Նախատեսված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Փարիզում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովին

Նախատեսված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Փարիզում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովին

ԷկոԼուր

Նախատեսված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Փարիզում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովին: Համաժողովին մասնակցելու է մոտ 190 երկիր: Իրենց մասնակցությունը համաժողովին հաստատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի նախագահները: Ակնկալվում է, որ համաժողովի ընթացքում երկրները համաձայնության կգան ցածր ածխածնային տնտեսության շուրջ, որպեսզի դիմակայեն կլիմայի փոփոխությանը: Հայաստանը համաժողովին ներկայացնելու է արտանետումների կրճատմանն ուղղված սեփական պարտավորությունները կամ ազգային ներդրումները (INDC): 154 երկիր ջերմոցային գազերի արտանետումները մեղմելու համար INDC է մշակել: Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, ոչ բոլոր երկրներն են վերցրել սահմանափակող պարտավորություններ: Կան երկրներ, օրինակ Չինաստանը, որոնք վերցրել են լողացող պարտավորություններ: Սա է պատճառը, որ երկրների վերցրած պարտավորությունները բավարար չեն ջերմաստիճանի բարձրացման 2 աստիճան վտանգավոր շեմը պահելու համար, և որոշվել է, որ ամեն 5 տարին մեկ այդ պարտավորությունները պետք է վերանայվեն:

«Չինաստանում տեղի է ունեցել էքսպոնենտալ աճ 1990 թվականի նկատմամբ: Իրենք հիմա մոտ 40 տոկոսով ավելի շատ են արտանետում: Ջերմոցային գազերի արտանետումների առումով իրենք առաջին տեղում են: Չինաստանը մեծ պատրաստակամություն է ցուցաբերում, բայց իրենք չեն վերցրել այսպես ասած սահմանափակող շեմ: Դա կապված է և բնակչության աճի և տնտեսության արագ զարգացման հետ»,- ասաց Դիանա Հարությունյանը:

Անդրադառնալով Ռուսաստանին Դիանա Հարությունյանը նշեց. «Ռուսաստանը 1990 թվականի նկատմամբ 40 տոկոսով քիչ է արտանետում: Այժմ իրենց դիրքորոշումը բանակցային գործընթացում այն է, որ իրենք ապահովեն ավելի շատ արտանետումների հնարավորություն՝ հաշվի առնելով իրենց զարգացման 90 թվականի մակարդակը, ոչ թե այսօրվա մակարդակը»: Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարեց, որ մինչև 2030 թվականը Ռուսաստանը պլանավորում է սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 70-75 տոկոսով 1990 թվականի մակարդակի համեմատ:

ԱՄՆ-ի վերաբերյալ Դիանա Հարությունյանը նշեց, որ ԱՄՆ-ն վերցրել է պարտավորություններ, բայց իր տնտեսությանը համարժեք ֆինանսներ դեռևս չի տրամադրել:

Զարգացող երկրներին գլոբալ տաքացման դեմ պայքարում աջակցության նպատակով ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայական կանաչ հիմնադրամը, որտեղ աշխարհի պետությունների կառավարությունները պետք է 100 միլիարդ դոլարի չափով նվիրատվություն կատարեն: Դիանա Հարությունյանը նշեց, որ դեռևս հավաքագրվել է 10 միլիարդ դոլար:

16:36 Նոյեմբեր 06, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news