«Հայանտառ»-ի գլխավոր անտառապետ` Հայաստանի ծանր պայմաններում ավելի մեծ հաջողությունների ենք հասել անտառապատման հետ կապված, քան մեր հարևանները

«Հայանտառ»-ի գլխավոր անտառապետ` Հայաստանի ծանր պայմաններում ավելի մեծ հաջողությունների ենք հասել անտառապատման հետ կապված, քան մեր հարևանները

ԷկոԼուր

2004 թվականից մինչև հիմա 31.433 հեկտար տարածքում կատարվել են անտառվերականգնման և անտառապատման միջոցառումներ, ինչը նպաստում է կլիմայի փոփոխության մեղմացմանը և ջերմոցային գազերի կրճատմանը: Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը սույն թվականի հուլիսի 17-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում  տեղի ունեցած «Ինչ ենք կորցնում և ինչ ձեռք կբերենք անտառային սեկտորում կլիմայի փոփոխության տեսանկյունից» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

«2004-2014թթ. 3591 հեկտար տարածքում կատարվել է անտառմշակույթների ցանքս և տնկում, 5786 հա տարածքում` օժանդակում անտառի բնական վերաճին հանքայնացման միջոցով, 8024 հա տարածքում` օժանդակում անտառի կոճղաշիվային վերաճին և 14032 հա տարածքում օժանդակում անտառի բնական վերաճին ցանկապատման միջոցով: Ընդհանուր անտառվերականգնման և անտառապատման միջոցառումներ կատարվել է 31.433 հեկտար տարածքում»,- իր ելույթում մասնավորապես ասաց Ռուբեն Պետրոսյանը:

 

Ըստ գլխավոր անտառապետի` անտառվերականգնման աշխատանքները  նվազել են 2009թ-ից սկսած՝ կապված համաշխարհային ճգնաժամի հետ: «Մինչև 2009 թվականը անտառվերականգնման և անտառապատման աշխատանքները և պետությունն է ֆինանսավորել բավականին լավ, և ճապոնական դրամաշնորհով է իրականացվել: 2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո միանգամից նվազեցին անտառվերականգնման աշխատանքների ծավալները, և հիմնականում տնկումներ իրականացվում էին միջազգային կազմակերպությունների` UNDP-ի, WWF-Հայաստանի, GIZ-ի աջակցությամբ, պետական բյուջեից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի միջոցով և որոշ չափով մեր սեփական եկամուտներով»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:

2009-2010թթ. WWF-ի ֆինանսավորմամբ իրականացվել են անտառապատման աշխատանքներ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, որոնց արդյունքների ուսումնասիրության ժամանակ պարզվեց, որ Հայաստանը, չնայած ավելի բարդ բնակլիմայական պայմաններին, համեմատած մյուս երկու երկրների, ծախսել է համեմատաբար ավելի քիչ գումար և ապահովել է անտառմշակույթների ամենաբարձր կպչողականությունը:

Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ բնակչությանն անտառտնտեսական սեզոնային աշխատանքներում ներգրավելու նպատակով ՀՀ կառավարությունը 27.06.2013թ. N684-Ն որոշմամբ հաստատել է «Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները», որի արդյունքում շուրջ 3 անգամ բարձրացել  է անտառտնտեսական աշխատանքների վարձատրության նորմանը` անտառվերականգնման աշխատանքների նորմատիվային վճարումները 2000 դրամից հասցնելով 5800 դրամի:

Ներկայացնելով անտառներում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքները` Ռուբեն Պետրոսյանը  նշեց, որ 2009-2014թթ. Հայաստանի անտառների 29128 հա տարածքում իրականացվել են ավիացիոն պայքարի աշխատանքներ:

 

Անտառային հրդեհների առումով առանձնացել են 2006, 2010, 2011 և 2012 թվականները:  Հայաստանի անտառները հրդեհներից ամենից շատ տուժել են 2010թ-ին, այրվել է 810.58 հա անտառային տարածք: Ընդհանուր 2004-2014թթ. ընթացքում այրվել է 2099.276 հա անտառ:

 

Ներկայացնելով ապօրինի հատումների դինամիկան` «Հայանտառ»-ի գլխավոր անտառապետն ասաց. «Ապօրինի հատումների տենդենցն անշեղորեն իջնում է: Եթե 2004թ-ին պաշտոնապես գրանցվել է 32766 ծառի հատում, ապա հաջորդ տարիներին, այդ ցուցանիշը նվազել է` 2014թ-ին կազմելով 1063: Ապօրինի հատումների նվազմանն օգնեց թափուկը գյուղացիներին անվճար տրամադրելը, գազաֆիկացումը»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:


Նա կլոր սեղանի մասնակիցներին ներկայացրեց www.globalforestwatch.org կայքում հրապարակված 2001-2013թթ. անտառների վիճակի վերլուծությունը, որի համաձայն` 13 տարվա ընթացքում Հայաստանը կորցրել է  1941 հեկտար անտառ, Վրաստանը՝ 8747 հեկտար, Ադրբեջանը` 6830 հեկտար: 2001-2013թթ. Հայաստանի անտառներն ավելացել են 1278 հեկտարով, Վրաստանինը` 4788 հեկտարով, իսկ Ադրբեջանի անտառները`865 հեկտարով:

«13 տարվա մեջ մեր կորուստը կազմում է 663 հեկտար, Վրաստանինը՝ 3959 հեկտար, Ադրբեջանինը՝ 5965 հեկտար»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:

 

Կլոր սեղանին մասնակցում էին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գյուլխասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արմեն Ղուրշուդյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, «Զիկատար» պետական արգելավայրի պետ, ՄԱԶԾ-ի «Հողերի և անտառների կայուն կառավարում Հայաստանի հյուսիս-արեւելյան լեռնային անտառներում» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Հարավային Կովկասի Անդրսահմանային համատեղ քարտուղարության հայաստանյան մասնաճյուղի ազգային համակարգող Արմեն Գեւորգյանը, WWF-Հայաստանի Անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի  Վարդանյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Հովիկ Սայադյանը, ԷկոԼուրի աշխատանքային թիմը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

13:17 Օգոստոս 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news