ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վիկտոր Թութելյանը կողմ է ալյուրի հարստացմանը

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վիկտոր Թութելյանը կողմ է ալյուրի հարստացմանը

ԷկոԼուր 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հուլիսի 3-ին տեղի ունեցավ քննարկում` սննդի մեջ հավելումների եւ առողջության վրա դրանց ազդեցության մասին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, բժշկագիտական հասարակության ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Այս թեմային նվիրված գիտական զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Վիկտոր Թութելյանը: Զեկույցում ներկայացված էին տվյալներ բնակչության առողջության վրա վիտամինային կոմպլեքսների հավելումների ազդեցության մասին, ինչպես նաեւ այս հարցը կարգավորող Ռուսաստանի Դաշնության օրենսդրական փաստաթղթերը:   Զեկուցողը նշեց, որ հավելումների օգտագործումը բացասական հետեւանք չունի, իսկ դրական ազդեցությունն անվիճելի է, քանի որ  21-րդ դարում սննդամթերքի մեջ էական փոփոխություն է տեղի ունեցել, եւ բնական ծագման  մթերքներն ավելի քիչ տեղ են զբաղեցնում: «Հավելումների նպատակն է լրացնել սննդամթերքներում այն վիտամինների եւ միներալային կոմպլեքսների բացակայությունը, որպեսզի օրգանիզմը ստանա իրեն անհրաժեշտ նյութեր եւ չկորցնի իր սեփական ադապտացիոն հնարավորությունները»,- ասաց Թութելյանը: Հատուկ ուշադրություն նա դարձրեց ալյուրի հարստացմանը եւ վստահություն հայտնեց, որ Հայաստանը Եվրասիական Միության շրջանակներում հնարավորություն կունենա օգտվել մշակված  փաստաթղթերից եւ գիտական հետազոտությունների տվյալներից:

Նրա հետ չհամաձայնվեցին հասարակայնության ներկայացուցիչները, ովքեր դեմ են ալյուրի հարստացմանը: Նրանք բարձրաձայնեցին հետեւյալ խնդիրները` հետազոտությունների անբավարություն եւ այն գիտական արդյունքների անտեսում, որոնցում նկարագրված է սննդային հավելումների` մասնավորապես ֆոլաթթվի բացասական ազդեցությունն առողջության վրա: Նաեւ ասվեց, որ Հայաստանի բնակչությունն օգտագործում է բնական, վիտամիններով հարուստ սննդամթերք եւ այդ պատճառով կարիք չունի հավելումների, որոնց ազդեցությունը բավականաչափ հետազոտված չէ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ պատրաստ է իր վրա վերցնել ալյուրի հարստացման որոշման ողջ պատասխանատվությունը: Նա նշեց, որ Հայաստանում նման ուսումնասիրություններ անցկացվել են դեռ խորհրդային ժամանակաշրջանում, եւ արդյունքում ալյուրը հարստացվել է մինչեւ 1991 թվականը. «Այսօր հարստացման ծրագրին միացել է 83 երկիր, եւ ես չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է կրկին ուսումնասիրենք այն, ինչն ուսումնասիրված է»: Նախարարը հավաստիացրեց, որ Հայաստանում հարստացված ալյուրը օգտագործում են առ այսօր պատրաստի մթերքների տեսքով, օրինակ, մակարոնեղենը: Նրա կարծիքով` խնդիրը շատ քաղաքականացված է, քանի որ պարտադիր հարստացումը նախատեսվում է միայն այն ալրաղացի համար, որի արտադրությունը գերազանցում է օրական 30 տոննան:

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց զեկուցող Վիկտոր Թութելյանին եւ քննարկման բոլոր մասնակիցներին եւ նշեց, որ որոշման հիմքում պետք է դրվեն միայն գիտական արդյունքները, այլ ոչ էմոցիաները:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

14:45 Հուլիս 28, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news