Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը Թեղուտի հանքավայրում ակնառու խախտումների, ապօրինի շահագործման և դատական գործընթացի մասին

Թեղուտի  պաշտպանության նախաձեռնությունը Թեղուտի հանքավայրում ակնառու խախտումների, ապօրինի շահագործման և դատական գործընթացի մասին

ԷկոԼուր

«Առաջիկայում Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման խնդիրը, որպես քաղաքական խնդիր, անընդհատ ներկայացվելու է ցանկացած քաղաքական գործընթացի ընթացքում»,- հայտարարեց «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը հուլիսի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամներ, «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը, Աննա Շահնազարյանը եւ փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեցին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի մոնիտորինգի արդյունքները:

Արթուր Գրիգորյանի խոսքով`  «Environmental Resources Management» ընկերությունը «Թեղուտ» ՓԲԸ-ի պատվերով կատարել է Թեղուտի նախագծի վերագնահատում: «Ընկերությունը վեր է հանել այն խնդիրները, որոնք կան այն նախագծում, որը հաստատվել է 2007 թվականին: Այնտեղ նշված է, որ այս պահի դրությամբ հանքավայրը շահագործվում է նոր՝ 2010 թվականին մշակված նախագծով, որը չի անցել օրենքով սահմանված թույլտվությունների ստացման գործընթացը:

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել. փոփոխվել է՝ սկսած կոնտուրներից, վերջացրած խորությամբ: Բազմաթիվ տեղեր մանրամասն վերլուծված է, որ ծրագիրը ենթադրում է  շարունակական զարգացում, որի արդյունքում խորությունը 2 անգամ մեծանալու է`  հասնելու է 890 մետրի նախատեսված 432 մետրի փոխարեն: Այս խորությունը ավելի ցածր է, քան ծովի մակարդակը», - հայտնեց Արթուր Գրիգորյանը:

«Բազմաթիվ դիմումներ, պահանջներ են եղել բնապահպանության նախարարությանը, որպեսզի իրականացվեն ստուգումներ Թեղուտի հանքավայրում: Ստուգումները չէին իրականացվում: Մենք ստիպված դիմեցինք դատարան, և առաջին անգամն էր այս տարի, երբ դատարանները Թեղուտի վերաբերյալ հայցադիմումը ընդունեցին քննության:  Սա արդեն զգալի քայլ էր: Երկրորդ ուրախալի լուրը այն էր, որ դատական քննության ընթացքում դատարանի շատ հստակ դիրքորոշումների հետևանքով բնապահպանության նախարարությունը գնաց ընդառաջ և որոշում կայացվեց, որ Թեղուտի հանքավայրում իրականացվելու են ստուգումներ»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ դատարանը գործի քննությունը հետաձգել է մինչև 2015թ-ի սեպտեմբեր՝ հնարավորություն տալով բնապահպանության նախարարությանը, որպեսզի ինքը շտկի իր թույլ տված սխալները:

«Բնապահպանության նախարարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին տվել էր դրական եզրակացություն միայն 8 տարվա համար: Այդ 8 տարին լրանում է 2014 թվականին: Այս պահի դրությամբ ընկերությունը չունի բնապահպանական իմաստով փաստաթուղթ, թույլտվություն, որ ինքը կարող է շարունակել իր գործունեությունը: Սա ամենամեծ խնդիրներից մեկն է, որը մենք վիճարկում ենք», - ասաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը:

Նա ներկայացրեց  2008 և 2013 թթ. նկարահանված արբանյակային  պատկերների և «Թեղուտ» ՓԲԸ-ի կայքում տեղադրված ու կառավարության կողմից հաստատված աշխատանքային նախագծի տոպոգրաֆիական քարտեզի համեմատության արդյունքում կատարված բացահայտումները:

Համաձայն դրանց` 2013թ. դրությամբ արդյունահանման տեղամասում կատարված լեռնահանքային աշխատանքները դուրս են աշխատանքային նախագծով նախնական փուլի համար նախատեսված տարածքի շրջանակներից, և ներառում են երկրորդ փուլի համար նախատեսված տարածքները։ «Լիցենզիան տրված է 25 տարով, բայց  անտառահատումն իրականացրել են ամբողջովին, ոչ թե 25 տարվա ընթացքում, փուլ առ փուլ, այն ինչ բնապահպանության նախարարության կողմից ՇՄԱԳ-ի մեջ հստակ պահանջ էր դրված՝ անտառհատումն իրականացնել լեռնահանքային աշխատանքների փուլերին համապատասխան», - ասաց Աննա Շահնազարյանը և հավելեց, որ 1-ին փուլի համար նախատեսված լցակույտերից մեկի համար նախատեսված տարածքում կատարվել է հավելյալ 40 հա անտառհատում:  

«2001-2013 թթ-ի ընթացքում անտառածածկույթը կրճատվել է շուրջ 255 հեկտարով:  Իրենց նախագծով դեռևս անտառապատ շատ տարածքներ կան, որ իրենք պետք է հատեն: Եթե մենք գումարում ենք այն, ինչ արդեն անտառահատվել է և այն, ինչը դեռ պետք է անտառահատվի, ստանում ենք 530 հեկտար անտառահատված տարածք, որը բոլորովին այն տարածքը չէ, որի թույլտվությունը ուներ ընկերությունը:  Բնապահպանության նախարարության դրական եզրակացությամբ թույլ է տրվել միայն 357 հեկտարի անտառի հատում», - նշեց Աննա Շահնազարյանը:

Նա ընդգծեց, որ աշխատանքային նախագծով նախատեսված ենթակառուցվածքների տեղադիրքը, չափսերը չեն համապատասխանում իրականությանը. «Ընկերությունը փոխել է նախագծում նշված տեղադրման, չափերի, քանակության իր պլանները: Նույնը վերաբերում է  ճանապարհային ցանցին: Այսինքն, ներկայիս իրադրությունը չի համապատասխանում նախագծին»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



18:53 Հուլիս 15, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news