մյուսը սպառողների շահերի պաշտպանությունն է էներգախնայողության սարքավորումների, տեխնոլոգիաների, շենքերի պիտակների առումով, որ բնակարան գնելուց մարդը հասկանա՝ ինչ շենք է առնում, ինչ ապրանք է առնում: Պետությունը նույն ձևով պետք է ներդնի մակնիշավորման պայման էներգասպառող սարքերի, շենքերի համար, ինչպես դա արվում է սննդի դեպքում:

Հաջորդը՝ կան ոլորտներ, որտեղ այսօր դժվար է հաշվարկել և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հստակ թիրախները, օրինակ, տրանսպորտը: Սակայն պետք է ինչ-որ քայլեր անել, օրինակ հանրային տրանսպորտի և էլեկտրանսպորտի բաժնեմասի ավելացման առումով:

Տնտեսության կառուցվածքից կախված է ՀՆԱ-ի էներգատարությունը: Արդյունաբե­րության զարգացմանը համաքայլ, որը մեր պետության զարգացման համար պետք է ապահովի խթաններ` և աջակցություն, և իրազեկություն մասնավոր ներդրողների և ձեռնարատերերի շրջանում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար: Այստեղ կա և պետության, և մասնավորի դերը: 

INDC-ն, արտահայտելով պետության դիրքորոշումը ջերմոցային գազերի սահմանափակման առումով, այն համադրում է իր ազգային գերակայություններին և հնարավորություններին: Սակայն կարևոր է նաև ամրագրել այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն: Դրանք պետք է ձևակերպվեն և ներմուծվեն համապատասխան փաստաթղթերի մեջ, օրինակ այն, որ պետք է անտառածածկը ավելացնել, համահունչ է մեր նպատակներին, կամ, ասելով թափոնների կառավարում, թվում է էներգիայի հետ կապ չունեցող խնդիր, բայց դա ռեսուրսախնայողություն է: Եթե դու մի բան չես դարձնում թափոն կամ այնպես ես անում, որ թափոնի տեղադրման համար համապատասխան վճար լինի, դու խթանում ես, որ քիչ թափոն արտադրվի:

Հաջորդը սակագնի մասով: Այսօրվա մեր էլեկտրաէներգիայի և գազի սակագները  չեն խթանում էներգախնայողությունը: Գիշերային և ցերեկային էներգիայի սակագների միջև տարբերությունը փոքրացել է: Դա չի խթանում համակարգի վրա ավելի էժան՝ գիշերային էներգիայի օգտագործումը: Չկա նաև ամառ-ձմեռ սակագնի տարբերություն: Գազի սպառողները եթե 72000 խմ/ամսեկան ավելի են սպառում, փորձում են հասցնել սպառումը 10.000 խմ/ամսեկանի, որ օգտվեն մեծածախ  սակագնից:

Էներգատարություն իջեցնելը այսօր միայն ասելով չէ, այն պետք է նաև խթանող գործիքներով ապահովվի»:

Քննարկման արդյունքում կառավարությանն արվեցին հետեւյալ առաջարկությունները.

Խրախուսել`

  • կլիմայի փոփոխության հետևանքով հիդրոէներգետիկայի համար ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման աշխատանքները
  • կլիմայի փոփոխության հետևանքով հայկական ատոմային էլեկտրակայանի համար ջրային ռեսուրսների մատչելիության գնահատման աշխատանքները
  • կլիմայի փոփոխության հետևանքով ՋԷԿ-երի էներգաարդյունա­վետության վրա ջերմաստիճանի գլոբալ բարձրացման ազդեցության գնահատման աշխատանքները
  • գազամատակարարման համակարգում բնական գազի կորուստները նվազեցնելու ուղղությամբ աշխատանքները
  • ժամանակակից տեխնոլոգիաներով Էներգետիկ համակարգի զարգացման ծրագրերի իրականացումը, որոնք նվազ քանակությամբ են ջերմոցային գազեր արտանետում եւ խրախուսվում են «կանաչ» ֆինանսական ինստիտուտների կողմից.
  • էներգասպառող սարքերի պիտակավորման աշխատանքները, որոնք տեղեկատվություն կպարունակեն սարքերի էներգաարդյունավետության վերաբերյալ
  • վաճառվող շենք-շինությունների, բնակարանների էներգետիկ անձնագրավորումը  կնպաստի  տեղեկացված որոշումներ կայացնելուն շենքի գնման ժամանակ` թափանցիկ դարձնելով  շենքի էներգաարդյունավետության/ջերմապաշտպանվածության վերաբերյալ
  • նորագույն տեխնոլոգիաների ներդնումը արդյունաբերության ոլորտում
  • ռեսուրսախնայողությունը, մաքուր արտադրությունների ստեղծումը, որոնք կբերեն էներգարդյունավետության.
  • բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման նոր մեթոդաբանությունների կիրառումը այնպես, որ խթանվի էներգախնայողությունը, այսինքն, այնպիսի հիմք դրվի, որ սպառողը ցանկանա խնայել, այլ ոչ ծախսել
  • ֆինանսական գործիքների մատչելիությունը, որպեսզի էներգախնայողության համար ներդրումները լայնորեն կիրառվեն:
 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



09:17 Մայիս 26, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news