Մասնագետ` արևային էներգիայի զարգացման համար երկրագնդի ամենալավ վայրը Հայաստանն է

Մասնագետ` արևային էներգիայի զարգացման համար երկրագնդի ամենալավ վայրը Հայաստանն է

ԷկոԼուր                   

Արևային էներգիայի զարգացման համար երկրագնդի ամենալավ վայրը Հայաստանն է:  Այս կարծիքին է արևային էներգետիկայի ոլորտում միջազգային հեղինակություն համարվող, արդյունաբերական մասշտաբի բազմաթիվ արևային կայանների նախագծերի հեղինակ, ինժեներ-խորհրդատու, ամերիկահայ դոկտոր Փիթեր Գևորկյանը: «Այստեղ մեկ քառակուսի մետրի վրա արևային էներգիան շատ ավելի բարձր է, քան այլ երկրներում: Դա կապ ունի Հայաստանի տեղադիրքի հետ: Հայաստանը շատ բարձր է, և սա շատ կարևոր է էներգիա արտադրելու համար»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Փիթեր Գևորկյանը:

Փիթեր Գևորկյանի նախագծերով արդյունաբերական մասշտաբի արևային կայաններ են կառուցվել ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում և այլ երկրներում: Նա ժամանել է Հայաստան` ոլորտի մասնագետների հետ կիսվելու իր փորձով:  Խորեն և Շուշանիկ Ավետիսեաններ կրթահամալիրում դոկտոր Գևորկյանը հանդիպեց ոլորտին առնչվող պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների, փորձագետների և շահագրգիռ այլ անձանց հետ, ներկայացրեց տարբեր երկրներում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների ներդրման միջազգային փորձը: Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:

Փիթեր Գևորկյանը պատրաստվում է Հայաստանի համալսարաններում ներդնել արևային էներգիայի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրեր: «Այստեղ բացակայում է ճարտարապետական փորձը: Հարկավոր է պատրաստել նոր մասնագետներ, ինժեներներ, ովքեր կզարգացնեն այդ տեխնոլոգիան,- ասաց Փիթեր Գևորկյանը եւ հավելեց,- Հայաստանը նոր քայլեր է անում արևային էներգիան զարգացնելու ուղղությամբ: Սևանում ցանկանում են կառուցել 10 մեգավատանոց արևային ֆոտովոլտային կայան, և ես պատրաստ է ամեն կերպ օգնել, որպեսզի այն լինի ամենաառաջադեմը»: Ըստ նրա` արևային էներգիան ամենակայունն է, այն տնտեսապես շահավետ է: Դոկտոր Գևորկյանը վստահ է, որ տեխնոլոգիաների զարգացման արդյունքում մարդկության համար էներգիայի հիմնական աղբյուրը կարող է դառնալ արևը:

18:24 Հոկտեմբեր 19, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news