Կոչ հանրությանը՝ մասնակցեք «Մոլորակի ժամ» արշավին և ձեր ներդրումն ունեցեք կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործում

Կոչ հանրությանը՝ մասնակցեք «Մոլորակի ժամ» արշավին և ձեր ներդրումն ունեցեք կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործում

ԷկոԼուր

Մասնակցեք «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական արշավին և ձեր ներդրումն ունեցեք կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գործում: Նման կոչով այսօր հանդես եկան «Մոլորակի ժամ 2016» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի բանախոսները:

«Մոլորակի ժամ» ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Արդեն 8-րդ տարին Հայաստանում նույնպես անցկացվում է  «Մոլորակի ժամ» ակցիան: Այս տարի այն տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 20:30-ից 21:30-ը:

WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց, որ ակցիայի հիմնական նպատակը մարդկանց իրազեկման բարձրացումն է: «Կարևոր է, որ Հայաստանում էլ յուրաքանչյուր քաղաքացի մտածի իր բնապահպանական հետքի մասին, չօգտագործի շատ էներգիա, օգտագործի այն ժամանակ, երբ իրեն անհրաժեշտ է, մեքենաներից քիչ օգտվի և այլն», - ասաց Կարեն Մանվելյանը և նշեց, որ բացի այս ակցիայից WWF-Հայաստանի կողմից իրականացվում են նաև այլ միջոցառումներ՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացմանը: «Մենք իրականացրել ենք ծրագիր՝ սոճուտ անտառների ձևափոխումը կամ մոդիֆիկացիան դեպի ավելի լայնատերև անտառների, քանի որ դրանք ավելի դիմացկուն են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Իրականացնում ենք բնապահպանության նախարարության հետ մի շարք ծրագրեր՝ ուղղված հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանը կամ հզորացմանը, որոնք հիմնականում գտնվում են անտառային գոտիներում: Անտառն ամենակարևոր էկոհամակարգն է կլիմայի ազդեցության մեղմացման առումով, քանի որ անտառները կլանում են CO2 և նվազեցնում կլիմայի փոփոխության ազդեցությունը», - նշեց WWF-Հայաստանի տնօրենը:

Կլիմայի փոփոխությունը Հայաստանում առաջին հերթին ամենաաղետալի հետևանքներն ունի բնապահպանության վրա, հետո գյուղատնտեսության, իսկ հետո էներգետիկայի, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կլիմայի փոփոխության հարցում ունի իր պայքարելու միջոցները: «Մեր էներգետիկ ռազմավարության երկու անկյունաքարերը վերականգնվող էներգետիկան և էներգախնայողությունն են: Մենք նպատակ ունենք ռեալիզացնել տնտեսապես շահավետ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի պոտնեցիալը: Շատ ոլորտներում հաջողություններ ունենք, որոշ ոլորտներում մեծ առաջընթացներ չենք կարողացել գրանցել, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք: Օրինակ, այս տարի արդեն մեր արևային ծրագիրը սկսվել է, և հաջող ավարտից հետո մենք մոտակա երեք տարիների ընթացքում կկառուցենք մինչև 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ: Բազմաթիվ ներդրողների հետ բանակցություններ են ընթանում քամու մեծ կայաններ կառուցելու ուղղությամբ: Այս տարի նաև ընդունվելու է էներգախնայողության երկրորդ եռամյա ծրագիրը, որի շրջանականերում, նախնական գնահատականով, հնարավոր կլինի մինչև 2020 թվականն առաջնային էներգիայի սպառման 30 տոկոսը խնայել», - հայտնեց Հայկ Հարությունյանը: Փոխնախարարը նշեց, որ եթե վերականգնվող էներգետիկան ավելի շատ հնարավոր է զարգացնել ներդրողների միջոցով, ապա էներգախնայողություն հնարավոր է իրականացնել միայն հանրության մասնակցության շնորհիվ: «Հորդորում եմ բոլորիդ մասնակցել «Մոլորակի ժամ» ակցիային, հետևել էներգախնայղության տենդենցներին, և ձեր տանը սկսեք ձեզանից իրականացնել էներգախնայողության միջոցառումներ», - կոչ արեց փոխնախարար Հայկ Հարությունյանը:

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը հայտնեց, որ 2015 թվականն ամենաշոգ տարին էր բոլոր գրանցված տարիների ընթացքում, իսկ փետրվար ամիսը, պատմական բոլոր տվյալների համաձայն, ամենաշոգ փետրվարն է եղել: «Գլոբալ տաքացման վտանգը կա, և 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի համաժողովում բոլոր երկրները միացան կլիմայի փոփոխության մասին նոր համաձայնագրին՝ վերցնելով պարտավորություն, որ գլոբալ ջերմաստիճանը չպետք է գերազանցի 2 աստիճանը, բայց պետք է ձգտել, որ չգերազանցի 1.5 աստիճանը, որովհետև դա է վտանգավոր շեմը», - ասաց Դիանա Հարությունյանը և հավելեց, որ Հայաստանում ջերմաստիճանի բարձրացումը միջին համամոլորակայինից ավելի բարձր է 1.1 աստիճանով:  «Բոլոր այս եղանակային վտանգավոր երևույթները՝ վաղ գարունը, ցրտահարությունը, կարկուտները, ձնհալքի արագ հոսքը, որը բերում է ինչպես ջրային ռեսուրսների խոցելիությանը, նաև խոցելի է  դարձնում մեր հիդրոէներգետիկ ռեսուրսների օգտագործման հնարավորությունները: Այսինքն, մենք և ազդում ենք կլիմայի փփոխության վրա, և վնասվում ենք կլիմայի փոփոխությունից», - ասաց Դիանա Հարությունյանը և շեշտեց, որ ճիշտ ճանապարհը խնայողաբար օգտագործել ռեսուրսները և կիրառել արդյունավետ տեխնոլոգիաներ:

Բնապահպանական խնդիրներն այսօր համամարդկային խոշոր հիմնահարց են,  և դրանց լուծումն առանց բոլորի ջանքերի մեկտեղման անհնար է, ասաց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը: «Հասարակության մոտ պետք է գերակայի բնապահպանական մշակույթը, բնապահպանական գիտակցությունը, բնապահպանական աշխարհայացքը, ինչին էլ ուղղված է այս իրազեկման ակցիան», - նշեց Արմեն Վարդանյանը:

«Մոլորակի ժամ» ակցիայի ժամանակ Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան անցկացնելու է հեծանվային երթ: Ֆեդերացիայի փոխնախագահ  Էրիկ Անթառանյանը հայտնեց, որ հեծանվային երթին մասնակցելու ցանկություն են հայտնել շատ դեսպաններ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ  Աշոտ Հովակիմյանը և Կարեն Նազարյանը և այլ պաշտոնատար անձիք: Հեծանվային երթ ակցիայի լոզունգն է «Մեկ մեքենայով ավելի պակաս»: Իսկ «Տապան» էկո ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Շամամ Գևորգյանը հայտնեց, որ 55 դպրոցներ ևս կմասնակցեն ակցիային:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

15:58 Մարտ 18, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news