«Մենք ապահովել ենք ՓՀԷԿ-երի քանակական զարգացումը, հիմա պետք է նաև որակականն ապահովենք». Հայկ Հարությունյան

«Մենք ապահովել ենք ՓՀԷԿ-երի քանակական զարգացումը, հիմա պետք է նաև որակականն ապահովենք». Հայկ Հարությունյան

ԷկոԼուր

«Մենք ապահովել ենք ՓՀԷԿ-երի քանակական զարգացումը, հիմա պետք է նաև որակականն ապահովենք: Երբ խոսք է գնում այս ոլորտի կայուն զարգացման մասին, պետք է հաշվի առնենք թե՛ էկոլոգիական, թե՛ տնտեսական հարցերը»,- այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հենրիխ Բելի անվան հիմնադրամի (Գերմանիա) կողմից կազմակերպված «Կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում. իրականություն, թե պատրանք» քննարկման ժամանակ:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ ՓՀԷԿ-երի տնտեսական շահավետությունն այնպիսին չէ, ինչպիսին  ներկայացվում է.«Իրականում ՓՀԷԿ-երի մեծ մասը հիմա ճգնաժամի մեջ է: Դա հիմնականում իրենց մեղքն է, որովհետև երբ էներգետիկայի նախարարությունը ՓՀԷԿ-երի զարգացման համար համապատասխան  օրենսդրական կարգավորումներով շատ լավ դաշտ ստեղծեց, այդ ամենը գործնականում իրականացնող  նույն ՀԷԿ-երի տերերը տարբեր մեխանիզմներով փորձում էին ավելի մեծ թիվ գրել իրենց ջրային թույլտվություններում՝ չհասկանալով, որ ինչ թիվ էլ գրեն, միևնույն է, այդքան ջուր չկա, դնում էին անորակ սարքավորումներ՝ չմտածելով, որ 2-3 տարի հետո դրանք շարքից դուրս են գալու»:

Հայկ  Հարությունյանը  հայտնեց, որ իրենք ունեն ներդրման  փուլում գտնվող 60 ստանդարտ միայն փոքր հէկ-երի տեխնիկական վիճակի մասին: Նա նաև  ընդունեց, որ այս ոլորում խնդիրներ ունենք, որովհետև սա դեռևս զարգացող ոլորտ է. «Մենք պետք է  հասկանանք՝ գազից արտադրել էլեկտրաէներգիա, թե ՓՀԷԿ-երից, որն է միջավայրի համար ավելի քիչ վնասակար: Էներգետիկայի նախարարությունը միշտ էլ ասել է, որ պետք է խստացնել տեսչական ստուգումները: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմում է, և  ցանկացած տեխնիկական փոփոխություն պետք է արվի ամբողջ ԵՏՄ-ի համար: Մենք առաջատար ենք  ՓՀԷԿ-երի ոլորտում, և մեր խոսքը որոշիչ է»,- եզրափակեց փոխնախարարը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



16:45 Մարտ 03, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news