ՀՀ բնապահպանության նախարարը գերմանացի գործընկերների հետ քննարկել է Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգի եւ Կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցեր

ՀՀ բնապահպանության նախարարը գերմանացի գործընկերների հետ քննարկել է Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգի եւ Կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցեր

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Աշխատանքային այցի շրջանակներում  պատվիրակությունը հանդիպում է ունեցել  ԳԴՀ շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Բարբարա Հենդրիքսի և նախարարության ներկայացուցիչների հետ:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով ՀՀ - ԳԴՀ համագործակցությունը բնապահպանության ոլորտում, հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր ծրագրերի մեկնարկ կդառնա:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները  և հեռանկարները՝ մասնավորապես անդրադառնալով Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման և Կլիմայի փոփոխության ոլորտում ծրագրերի իրականացման հեռանկարներին:

Հանդիպման ավարտին նախարար Հենդրիքսը քննարկված հարցերի շուրջ Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գերատեսչությունների միջև համագործակցությունն առավել ակտիվացնելու և նոր մակարդակի հասցնելու վերաբերյալ:

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված խորհրդարանական երեկո, որին մասնակցել են ԳԴՀ խորհրդարանի, համապատասխան գերատեսչությունների, Գերմանիայում ՀՀ դեսպանության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երեկոյի ընթացքում ողջունելով Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ և Գերմանիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված   միջոցառման բոլոր մասնակիցներին՝ նախարար Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է.  «Շրջակա միջավայրի պահպանության ոլորտը յուրաքանչյուր պետության և լայն հասարակայնության ուշադրության կենտրոնում է: Երկրագնդի ցանկացած բնակիչ պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերի շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ: Այս ոլորտում կարևորագույն դեր ունի պետությունների կողմից որդեգրված բնապահպանական անվտանգության քաղաքականությունը և պետությունների միջև համագործակցությունը: Դեռևս 2000 թվականից ՀՀ բնապահպանության նախարարությունը արդյունավետ համագործակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ և ընդգրկված է Գերմանիայի  Կառավարության «Կովկասյան նախաձեռնության» գործընթացում: Նախարարությունը մասնակցում է Գերմանիայի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերում և նախաձեռնություններում:

Գերմանիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվել և ներկայում էլ  իրականացվում են մի շարք խոշոր բնապահպանական ծրագրեր: Եվս մեկ անգամ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության անունից արդյունավետ և շարունակական համագործակցության համար երախտագիտությունս հայտնել Գերմանիայի բնության պահպանության միությանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարությանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը և Գերմանական զարգացման  բանկին»:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը ԳԴՀ շարունակվում է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

13:14 Սեպտեմբեր 09, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news